ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

21 հուլ 2016 21:01

Արտաքին փոխզիջում կարելի է, ներքին՝ ո՞չ

Աշխարհը խելագարվում է: Այդ թվում` Հայաստանը: Դեռ աչք չէինք բացել Ֆրանսիայի ու Թուրքիայի իրադարձություններից, աշխարհի լրահոսում հայտնվեց Հայաստանը`  մեր երկրի համար անսովոր լրատվությամբ. զինված հարձակում Երևանի  Էրեբունու պարեկապահակային ծառայության  գնդի վրա: 30 հոգուց բաղկացած զինյալների մի խումբ, նախկին ազատամարտիկ Պավել Մանուկյանի գլխավորութամբ, գրավել է գնդի շենքը, պատանդ վերցրել բարձրաստիճան ոստիկանների, պահանջում է  մեկ ամիս առաջ կալանված Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Զոհվել է գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը: Դրանից հետո զարգացող իրադարձություններն ավելի շատ հոլիվուդյան ֆիլմի սցենար են հիշեցնում: 
Տեղի ունեցածն անձամբ ինձ համար անհասկանալի է` որքան էլ բոլորին ամեն ինչ պարզ է թվում: Սեֆիլյանի համակիրների մի խումբը ծայրահեղ և բոլոր առումներով անընդունելի քայլի է դիմել` պահանջելով Սեֆիլյանի ազատ արձակումը: Ճշգրիտ չենք լինի, եթե չնշենք,  որ նրանք  պահանջում են նաև Հայաստանի նախագահի հրաժարականը, քանի որ գտնում են, որ Արցախի հիմնահարցը նրա օրոք մոտեցել է վտանգավոր սահմանագծի` տարածքային զիջումների, ու որ իրենք, այդպիսով, զինված ապստամբություն են սկսել, չթույլատրելու համար տարածքների հանձնումը: Անհասկանալին ոչ թե պահանջներն են, այլ ծայրահեղ քայլի դիմելու փաստը: Անպատկերացնելի է,  թե ինչպես կարող էին զինյալների  խմբում եղած, պատերազմի բովով անցած մարդիկ (խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը պահեստի սպա է, նույնպես արցախյան պատերազմի մասնակից) չպատկերացնել իրենց արածի  վտանգավոր հետևանքները`  փխրուն խաղաղության գծի վրա գտնվող երկրի, իրենց, կամ իրենց սատարելու եկած  մարդկանց համար: Եթե պատկերացրել են ու արել` վատ է, եթե չեն պատկերացրել ու արել են` կրկնակի վատ է, քանի որ պտասխանատվությունը չպատկերացնող, իրենց քայլերը հաշվարկել չկարողացող, զուտ էմոցիայի վրա ամեն բան կառուցող մարդիկ միշտ վտանգավոր են անգամ սեփական կողմնակիցների համար: Ապացույցը նախորդ գիշերը ոստիկանության և ցուցարարների բախման ժամանակ վիրավորված 51 անձինք են, ընդ որում` նրանցից  29-ը ոստիկան են, ապացույցը բազմաթիվ բերման ենթարկվածներն են, երեկ արդեն 16 ձերբակալվածները: Չնայած` իրենց ապստամբ համարող Պավել Մանուկյանի  ու նրա խմբի` իրենց քայլը հանուն երկրի անելու բացատրությունը լայն արձագանք է գտել, ու դա ևս հասկանալի է, հանրությունը հոգնել է իշխանություններից, նրան բարկացնում են տարածքներ հանձնելու խոսակցությունները, այնպես որ Պավլիկը նրան սատարողների աչքում հերոս է:
 Իսկ եթե այս բոլորի համար մի այնպիսի ազդակ կա, որ մենք չենք պատկերացնում, սա այլ խնդիր է: Ազդակ դրսից` Հայաստանը դարձնելու համար ինչ-որ խնդիրներ լուծելու միջոց: Ազդակ ներսից` դրսին հասկացնելու, որ հանրությունը թույլ չի տա Արցախի  հարցում  զիջումներ և այլն, ցուցակը լրացրեք ինքներդ, բայց դրանք ավելի ծանրացուցիչ հանգամանքներ կլինեին: Ահաբեկչությո՞ւ ն է դա, թե ոչ` այդ մասին խոսակցությունը կուզեինք տեղափոխել հանգուցալուծումից հետո միայն, համենայնդեպս` հարյուրավոր մարդիկ, որոնք աջակցելու եկան խմբին, այդ կարծիքին չէին, չնայած իշխանական շրջանակներից հենց ահաբեկչություն էին անվանում կատարվածը: Համենայնդեպս` անգամ ԱԱԾ-ն իր հաղորդագրություններում, հավանաբար  ելնելով իրավիճակը չսրելու անհրաժեշտությունից, միանշանակ չէր` մեկ զինյալ խումբ էր անվանում, մեկ  ՊՊԾ-ն գրավածներ, մեկ ահաբեկիչ: Իրենք` սեֆիլյանականները խոսում էին զինված ապստամբություն սկսելու մասին: Ընթացքում էլ ոստիկան պատանդ են բաց թողել` բարի կամք դրսեւորելով, չնայած գնդապետ Արթուր Վանոյանի սպանությունն, անկախ հանգամանքներից, արդեն շատ է ծանրացրել տեղի ունեցածը: Հանրությունը տարուբերվում է «ապստամբ», «ահաբեկիչ» եզրույթների մեջ: Իրավաբաններ կան, որ ասում են, թե «ահաբեկչություն» և  «ահաբեկիչ» որակումները չեն նպաստում հանգուցալուծմանը, լիցքաթափմանը, բացի այդ` անմեղության կանխավարկածը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել, իսկ հանցակազմը  հետո կամբողջականացվի: Իսկ իրենք, խմբի անդամները բացատրում են, որ այդ ծայրահեղ քայլին են գնացել հանուն Հայաստանի:
Կիրակի օրվանից սկիզբ առած այս դրամատիկ իրադարձությունների օրերին բոլորն անընդհատ և ամենուր խոսում էին երկխոսությամբ, փոխզիջումներով  խնդիր լուծելու անհրաժեշտությունից,  հարյուր տարբերակ առաջարկում, սակայն լուծումը դեռ չի գտնված, ոստիկանների եւ ցուցարարների բախումների արդյունքում էլ բազմաթիվ ոստիկաններ և քաղաքացիական անձինք են տուժել, վնասվածքներ ստացել, ծեծվել, բերման ենթարկվել: Չենք տեսնում, որ ոստիկանները առանձնապես մեծ արհեստավարժությամբ և զսպվածությամբ են աշխատում, ու երբեմն թվում է` մի քիչ էլ, ու բախումները կարող են վերածվել քաղաքացիական պատերազմի: Արդեն իսկ ոստիկանությունը մեղավոր է, որ չի կարողացել պաշտպանել ՊՊԾ գունդը զինված գրոհումից, այսինքն` իրենք իրենց իսկի չեն կարողացել պաշտպանել, ուր մնաց, թե մեզ պիտի պաշտպանեին: Չգիտենք` ի վերջո քննարկվում է Սեֆիլյանին գունդ բերելով` իր կողմնակիցներին հանգստացնելու և զենքը վայր դնելու տարբերակը, բայց դա առաջին հայացքից աշխատող է թվում:
Բոլորը սխալներ են փնտրում տեղի ունեցողում.  ի սկզբանե սխալ էր Սեֆիլյանին կալանավորելը, սխալ է ոստիկանների ագրեսիվ պահվածքը, որը իրավիճակ է սրում և հակազդեցություն ծնում: Ես, օրինակ, երեքշաբթի երեկոյան Ազատության հրապարակում էի, ու այն, ինչ արեց ոստիկանությունը, ինձ չհիմնավորված ու տարօրինակ թվաց: Որ ասում եք` սեֆիլյանականները ծրագրել էին շենքեր գրավել, բա այդքանից հետո էլ պատրաստ չեք եղել և չե՞ք կարողացել կանխել ՊՊԾ գնդի գրավումը` է սրանից էլ մեծ սխալ,  դրանից հետո էլ աջուձախ մարդ ծեծելը  ո՞րն է:
 Եթե միշտ ոստիկանության թիվն ավելի շատ է, քան ցուցարաներինը, ի՞նչ կարիք կա անընդունելի միջոցների դիմել, անգամ կասկածներ կան, որ չորեքշաբթի օգտագործվել են քրեական տարրերը, որպես բախման առիթ, համենայնդեպս` այդ գիշերվա տեսանյութերը նորից ու նորից նայելիս աչքի են զարնում սև վերնազգեստով, հարբած երիտասարդներ, որոնք հայհոյում, քարեր են նետում ու լկտի նայում տեսախցիկներին, դրանք հաստատ բուն ցուցարարները չեն, և եթե մեկը հետո բերման ենթարկվածների մեջ փնտրի նրանց, հաստատ չի գտնի: Միթե «բարեփոխված» ոստիկանությունն ու ԱԱԾ-ը չեն կարող ավելի արհեստավարժ  ու առանց  բռնության հավելյալ դոզայի աշխատել: Այս ամենը ատելություն է սնում: Սարսափելի հախուռն ու անկազմակերպ են բողոք գործողությունները, դրանք թվում են իրենց որոշումների համար անպատասխանատու երիտասարդ մարդկանց փնթի  քայլեր:
Բոլոր օրերին լռեցին երկրի բարձր իշխանավորները` կամ նրանք ասելիք չունեին, կամ ինչ-որ ուժ նրանց հետ է պահում խոսելուց, սեփական ժողովդին հանգստացնելուց, բնորոշումներ տալուց տեղի ունեցողին: Հատկապես Հայաստանի նախագահի դեպքում սա անհասկանալի մնաց:
Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները ևս բացակա են, հասկանալի է, որ նրանք չեն գա մի տեղ, որտեղ խմբին և նրա ղեկավար Պավել Մանուկյանին սատարող  միտինգներ են, սակայն, հասկանում եք, նրանք կոչումով ժողովրդի ընտրյալներ  են (եթե են, իհարկե, ընտրյալ են), նրանք պարտավոր են գալ և չթույլատրել սադրանքներ, ծեծ ու ջարդ: Արդար լինենք ու ասենք` նրանցից եկողներ եղել են, ու նրանց լավ չեն ընդունել, տեղում կրքերը հանգստացնողի ու շանթարգելի դերը ստանձնել էր Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ` չորեքշաբթի գիշերը հենց նա գնաց դեպի Սարիթաղ` խնդրելով սադրանքների չենթարկվել, վայրկյաններ անց սկսվեցին սադրանքն ու բախումը:
 Մի բան հստակ է` Հայաստանում քաղաքական ուժերը վերջին տապալումը կրեցին, նրանք պահանջարկված չեն, նրանց ոչ ոք չի լսում, նրանք հեղինակություն չունեն, ու նրանք, մի քանի գործչից բացի, չեն կարող գալ ու ժողովրդին խնդրել, որ սադրանքների չտրվեն, ուղի ցույց տային, կամ միգուցե` կենդանի պատ կդառնային ցուցարարների ու ոստիկանների միջև: Ցուցարարները մոլորված էին, նրանք լիդեր էին ուզում, ճիշտ որոշում էին ուզում, ու այդպես էլ մոլորված ընկան սադրիչների և անխնա ծեծող, հատուկ միջոցներ կիրառող  ոստիկանների ձեռքը: Հետո մեր քաղաքականները ոնց են նայելու մարդկանց աչքերի մեջ`  չեմ պատկերացնում: Խոսքը ոչ թե տեղի ունեցածի ճիշտ ու սխալին է վերաբերում, այլ քաղաքական դիրքորոշում ունեցած մարդկանց ծեծ ու ջարդին: Թե՞ նրանք էլի ինչ-որ հավելյալ բաներ գիտեն, տակն ուրիշ բան կա, ու չեն խառնվում: Ախր այս առիթը կարող է անգամ իշխանափոխության վերաճել, եթե գործին խառնված մութ ուժեր կան:
 Միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն է այսօր կառավարության նիստի սկզբում  ՊՊԾ գնդում տեղի ունեցածը անթույլատրելի և դատապարտելի համարել` բռնությամբ փոփոխությունների հասնելը վտանգավոր և անհեռանկար անվանելով:
Հա՞: Բայց չէ որ հենց դուք բոլորդ պետք է լինեիք տեղում և հանդարտեցնեիք  մարդկանց:
Մանավանդ` մարդկանց մեծ մասի բողոքին միանալու դրդապատճառները բոլորովին էլ այս դեպքին հատկապես չեն վերաբերում, շատ ավելի խորքային են` երկրում հեռանկարի բացակայությունից, վատ ապրելակերպից սկսած` ավարտած անարդարություններով, կոռուպցիայով, ամենաթողությամբ, արդարադատության բացակայությամբ: Սա մեկ  առիթ է միայն առաջներում մի կերպ մարած բողոքները վերածնելու և իշխանափոխություն պահանջելու: Այստեղ հարկավոր էր ողջամիտ լուծում` հետագա բարդացումներց խուսափելու համար: Այդ ողջամիտ հանգուցալուծումն ուշանում է, այդ ուշացումը կարող  է արժենալ երկրի վարկն ու անվտանգությունը, եթե արդեն չի արժեցել: Երբ մտավորականները կոչեր են ուղղում Սեֆիլյանին ու սեֆիլյանականներին, պիտի հասկանալ, որ նրանք երկրի պատասխանատուները չեն, ու կարող է չպատկերացնեն այն վնասների չափը, որը կարող է հասցվել երկրին այս տխուր միջադեպով: Սակայն իշխանությունը պատկերացնում է, ու այդ պատճառով հենց նրան պետք է կոչեր ուղղել: Ուղղակի մեկի` հնագետ Կարեն Մաթևոսյանի խոսքը միգուցե  խտացումն է այդպիսի պահանջի.ՙԿարծում եմ`ոչ ստանդարտ փակուղային իրավիճակը պետք է հանգուցալուծել ոչ ստանդարտ լուծումներով: Գրողը տանի, եթե մեր դեմ պատերազմող Ադրբեջանի հետ պետությունը պատրաստ է փոխզիջումային լուծումների, ինչու չի կարելի փոխզիջում անել ներքին կոնֆլիկտում, որքան էլ այն սուր լինի:
 
ՄԱՐԻԵՏԱ  ԽԱՉԱՏՐՅԱՆ
Сохранить

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր