Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին    

05 հուլ 2016 11:04

Սահմանադրության փոփոխությունները թելադրված չեն միայն գործող Սահմանադրության թերացումներով. Հարցազրույց Գևորգ Դանիելյանի հետ

Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր: 1995թ.-ի այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը՝ երկրի հիմնական օրենքը: 
ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի մայր օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը, ինչպես նաև միջազգային պայմանագրերը: Սահմանադրության կարևորության և նախատիպերի շուրջ զրուցեցինք Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանի հետ:
-Պարոն Դանիելյան, ո՞րն է Սահմանադրության հիմնական առաքելությունը: Ի՞նչ է այն տալիս երկրին, քաղաքացուն և ընդհանրապես պետությանը:
-Գուցե մեր օրերում այդ հարցը հռետորական հնչի, սակայն ինքս խիստ կարևորում եմ այն և անչափ բավարարված կլինեի, որ յուրաքանչյուր հայ Սահմանադրությունն ընկալի ոչ միայն իբրև իր իրավունքների ու ազատությունների ժողովածու, այլ վստահ լինի, որ Սահմանադրությունը հենց Մարդուն է ճանաչում բարձրագույն արժեք, պարտավորեցնում է հանրային իշխանությանը սահմանափակվել մարդու հիմնարար իրավունքներով ու ազատություններով, ամրագրում է ժողովրդաիշխանության իրատեսական հիմնադրույթներ և երաշխավորում է դրանց կենսագործումը: Հասկանալի է, որ այսպիսի պատկերացումներ ինքնըստինքյան չեն ձևավորվում՝ անհրաժեշտ է, որպեսզի և իշխանության մարմինները և յուրաքանչյուր քաղաքացի մտածեն ու ղեկավարվեն նույն շահերով:  
-Մենք Սահմանադրության նախատիպեր ունեցել ենք պետականության բացակայության պայմաններում: 18-րդ դարի վերջին ստեղծված «Որոգայթ Փառաց»-ի գլխավոր նպատակը Հայ պետականության վերականգնումն էր: Այսօր ունենք պետականություն, ինչքանո՞վ է գործուն Սահմանադրությունը:
-Սահմանադրության նախատիպերը, ցավոք, չեն ունեցել նկատելի կիրառական նշանակություն, դրանց վերաբերյալ իրազեկվածությունը միայն վերջին շրջանում է փոքր ի շատե ձևավորվել, նախկինում անգամ իրավագետների նեղ շրջանակը ծանոթ չի եղել դրանց: Ուստի, երբ խոսում ենք այդ հիրավի արժեքավոր իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի մասին, ապա պետք է նկատի ունենանք, որ դրանք ոչ թե դասական իմաստով ունեցել են «Սահմանադրության նախատիպի» նշանակություն, այլ պարզապես կարևոր տեսական աղբյուր են ներկայիս սահմանադրականության կայացման բարդ ճանապարհին:
Պետականությունը, ինչ խոսք, կարևոր նախապայման է՝ Սահմանադրություն և սահմանադրականություն ունենալու համար, սակայն մեր խնդիրը հենց Սահմանադրության միջոցով պետականության հիմքերն անխոցելի դարձնելն է: Այդ իսկ նկատառումով էլ, ներառված են պետության և ժողովրդի ինքնիշխանությունը ողջամիտ լրացուցիչ լծակներով ամրապնդելու հիմնադրությներ:  
-ՀՀ երրորդ հանրապետության անկախություից հետո կարծես տաս տարին մեկ ձեռնամուխ ենք լինում սահմանադրական փոփոխությունների: 2005թ. սահմանադրական բարեփոխումներն արդյո՞ք չարդարացրեցին սպասումները:
-Սահմանադրության փոփոխությունները թելադրված չեն միայն գործող Սահմանադրության թերացումներով, առավել առանցքային նշանակություն ունի արդի մարտահրավերներին համահունչ իրավական կարգավորումներ ունենալը: Բացի այդ, քաղաքական հիմնարար խնդիրներին հասնելու իրավական ծրագրերը չեն կարող պարզունակ լինել՝ բաղկացած լինել միայն մեկ փուլից, մյուս կողմից յուրաքանչյուր փուլի ավարտից հետո, հարկ  է գնահատել իրավիճակը և վերանայել հաջորդ փուլի համար նախատեսվող միջոցառումների շրջանակն ու ժամանակացույցը: Ցավոք, այս բարդագույն իրավաքաղաքական խնդիրները որոշ քաղաքական շրջանակներում դարձել են սոսկ պարզունակ եղանակներով քննդատելու, սակայն զուգահեռ ոչ մի համարժեք գաղափար չառաջադրելու հարթակ:
-Երեք նախագահների օրոք էլ փոստացի կատարվել է մայր օրենքի փոփոխություն, կարող ե՞նք ենթադրել, որ այն իշխանությունների վերարտադրման պատրվակ է:
-Սահմանադրության փոփոխություններ նախաձեռնում են նաև այլ՝ ընդ որում, ժողովրդավարական երկրների նախագահներ, սակայն ընդդիմությունը չի փորձում անվերապահորեն ի սկզբանե դա որակել, իբրև «իշխանության վերատադրություն», այլ ակտիվորեն ներգրավվում է գործընթացներին և հաճախ էլ, օգտվելով նախաձեռնությունից, կյանքի են կոչում իրենց գաղափարները: Միայն գաղափարներ ու կյանքի բարդագույն խնդիրների լուծումը չպատկերացնող, ինքուրույն ասելիք չունեցող քաղաքական ուժն է ի սկզբանե դեմ լինում նմանաբնույթ նախաձեռնություններին: 
Ի դեպ, համեմատության համար նկատենք, որ միայն 1958 թ. Ֆրանսիայի Սահմանադրությունում 24 անգամ փոփոխություններ են կատարվել, միայն 2008 թ. փոփոխությունները վերաբերել են 32 հոդվածի, սակայն որևէ մեկի մտքով չի անցել ի սկզբանե բացառել սահմանադրական փոփոխությունները՝ փոխկապակցելով այն առնվազն իշխանափոխության հետ: Ընդ որում, ոչ բոլոր նախաձեռնություններն են «պսակվում» հաջողությամբ: Այսպես, վերջերս Ֆրանսիայի 4 քաղաքաներում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ այդ երկրի նախագահը նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, ըստ որոնց՝ որոշ քաղաքացիներ պետք է զրկվեին իրենց քաղաքացիությունից, սակայն հանրությունը դիմակայեց և պնդեց, որ այդ փոփոխությունները չեն կարող ի զորու լինել կանխելու ահաբեկչությունը և միայն իրավաճակային բնույթ ունեն:
Ամփոփելով միտքս, նկատեմ, որ Սահմանադրությունը կարող է որակվել «իշխանությունը վերտադրելու գործիք»   միայն այն դեպքում, երբ այն բովանդակում է իշխող կուսակցության համար խորհրդարանում մեծամասնություն պահելու և այդ մեծամասնությամբ դյուրին եղանակներով որոշումներ կայացնելու լծակներ, մինչդեռ՝ ներկայիս սահմանադրական լուծումները հակառակ պատկերն են ներկայացնում:
-Նոր սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք դժգոհության ալիք բարձրացրեցին, քանի որ հակասում են հայ ավանդական արժեհամակարգին: Խոսքը, մասնավորապես վերաբերվում է միասեռականների և կրոնական փոքրամասնությունների իրավունքներին: Արդյո՞ք, մտահոգվելու առիթ կա:
-Բազմիցս ենք հստակ փաստերով ընդգծել, որ այդ մտահոգությունն արհեստական է, որին, ցավոք, հանրության մի զգալի հատված հակված է եղել վստահելու: Իրականությունն այլ է: Սահմանադրությունում ավանդական արժեքների պահպանությունն անհամեմատ ամուր հիմքերի վրա է դրվել. եթե նախկին Սահմանադրությունը ինչ-որ տեղ տարամեկնաբանությունների տեղիք տալիս էր, ապա նույնը չի կարելի ասել արդեն գործող Սահմանադրության պարագայում: Այդ պնդումները նույնիսկ շարունակվում էին այն դեպքում, երբ անգամ միջազգային փորձագետներն էին դժգոհություն հայտնում՝ իրենց պատկերացմամբ ավանդական արժեքներին անհարկի տուրք տալու համար: Հավելեմ, որ միջազգային փորձագետներին ևս բազմիցս բացատրվել է, որ խնդիրը միայն ավանդական արժեքները պահպանելը չէ, որ միասեռականների ընտանիքների գաղափարը աղերսներ ունի երեխաների իրավունքների ու օրինական գերակա շահերի պահպանության հետ:
Զրուցեց՝ Լուսինե Մանանդյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր