Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

13 հուն 2016 15:00

Ինչ դեր են ունեցել երազները աշխարհահռչակ մարդկանց կյանքում

Մարդկության կյանքում կան երևույթներ, որոնց նկատմամբ հետաքրքրությունը երբեք չի անհետանում: Այդպիսին են նաև երազները:  Հնուց ի վեր գոյություն են ունեցել տարբեր տեսակետներ երազների վերաբերյալ: Օրինակ այն, որ երազներն իրենց ծագմամբ աստվածային են կամ, հակառակ տեսակետը, որ երազները սատանայի ձեռքի գործն են: Երկու դեպքում էլ երազները դիտարկվում էին գերբնական ծագման տեսանկյունից: Գիտության զարգացման հետ հայտնվեցին աշխատանքներ, որտեղ երազները համարում են ոչ գերբնական, այլ հոգու ներքին աշխատանքի արդյունք: Զ.Ֆրոյդը նպատակ դրեց ցույց տալ, որ երազները հասու են մեկնաբանության: Վերլուծելով իր սեփական, ինչպես նաև առողջ և հիվանդ մարդկանց մեծաթիվ երազներ, նա հանգեց մի շարք եզրակացությունների, որոնք լրիվ կամ մասամբ ընդունվում են ժամանակակից հետազոտողների կողմից: Օրինակ, ըստ նրա, երազների առաջացման հիմնական հոգեբանական դրդապատճառը մարդու այն ցանկությունների երևակայական իրագործումն է, որոնք իրական կյանքում մնացել են չբավարարված: Զ.Ֆրոյդը նաև գրում էր, որ երազը քնի պահապանն է, այլ ոչ թե քունը խանգարողը: Արտաքին և ներքին տարբեր գրգռիչներ ներգրավվում են  ընթացիկ երազների բովանդակությունների մեջ կամ նոր երազներ են հարուցում, և մարդը մնում է քնած: Օրինակ, երբ մարդը ծարավ է և երազում ջուր է խմում, ապա դրանով իսկ նա որոշ հոգեկան բավարարություն, փոխհատուցում է ստանում և շարունակում է քունը:

Որոշ վիճակագրական տվյալներ վկայում են, որ երազներում գերակշռում են բացասական, տհաճ հույզերը: Որոշ հեղինակներ կարևորում են երազի վերլուծության իմացական նշանակությունը. նրանում արտահայտվում են երազ տեսնողի այնպիսի հոգեկան գծեր ու ցանկություններ, որոնք կամ չեն գիտակցվում նրա կողմից, կամ եթե անգամ գիտակցվում են, խնամքով թաքցվում են ուրիշներից:  Հետաքրքրական է նաև Ա.Շոպենհաուերի այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ իր երազներում գործում է իր բնավորությանը լիովին համապատասխան: 

Անշուշտ, մեծ հետաքրքրություն է ներկայացնում կանանց և տղամարդկանց երազների տարբերությունների պարզաբանումը: Ըստ Կ.Հոլլի, տղամարդիկ իրենց երազներում ավելի հաճախ տղամարդկանց են տեսնում, քան կանանց, իսկ կանայք հավասարապես են տեսնում և տղամարդկանց, և կանանց: Կանայք երազներում մոտ երկու անգամ ավելի շատ են երեխաներ տեսնում, քան տղամարդիկ: Նաև այն, որ կանանց երազներում հաճախ կրկնվող թեմաներից են ամուսնության, խանդի, ընկերուհիների հետ ունեցած հարաբերությունների թեմաները: 

Բազմաթիվ գրողներ տվյալներ են թողել այն մասին, որ իրենց ստեղծագործական պրոցեսում ժամանակ առ ժամանակ որոշակի դեր են խաղացել երազները: Օրինակ, Ա.Պուշկինն իր ստեղծագործությունների մի շարք հատվածներ ստեղծել է երազներում:  "Բանաստեղծությունները Պուշկինի առջև հայտնվում էին երազային անուրջների նման և նա գիշերները հաճախ վեր էր թռչում անկողնուց և մթության մեջ գրի էր առնում դրանք”, - գրել է բժիշկ Ս.Յուգեֆովիչը: Նկարիչ Գոյան, ըստ նրա կենսագիրների, իր շատ մտահաղացումներ և ապագա գործերի պատկերներ ստացել է երազներում: Եվ կարելի է այսպես շարունակ նշել մի շարք աշխարհահռչակ մարդկանց անուններ, ինչն էլ վկայում է այն մասին, որ գեղարվեստական ստեղծագործության տարբեր ձևերն ու դրանց հոգեբանական մեխանիզմները խորապես կապված են երազների հետ: 
Այսպիսով, քնած ժամանակ հոգեկան կյանքը շարունակվում է և պակաս կարևոր չէ, քան արթնությունը: 
 
Հ.Գ.Թ. Սոնա Հարությունյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր