Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

12 հուլ 2016 16:25

Ռուսաստանն իրականացնում է Նոր Միջին Արևելք սեփական ծրագիրը

Սովորաբար, երբ դիտարկվում է Ռուսաստանի քաղաքականությունը, ապա մատնանշվում են կայսերական նպատակներն ու ամբիցիաները, որոնք վտանգ են ներկայացնում հարևան երկրներին:
Ի հակառակ այդ կայսերական քաղաքականության, արևմտյան դիտորդների կողմից սովորաբար առաջարկվում է ավելի զուսպ քաղաքականություն, որը ենթադրում է ազդեցության ոլորտների հանձնում, ավելորդ արտաքին քաղաքական բեռի թոթափում, և արտաքին քաղաքական նպատակների և Ռուսաստանի ունեցած ռեսուրսների համապատասխանեցում, միջազգային գործընկերության և հարաբերությունների ընդլայնում: 
Ենթադրվում է, որ Ռուսաստանը իր տնտեսական, ժողովրդական ռեսուրսներով չի կարող վերահսկել ԽՍՀՄ-ից և Ռուսական Կայսրությունից  ժառանգված պարագիծը և ոլորտները: Եթե ենթադրենք, որ Մոսկվան հաշտվել է այդ մտքի հետ և անցել ռազմավարական պաշտպանության, ապա ինչպիսի՞ն պիտի լինի այդ պաշտպանությունը: Իհարկե, այն պիտի հիմնվի նոր քաղաքական իրողության վրա, որը այլ երկրների հարաբերությունների և դաշինքների համակարգում կապահովի ռուսական գերակա շահերի պաշտպանությունը այդ երկրների սեփական շահերի ու հարաբերությունների զուգակցման և ուղուրդման միջոցով, և ենթադրում է Ռուսաստանի շահերին համապատասխան քաղաքական քարտեզի ձևափոխում:
Ռուսական շահերը բնութագրելիս սովորաբար, որպես կանոն ընդգծում են տարբեր հանգամանքներ: Մասնավորապես, մեր պարագայում նշվում է, որ ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության տեասկետից ռուսներին անհրաժեշտ են առաջավոր բազավորման կետեր՝ բուն Ռուսաստանի սահմանից հեռու, որպեսզի հրթիռների և օդանավերի թռիչքային ժամանակը մինչև ՌԴ սահման, լինի բավարար երկար հայտնաբերման և չեզոքացման տեսակետից: Սակայն, եթե Վրաստանը արդեն իսկ գտնվում է արևմտյան ազդեցության տիրույթում, ապա ինչպե՞ս Հայաստանը կարող է կատարել այդ գործառույթը, այն էլ մեկուսացված, կղզի ռազմա-հենակետի միջոցով: Եվ միթե՞ սահմանին գտնվող Գյումրու և Էրեբունու ռազմակայանները տեխնիկապես կարող են զանգվածային հարվածի դեպքում որևէ դեր խաղալ ռուսական անվտանգության համար: Իմ խորին համոզման Վրաստանի կողմնորոշումից հետո Հայաստանում ռուսական ռազմակայանը Մոսկվայի համար ունի միայն քաղաքական նշանակություն, իսկ ռազմական առումով ինքն իրեն չի կարող պաշտպանել: Այս իմաստով Վրաստանի արևմտյան ու վերջնական կողմնորոշումը 2008թ-ի արդյունքներով արժեզրկել է նաև Հայաստանի նշանակությունը, որպես ռազմական հենակետի:
Նաև ենթադրվում է, որ հայկական սեպը զսպում է թուրքական առաջխաղացումը դեպի Կովկաս և Միջին Ասիա:
Իսկ ով ասեց, որ Միջին Ասիան ռուսական ազդեցության տիրույթում է: Եվ միթե գործող Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան տրանսպորտային ուղին տասնամյակների ընթացքում բավարար չէր այդպիսի մի ներթափանցման համար: Մի գուցե Թուրքիայի հզորությունը և հնարավորությունները ավելի շոշափելի արդյունքներ չեն ենթադրում: 
Նաև Արևմուտքի առաջխաղացման զսպումը այդ ուղղությամբ ավելի արտոնյալ պայմաններ է տրամադրում Չինաստանին, որը ունի հնարավորություններ կլանելու այդ տարածաշրջանը՝ այն պարագայում, որ Ռուսաստանը այդպիսի հնարավորություներ չունի: 
Բացի այդ Թուրքիան գտնվում է ծանր ճգնաժամի մեջ, կապված քրդական ծրագրի ակտուալացման հետ, և հուսահատորեն փորձում է վերագտնել իր տեղը միջազգային հարաբերություների համակարգում՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը և ազդեցությունը տարածաշրջանում:
Ադրբեջանը կանգնած է տնտեսական փլուզման շեմին: Մեկ տասնամյակ հետո այդ երկիրը դառնալու է նավթ և հետևաբար անվտանգություն ներմուծող երկիր: Երկու երկրներն էլ ապագայում դառնալու են էլ ավելի խոցելի և կախված դրսի ազդեցությունից, և Մոսկվայի տեսակետից այդ զույգ քույր-երկրները ռազմավարական առումով ոչ միայն անվտանգ են Ռուսաստանի համար, այլև պիտանի են ու պատրաստ այլ գործառույթներ իրականացնելու՝ ռուսական շահերի սպասարկման տեսակետից:
Միջին Ասիան գտնվում է տեղական և հիմնականում ռուսներից բավարար անկախ, սակայն չինական տնտեսությունից կախված վարչակարգերի ձեռքում, որոնք դիմագրավում են հարավից եկող իսլամիստական վտանգին: Եվ միթե՞ թուրքական գոտու հնարավոր ընդարձակումը դեպի Կովկաս և Միջին Ասիա չի հանդիսանա առաջնային մարտահրավեր նույն Իրանի և Չինաստանի համար, ինչպես նաև չի առաջացնի հակասություններ իսլամիստական շարժման հետ:
Ավելին, եթե խոսքը գնում է դաշնակցային հարաբերությունների մասին, ապա ամենացայտուն օրինակը իհարկե Ղազախստանն է: Իհարկե Մոսկվան շատ լավ պատկերացնում է Նազարբաևի վիճակը, որը չի վստահում Մոսկվային և վախենում է Չինաստանից ու իսլամիստներից՝ քաջ իմանալով, որ Մոսկվան չի կարող պաշտպանել ոչ մեկից, ոչ երկրորդից: Այդ իսկ պատճառով նախընտրում է նոր խաղացող՝ Անկարային մտցնել տարածաշրջան իր քաղաքական առևտուրն այլոց հետ վարելու նպատակով:
Սակայն Մոսկվային ձեռք է տալիս մի այնպիսի իրավիճակի ստեղծում, երբ ինքը առանց մեծ ճիգեր գործադրելու՝ քանի որ այլևս մեծ ռեսուրսներ չունի, կերաշխավորի իր շահերի պաշտպանությունն այլոց ձեռքերով:
Եթե թուրքերը, ի հեճուկս Արևմուտքի, Չինաստանի և Իրանի ուզում են ստեղծել մեծ թուրքական պրոեկտ Կովկաս-Միջին Ասիա տարածաշրջանում, ապա Մոսկվան կխաղա այդ խառնաշփոթում դատավորի և «ազնիվ» միջնորդի դերը, քաղելով հավասարամոտիկության պտուղները՝ դաշնակցելով այդ թվում Արևմուտքի հետ, քաջ իմանալով, թե ինչքան թույլ և մշուշոտ են նման թուրքական պրոեկտի հիմքերը:  
Եվ ոչ մի նշանակություն չունի, թե այդ թուրքական պրոեկտը լինելու է ներկա եղբայր-մահմեդականների տեսքով, թե քեմալական նրբերանգներով, քանի որ երկու դեպքում էլ հանդիսանալու է մրցակից իսլամիստական շարժումների համար ևս:
Ներքին թուրքալեզուների վտանգը դիտարկվում է արտաքին թրքալեզուների հետ լավ հարաբերությունների պահպանման տեսակետից, որն Ռուսաստանի աճող այլ մարտահրավերների ֆոնին համարվում է լուծելի: Այդ թրքա-սլավոնոկան դաշինքն ունի նաև որոշակի գաղափարական հիմնավորումներ և ավանդույթներ, բայց առանցքայինն իհարկե չոր պրագմատիկ հաշվարկն է, ոչ թե գրչակների տեսիլքները:
Եթե Ադրբեջանը, Մոսկվայի օգնությամբ վերափոխվի հակա-Հայաստան դերից դեպի հակա-Իրան դերին, ապա Մոսկվան պահպանելու է իր ազդեցությունն ինչպես Բաքվում, այնպես էլ Թեհրանում, որը լավ է հիշում Ստալինի ստեղծած հարավային Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը: Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան դաշինքը նաև զսպելու է Արևմուտքի և Չինաստանի ազդեցությունը: Ի վերջո, Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան գոտին հանդիսանալու է հարավից եկող իսլամական ազդեցության ամբարտակ մի տարածաշրջանում, որը Մոսկվան հիմնականում արդեն կորցրել է, բայց որտեղ կարող է ամրապնդվել և նոր դեր ստանձնել նոր ծրագրի իրականացման միջոցով:
Այդ իսկ պատճառով այսպիսի քաղաքականությունը ոչ թե ավանդական կայսերականների, այլ մոսկովյան ազատական կայսերականների ռազմավարական պաշտպանության հայեցակարգն է, որը ենթադրում է հետ նահանջ դեպի հին կայսերական սահմանները՝ ռեսուրսների խնայողության խիստ ռեժիմ և առավելապես քաղաքական գործիքների կիրառում, որոնք պիտի ապահովեն նվազագույն ճիգերի գործադրմամբ բուն ռուսական սահմանների պաշտպանությունը, մինչև տարբեր գործընկերները զբաղված են լինելու իրարով:
Թուրքիայի և Արևմուտքի հակասությունները և Թուրքիայի թուլացումը այդ ծրագիրը դարձնում են ավելի դյուրին և գայթակղիչ՝ հույսեր ներշնչելով Մոսկվային, որ այդպիսի մի Թուրքիան, որպես գործիք իր շահերից ելնելով դրդելու է դեպի Մոսկվա նույն Իրանին և այլ երկրներին, որոնք միասնական թրքա-ադրբեջանական դաշինքի ճնշման դեպքում այլընտրանք չեն ունենալու, և նաև այդ նույն թրքա-ադրեբեջական դաշինքը կապելու են Մոսկվային, քանի որ ուռճացված մարտահրավերները և հակասությունները Չինաստանի, Իրանի և Արևմուտքի հետ զույգ թուրքերի դաշինքը Մոսկվայի հետ դարձնելու են անայլընտրանք: Մոսկվան աճեցնելու է այդ դաշինքը ընդեմ այլ խաղացողների, քանի որ հենց թուրքական պրոեկտը համարում է առավել թույլ և աջակցման արժանի, ու թուրքական վտանգի միջոցով պիտի ապահովի իր համար այլ գործող անձանց կախվածությունը Մոսկվայից մի կողմից (այդ թվում և Հայաստանի մնացորդները), իսկ հակասություները այլ կենտրոնների հետ չափերը անցած թրքական դաշինքին դարձնելու են Մոսկվայի դաշնակիցը:
Մոսկվան սթափ է գնահատում իրավիճակը և հեռանկարները: Մոսկվայի ազդեցությունը այդ ահռելի տարածաշրջանում անշեղորեն նվազելու է տնտեսական, տեխնոլոգիական և ժողովրդական մրցունակության կորստին զուգահեռ: Հայաստանը, որպես ռազմական հենարան ուղղակի պետք չէ: Եվ եթե չկան բնական դաշնակիցներ, ապա անհրաժեշտ է տարածքը զիջել Մոսկվայի դերի պահպանումով և այնպես, որ բնական թշնամիները հակակշռեն իրար:
Ի վերջո, եթե սթափ մոսկովյան ազատականը, առանց ելցինյան շրջանի ռոմանտիկ հիմարությունների ցանկանում է ապահովել իր երկրի շահերը երկարաժամկետ ռազմավարության տեսակետից, ապա նոր հարավային սահմանի և սանիտարական արգելքի կառուցումը պիտի կատարվեն այնպիսի երկրարաժամկետ գործոնների կիրառմամբ, որոնք Մոսկվայի նահանջի պայմաններում պահպանում են ռուսական ազդեցությունն առանց ռուսական պատասխանատվության և ռեսուրսների օգտագործման, և բարձրացնում են Մոսկվայի դերը նույն Արևմուտքի համար, քանի որ լքվող տարածաշրջանը հանձնվում է ոչ թե Արևմուտքին, այլ Արևմուտքի նոր մրցակիցներին ու սաստկացող մրցակցությանը: Իսկ ուղղակի ներկայությունը ու մասնակցությունը փոխարինվելու է անուղղակի և միջնորդավորված ազդեցությամբ:
Մոսկվան ստիպված է խուսանավել Չինաստանի, Իսլամի և ԱՄն-ի միջև, և պարբերական դաշինքները այդ և այլ գործող անձնաց հետ ընդեմ մյուսների հնարավոր է իրականացնել միմիայն, եթե այդ գործող անձանց միջև հակասությունները կրում են ռազմավարական բնույթ: ՈՒստի նախընտրելի է հանձնել արդեն իսկ պարտվածը՝ Կովկասը և Միջին Ասիան, որպես ավելորդ բեռ:
Ավելին, մրցակցության սաստկացումը Միջին Ասիայում և Մեծ խաղի նոր փուլը նաև լավ միջոց է կասեցնել Չինաստանի արևելք-արևմուտք ու Իրանի հարավ-հյուսիս, և Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային ծրագրերը: Եթե Մոսկվայի ազդեցությունը  Հայաստանի վրա բավարար է Իրանի ծրագրերը տապալելու համար, ապա Չինաստանի փորձերը՝ շրջանցել Ռուսաստանը դեռ պիտի կասեցվեն:  Մեծ Կովկասյան Լեռնաշղթան և Ղազախստանի սահմանն են ռուսական հարավային սահմանները, և ամեն ինչ այդ սահմաններից դուրս այլևս առևտրի և սակարկության առարկա է:
Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ ռուսները չեն պայքարելու ամեն մի ստորակետի և դոլարի ու ցենտի համար և դեմ են ազդեցության ոլորտների ընդլայնմանը, սակայն ցույց է տալիս, որ ռեալ-պոլիտիկի տեսակետից իրենց նվազագույն ծրագիրը, որի մասին այդքան խոսում էին և Արևմուտքում, և մոսկովյան ու երևանյան ազատականների շրջանակում ունի այսպիսի տեսք, ու ուրիշը չի ունենալու: Եվ այդ նվազագույն ծրագրի շրջանակներում Մոսկվայի քայլերը ստանում են ռազմավարական խորություն և բացատրություն: Ուստի Մոսկվայի՝ Հայաստանի հաշվին գործելու և սակարկելու հնարավորությունների ընդունելի շեմը շատ ավելի բարձր է, քան մենք ենթադրում էինք:
Մոսկվան ոչ միայն Երևանի դաշնակիցը չէ, այլև երկարաժամկետ ռազմավարության տեսակետից Հայաստանի կարիքն ուղղակի ունի միայն որպես վճար՝ այլ մեծ ծրագիրը իրականացնելու համար, եթե չհաշվենք մոսկովյան «պոնտերը» և հեղինակային ռիսկերը: Եվ վաղ թե ուշ այդ շարժը դեպի սթափ քաղաքական հայեցակարգ ունենալու է նկարագրված պատկերը: Ուստի մենք ուղղակի պիտի հասկանանք, որ տեսանելի ապագայում վերադարձ դեպի նախորդ հայ-ռուսական հարաբեությունների շրջան չի լինելու:
  
Հայկ Բալանյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր