Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

04 հուլ 2016 21:17

Մշտապես ոտնահարվում է Սահմանադրության 3-րդ հոդվածը. Հարցազրույց Վարդան Այվազյանի հետ

ՀՀ Սահմանադրության ընդունումը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին: Այն  Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը: Սահմանադրությունը նաև արժեքաբանական, գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։ Սահմանադրության հիմնական առաքելության, իրավունքի պաշտպանության հարցերի շուրջ hayacq.com-ը զրուցեց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավագիտության թեկնածու Վարդան Այվազյանի հետ:

–Պարոն Այվազյան, ո՞րն է սահմանադրության հիմնական առաքելությունը:       
-Սահմմանադրության առաքելությունը հասկանալու համար պետք է դիտարկենք հետևյալ աստիճանակարգը՝ Աստված ստեղծեց մարդուն. Մարդը ստեղծեց հասարակություն.  Հասարակությունը ստեղծեց պետություն. Պետությունը ստեղծեց իշխանություն, որը ծառայի մարդուն և հասարակությանը: Սահմանադրության առաքելությունը այս շղթայի տրամաբանական իրավական ամրագրումն է, որի նպատակն է աապահովել մարդու կյանքի, ազատության և երջանկության իրավունքը: Եթե այս շղթան գործում է, ապա Սահմանադրությունը կատարում է իր առաքելությունը: 

-Այսօրվա Սահմանադրությունը որքանո՞վ է համապատասխանում հասարակության պահանջներին:
-Իհարկե, Սահմանադրությունը պետք է համապատասխանի հասարակության պահանջներին, սակայն ավելի ճիշտ է, հասարակության կյանքը կարգավորել սահմանադրության պահանջներով: Խդիրն այն է, որ հասարակության մեջ միշտ էլ լինում են սոցիալական խավեր, որոնք տարբերվում են իրենց տնտեսական շահերով, արժեհամակարգով, իրավամտածողությամբ, դաստիարակվածությամաբ, երջանկության ընկալմամբ և այլն: Բնականաբար Սահմանադրությունը պետք է դրանց համար ապահովի ունիվերսում՝ ամրագրի այնպիսի հասարակության և պետականության մոդել, որը կկարողանա վերոնշյալ ոլորտներում ապահովել ներդաշնակություն և բացառել հակամարտությունները: Սակայն այդ ներդաշնակության ապահովումը պետք է խարսխվի բարոյականության և առաքինության վրա, որոնք Աստվածային ծագում ունեն: Դրա համար էլ Սահմանադրության որպես նախատիպ կարելի է համարել Աստվաշունչը: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է «Սահմանադրություն» ֆենոմենի ամբողջ բարդությունն ու խորությունը:

-ՀՀ երրորդ հանրապետության անկախությունից հետո կարծես տաս տարին մեկ ձեռնամուխ ենք լինում սահմանադրական փոփոխությունների: 2005թ-ի սահմանադրական բարեփոխումներն արդյո՞ք չարդարացրեցին սպասումները:
-Ինչպես արդեն նշեցի, սահմանադրությունը կոչված է ամրագրելու հասրակության և պետականության համակարգը: Ընդ որում, նկատի ունեցեք, որ պետության էությունը միանշանակ է և չի կարող տարաբնույթ մեկնաբանությունների առարկա լինել: Եթե նախորդ սահմանադրություններն իրենց չեն արդարացրել, ապա ենթադրվում է, որ դրանցում պետականության էությունը ճիշտ չի արտացոլվել, ուստի չի ապահովվել հասարակության կյանքի, ազատության և երջանկության իրավունքը: Մյուս կողմից,  կյանքը ցույց է տալիս, որ նախորդ սահմանադրություններն անշեղորեն կյանքի չեն կոչվել, որպեսզի արդյունքում դուրս հանվեին սխալներն ու բացթողումները: Այս առումով նոր Սահմանադրությունը կյանքի կոչելու կտրվածքով մեր երկրի ինչպես իշխանությունը, այնպես էլ հասարակությունը կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ: 

-Մարդու իրավունքի պաշտպանության տեսանկյունից այսօր որքանո՞վ է գործում Սահմանադրությունը:
Նման ախտորոշում կատարելը բավականին դժվար է, քանզի միայն մարդու իրավունքներին նվիրված սահմանադրական դրույթների խախտմամբ չէ, որ փաստարկվում է մարդու իրավունքների ոտնահարում: Սահմանադրության ցանկացած նորմի, ավելին ասեմ` տառի խախտումը անմիջականորեն հանգեցնում է մարդու իրավունքների ոտնահարմանը: Շատ հնարավոր է Սահմանադրության մեջ իդեալական կերպով ամրագրել մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, սակայն պետության կամ տնտեսական համակարգի ոչ համարժեք մոդելի ընտրության հետևանքով ոտնահարվեն մարդու իրավունքներն ու ազատությունները: Ամենավառ օրինակը` սահմանադրության մեջ հարստության կուտակման նկատմամբ մշտադիտարկման մեխանիզմների բացակայության պարագայում մեր հասարակությունը սոցիալական առումով ծայրահեղ բևեռացված է, այսինքն օլիգարխիայի ինստիտուտի առաջացումը կարծես թե չի հակասում սահմանադրությանը: Մարդու իրավունքների՝ ավելի լուրջ ոտնահարում պատկերացնելն անհնար է: 

-Որքանո՞վ են կատարված փոփոխությունները ապահովում դատական համակարգի անկախությունը։
Կատարված փոփոխությունները դատական համակարգի անկախության առումով անհամեմատ առաջընթաց են նախորդ սահմանադրությունների համեմատությամբ: Սակայն միամտություն է այդ հարցում միայն ապավինել սահմանադրական լուծումներին: Անհրաժեշտ է բարձրացնել պետական իշխանության իրավամտածողության մակարդակը: Օրինակ, Ֆրանսիայի գործող սահմանադրությամբ դատական իշխանության անկախության երաշխավորը Նախագահն է (իսկ ով է երաշխավորում անկախությունը Նախագահից), իսկ մեր երկրի հիմնական օրենքով` Սահմանադրությունը և օրենքները: Սակայն չենք կարող փաստել, որ մեր դատական իշխաությունն ավելի անկախ է, քան Ֆրանսիայինը: 

-Ամենից հաճախ ՀՀ Սահմանադրության, ո՞ր դրույթն է խախտվում:
Ինչպես արդեն նշեցի, իրավունքը (սահմանադրությունը), հասարակությունը, պետությունը կոչված են ծառայելու մարդուն: Այդ է պատճառը, որ սահմանադրությամբ հռչակվում է, որ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է» (հոդվ.  3): Ելնելով մեր հասրակության առկա վիճակից, կարծում եմ, որ ոչ թե ամենից հաճախ, այլ գրեթե մշտապես ոտնահարվում է հենց Սահմանադրության 3-րդ հոդվածը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր