Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

14 հուլ 2016 19:26

Գետաշենի և Մարտունաշենի վերադարձի խնդիրը մշտապես պետք է խաղաթուղթ լինի Արցախի հարցով բանակցություններում

Հուլիսի 14-ին Հայացք մամուլի ակումբում Նորավանք գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն անդրադառնալով Վարշավայում վերջերս կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովին նշեց, որ այն էապես տարբերվում է նախկիններից. «Վարշավայում ձևավորվեց մեկ այլ ձևաչափ` «Արևելյան Եվրոպայի որոշ երկրների համախմբումը` ՆԱՏՕ-ի հովանու տակ», որը կարծես ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շարունակությունն է: ՆԱՏՕ-ն փորձում է իր արևելյան ճակատը ակտիվացնել, որը արձագանք է գտնում նաև Հարավային Կովկասում»: Ըստ Գագիկ Հարությունյանի` Վարշավայում «Լեռնային Ղարաբաղ» անունն արտասանվեց մեզ համար ոչ շահեկան խմբագրմամբ. «Առաջին պլան մղվեց սահմանների տարածքային ամբողջականությունը: ՆԱՏՕ-ի որոշ պաշտոնյաներ ասացին, որ կանխատեսում են Ադրբեջանի սերտաճումը ՆԱՏՕ-ի կառույցների հետ, դա պատահական խոսք չէ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ՀՀ նախագահը հստակ նշեց, որ պետք չէ խառնել ՆԱՏՕ-ի հավաքները Մինսկի գործընթացների հետ»: 
Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ, ԼՂ խնդրի շուրջ հասարակական մտահոգության լուրջ առիթ չկա, թեպետ կարգավորման գործընթացն ակտիվացել է. «Որոշիչը մեր դիրքորոշումն է. կա որոշակի կարմիր գիծ, որը չի հատվի՝ Արցախը որևէ մեկ օր չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ»: Իսկ այն, որ Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ այսօր շատ մոտ են ԼՂ հակամարտության կարգավորմանը, քան մինչ այս, նա ասաց, որ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը. «Չեմ հիշում արտաքին գործերի նախարարների հանդիպումների մի եզրակացություն, որտեղ  չասվի, որ այն մեկ քայլ առաջ էր, բայց եթե այդպես լիներ, հիմա կիլոմետրերով առաջ կլինեինք: Բայց կարծում եմ, որ ամեն ինչ առջևում է և  խոսակցությունները, թե հանձնեցինք՝ նման եզրակացությունների համար դեռ շատ վաղ է»:
Ինչ վերաբերում է փոխզիջումներին,  բանախոսը չբացառեց, որ փոխզիջում կլինի. «Սա ցավալի փաստ է, բայց ամեն ինչ կախված է, թե ինչ գին ունի այն: Եթե ադրբեջանական զորքերը մտնում են և գրավում այն տարածքները, որում այսօր չկան, ապա դա անընդունելի է, դրան կհետևի մեծ պատերազմ: Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչն ընդունելի կլինի, բայց կարմիր գիծը, որի մասին ասեցի ԼՂՀ ինքնորոշումն է: Եթե այս հանգամանքը չկա, ինչպես կարելի է խոսել տարածքների մասին»:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին և շփման գոտում խաղաղապահներ տեղակայելու մասին խոսակցություններին` Գագիկ Հարությունյանն ասաց. «Խաղաղապահները որոշակի երաշխիք են ռազմական գործողությունների դեմ, բայց նայած ինչ խաղաղապահներ: Շատ դեպքերում խաղաղապահ ուժերն իրենց չեն արդարացնում, բայց դրանց բացակայությունն ավելի վատ է, քան ներկայությունը: Ռուս խաղաղապահների ներկայությունն ամենացանկալին կլինի, նրանք այստեղ ավելի ուժեղ են: Գյումրիի ռազմաբազան զարգանում է, և չեմ կարծում, որ ռուսները ՀՀ-ում իրենց շահերից թեկուզ մի թիզ պատրաստվում են զիջել: Ես հասկանում եմ շատերի զգացմունքները` այո, նրանք Ադրբեջանին վաճառում են զենք, բայց այդ դեպքում ուզում եմ այլընտրանքներ առաջարկվեն: Ինչ վերաբերում է գերմանացի խաղաղապահներին, դա էլ է տարբերակ, քանի որ Գերմանիան կառուցողական վերաբերմունք ունի ԼՂՀ-ի հանդեպ»:
 ՀՀ և ՌԴ միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի և այդ նոր ՀՕՊ-ի հրամանատար Շամանովի՝ Ադրբեջանի հանրապետության ոչ պաշտոնական հերոս և հայերի դեմ նրանց կողմից կռված լինելու վերաբերյալ մեր հարցին պատասխանեց. «Այն 90 տոկոսով ուղղված է թուրքական ավիացիայից պաշտպանվելուն, իսկ որոշումներն ընդունվելու են Երևանում: Անձերն այստեղ դերակատարություն չունեն, այդ թվում` Շամանովը»: 
Գագիկ Հարությունյանը մեկնաբանեց նաև ՀՀ նախագահի հարցազրույցում հնչած տեսակետն այն մասին, որ գերտերությունները կարող են ուժով լուծել Արցախի հարցը. «Չեմ հավատում, որ այդպես կլինի: Չեմ տեսնում այն գերտերություններին, որոնք կարող են ուժով լուծել Ղարաբաղի խնդիրը: Եթե լուծող էին, թող մինչ այդ լուծեին: Այդ խոսքն ուղերձ է այն մասին, որ գործընթացը գերտերությունների վերահսկողության տակ է: Աշխարհի խոշոր դերակատարներն իրենց շահերի համատեքստում հակամարտությունները փորձում են լուծել փաթեթային եղանակով, խոսքը Սիրիայի, Դոնբասի, նաև Ղարաբաղի մասին է»,- ասաց նա: 
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հնարավոր հանդիպմանը՝ բանախոսը նշեց, որ բանակցային մի նոր փուլ է սկսվել. «Բանակցային նոր գործընթաց է սկսվել, բայց այնպես չի, որ Փարիզում ստորագրելու են ինչ-որ թուղթ, ու դրանով ամեն ինչ վերջանալու է: Այն նկատառմանը, թե բանակցային սեղանին դրված է Կազանի փաստաթուղթը, Հարությունյանն ասաց. «Չի կարելի բացառել որևէ փաստաթղթի սեղանին լինելը: Բայց եթե պետք է լիներ, ինչո՞ւ չեղավ Կազանում: Բոլոր փաստաթղթերով երևի փորձելու են ընդհանրական եզրակացության գալ: Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերի հիման վրա կարող է ծնվել մեկ այլ տրամաբանության փաստաթուղթ»: Նա նաև նշեց, որ Գետաշենի և Մարտունաշենի վերադարձի խնդիրը մշտապես պետք է խաղաթուղթ լինի Արցախի հարցով բանակցություններում. «Չեմ բացառում, որ այն ինչ-որ կերպ քննարկվում է բանակցությունների ընթացքում»,- ասաց Գագիկ Հարությունյանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր