Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

01 օգոս 2016 18:55

Երկու մարտահրավեր և ոչ մի պատասխան

«Սասնա ծռեր» խումբը հանձնվեց, բայց ճգնաժամը չի ավարտվել: Հայաստանը շատ վաղուց է գտնվում ճգնաժամային իրավիճակում, սակայն վերջին իրադարձությունները մոտեցրել են երկիրը շատ վտանգավոր շեմին: Իսկապես, եթե արտաքին և ներքին մարտահրավերները ժամանակի առումով համընկնում են, ապա խոսքն արդեն ոչ թե ճգնաժամի մասին է, այլ վերապրելու ու բացառիկ, արտակարգ իրավիճակի, որ պահանջելու է նաև արտակարգ որոշումներ:
 
Բայց, ինչպես մենք տեսնում ենք, իշխանությունն առաջնորդվում է իր տրամաբանությամբ և իր որոշումները, ինչքան էլ վերագրենք ոչ ադեկվատության ու նույնիսկ անմեղսունակության՝ ունեն իրենց ներքին նպատակները,  որոնք անհրաժեշտ է բացահայտել:
 
Եթե, հակիրճ բնութագրենք արտաքին մարտահրավերը, ապա Հայաստանը զրկվել է այն դերից ու կարգավիճակից, որի միջոցով տասնամյակներ շարունակ կառուցում էր իր անվտանգության համակարգը: Հայաստանը կատարում էր Թուրքիայի և թուրքադրբեջանական մերձեցման զսպման դերը, կարելի է ասել հակաթուրքական գործառույթը, և այդ զսպման դերով Ռուսաստանի դաշնակիցն էր: 
 
Էրդողանի քաղաքականությունը Թուրքիայի և Արևմուտքի միջև լուրջ հակասություններ առաջացրեց, և Ռուսաստանն իր համար տեսավ հնարավորություն, վերջնականապես, պոկել Թուրքիային (և Ադրբեջանին) Արևմուտքի կառքից, կազմել նոր քաղաքական քարտեզ, որում՝ Մոսկվայի բարձր հովանու ներքո, թուրք-ադրբեջանական տանդեմը գործելու է ռուսական շահերին, եթե ոչ համապատասխան, ապա՝ զուգահեռ: Այդ քաղաքականության ծիրին մեջ Մոսկվայում նաև ենթադրվում էր կրկնել 1920թ. գործարքը: Այսինքն, Արևմուտքի և Թուրքիայի հակասությունների ֆոնին պոկել Թուրքիայից Ադրբեջանը, վերահսկողություն սահմանել այդ երկրում, փոխարենն աջակցություն ցուցաբերելով նոր Աթաթուրք-էրդողանին իր Արևմուտքի հետ հակասություններում: Իսկ Բաքուն ենթադրվում է, որպես Մոսկվայի գին-պարգև՝ Անկարային օգնելու դիմաց: 
 
Հասկանալի է, որ այսպիսի նոր քաղաքական իրողության մեջ Հայաստանն իր հակաթուրքական դերով ոչ միայն պետք չի Ռուսաստանին, այլ ուղղակիորեն վտանգված է: Պարզվեց, որ Հայաստանն իրականում այլևս չունի դաշնակից, իր ավանդական թուրքական վտանգի զսպման դերը Մոսկվայի շահերին դեմ է, իսկ հայկական շահերը Մոսկվայի համար ընկալվում են որպես լոկ փոխհատուցում Անկարային ու Բաքվին: Նաև հասկանալի դարձավ, որ Թուրքիայի զսպման մեջ շահագրգռված է Արևմուտքը, որի հետ սակայն, Հայաստանն այդպես էլ չկարողացավ կառուցել ողջամիտ ու բովանդակալից հարաբերություններ ռուսական կողմնորոշմանը զուգահեռ:
 
Այսպիսի իրավիճակում նոր անվտանգության համակարգի ստեղծումը դառնում է ոչ միայն մեծագույն ազգային խնդիր, այլև պահանջում է համազգային համախմբում, ուժերի և կամքի համընդհանուր մոբիլիզացիա՝ ապրիլյան բախումների ընթացքում ցուցաբերած պոռտկման օրինակով: Իհարկե, մեր ողորմելի իշխանությունն այս խնդիրների լուծման համար պիտանի չէ: Բայց պետք է հիշել, որ հայ ժողովդրի 2016թ. ապրիլին ցուցաբերած կամքը կանգնեցրեց ավելի վատ սցենարների իրականացումը, և հետագա անբարենապաստ ընթացքը կանխելու համար յուրաքանչյուր մեղսունակ իշխանավոր պիտի հենվեր հենց այդ ոգու և որակի վրա: 
 
Եվ հակառակը, եթե մեկն ուզում է պարտադրել Հայաստանին ստորացուցիչ պայմաններ ու պարտություն, ապա անհրաժեշտ է քայքայել այդ  ապրիլյան ոգին, ոչնչացնել այն այնպես, որ վատագույն սցենարի իրակակացման դեպքում ոչ ոք դուրս չգա փողոց և իշխանությունն իրակակացնի պարտադրանք՝ հանուն նոր համաշխարհային հեղափոխության, և ռուս ու թուրք ժողովուրդների եղբայրության: Այս իմաստով, ահնրաժեշտ է Սերժ Սարգսյանին գցել այնպիսի պայմանների մեջ, որ նախագահը զրկվի որևէ աջակցությունից թե՛ ներսից, թե՛ դրսից, կորցնի մանևրելու ունակությունը, սակայն պահպանի իշխանություն ճիշտ այն չափով, որ ի վիճակի լինի իրակակացնել Հայաստանի կապիտուլյացիան:
 
Այսպիսով, արտաքին մարտահրավերին դիմագրավելու միջոցը՝ Հայաստանի ներքին որակն է, և հետևաբար, արտաքին ճնշման գլխավոր թիրախը՝ Հայաստանի հանրությունն է, ներքին իրավիճակն, որը անկախ այդ արտաքին մարտահրավերներից գտնվում է լարված վիճակում:
 
Ի վերջո, անկախության սերունդը կայացել է: Նոր սերունդը, որը չի ապրել և չի տեսել խորհրդային համակարգը, նույնիսկ անկախ իր սոցիալական պատկանելիությունից այլ որակի է: Երիտասարդները և ոչ այդքան երիտասարդները նոր տեխնոլոգիաների միջոցով հաղորդակցվում են աշխարհի հետ, ինդուկցվում են և փոխառում, սովորում և ընդունում մի ահռելի մշակութային ու գիտական ծավալ, որը հայկական իրողություններից դուրս է: Հայաստանի պալատական մտավորականությունը և գավառական քրեական կապիտալիզմն, ի զորու չէ տալ մշակութային, գիտական ոչ մի պրոդուկտ, ուղնուծուծով հակագաղափարական են, և տրամաբանորեն, պիտի պարտվեր այդ պայքարում: 
Ուստի, քրեա-օլիգարխիկ համակարգի պայմաններում այնուամենայնիվ ձևավորվում է այլ տիպի, ազատ աշխարհից ընդօրինակող մի զանգված, որն այլ որակի կրող է: Այս հոդվածի շրջանակից դուրս է այդ որակների բնութագրումը և վերլուծումը, սակայն փաստ է, որ հանրությունը փոփոխվում է մեկ ուղղությամբ, իսկ իշխանությունն իր տիպով, կապիտալի կուտակման փուլին հատուկ բարքերով, գանձագող ու այդպես էլ բիզնեսմեն չդարձած քրեական կերպով մնում է նույնը, նաև դեգրադացվելով և դեգրադացնելով ամեն ինչը, ինչին ձեռքը կպնում է: 
 
Հին մտածելակերպը չար կատակ խաղաց իշխանավորների հետ. պաշտոնական քարոզչությունն ազդում էր ու ազդում է իշխանավորների վրա, ստեղծելով հանրային անդորրի պատրանք, մինչդեռ հանրությունն այևս չի հանդուրժում սոցիալական, տնտեսական, քաղաքական, իրավական, արտաքին քաղաքական, ռազմական և այլ իրականության և թղթերով տեղեկանքների անհամապատասխանությունը:
 
Այս սկզբունքային հակասությունը փոփոխված ներքևների ու վերևների կարծրության միջև, ոչ միայն չի հարթվելու, այլև խորանալու է: Մինչդեռ իշխանավորները դեռևս երազում են 2007թ. խախանդ խորհրդարանական ընտրությունները՝ չհասկանալով, որ հետդարձ հնարավոր չի, և իրենց իշխանությունն է ժամանակի ընթացքին հակառակ, պատմական կոնտեքստից դուրս է և ժամանակավրեպ, և ոչ մի բռնություն չի կարող փոխել պատմության անիվը:
 
Այս ներքին մարտահրավերը խորքային է, մնայուն և պահանջում է նույնքան խորքային ու արմատական փոփոխություններ:  Ավելին, այդ փոփոխությունները միայն թույլ կտան դիմագրավել արտաքին մարտահրավերին, իսկ արտաքին մարտահրավերին դիմագրավելու պահանջը ոչ թե հետին պլան է գցում ներքին բարեփոխումները, այլ դարձնում է այդ ներքին բարեփոխումն անհրաժեշտ նաև արտաքին քաղաքականության տեսակետից: Այս վտանգի անտեսումը կարող է սադրել կործանարար գործընթաց, միաժամանակ արտաքին և ներքին ալիքների ժամանակագրական համընկնում, որը կարող է երկրի համար լինել ուղղակի կործանարար:
 
Կարծես թե ամեն ինչ պարզ է, բայց մեր իշխանությունն ինչպես միշտ ամեն ինչ անում է հակառակ: Վարչակարգը վերջին շաբաթներին ուներ բազմաթիվ առիթներ ու հնարավորություններ գործընթացն ուղղել քաղաքական դաշտ, անցնել բանակցությունների և սակարկությունների փուլ, խուսափել ուժային առճակատումից ու նախաձեռնել փոփոխություններ, որոնք՝ եզրին կանգնած երկիրը հետ կտանեին վտանգավոր շեմից: 
 
Այն սադիստական վայրագությունը, որի միջոցով փորձում են լուծել ճգնաժամն՝ ունի մեկ բացատրություն. վարչակարգը չի գիտակցում  իրավիճակի լրջությունը, չի հասկանում կատարվող հանրային փոփոխությունների ամբողջ ծավալը և պատմական խորը բնույթը, և ուղղակի պատրաստվում է 2017թ-ի խորհրդարանական չընտրություններին՝ վերարտադրվելու համար: Նպատակ է դրված ոչնչացնել, արմատախիլ անել ամեն ինչ, փչացնել, հեղինակազրկել բոլորին, այդ թվում նաև իշխանության մաս կազմող անձանց, որոնց պաշտոնանկության ժամանակը հասունանում է ևս, որպեսզի Չորրորդ Հանրապետության պաշտոնական ծնունդը կատարվի անցնցուն և վերահսկելի: Այս դաժանությունը սարսափի հետևանքն է, ոչ թե ուժի, և փորձ է արվելու հավաքել, ի մի բերել ունեցած-չունեցածն իշխանությունը երկարաձգելու համար:
 
Եթե նույնիսկ փոփոխությունների անհրաժեշտությունը գիտակցվում է, ապա Սերժ Սարգսյանն անձամբ կաշկանդված է հենց իր հենարանով ՝ հանրապետական կուսակցությամբ այն աստիճան, որ հանրապետականի դիմադրությունը հաղթահարելու համար ստիպված է լինելու հենվել հանրապետականից դուրս գտնվող ուժերի վրա ու քանդել այն համակարգը, որը ինքը խնամքով կառուցել է: Փաստացի, նման մարտավարությունն այն աստիճան մեծ ու ցնցումային փոփոխություն է, որ Սերժ Սարգսյանի նման զգուշավոր մարդը չի համարձակվի գնալ այդ ծավալի ու խորության փոփոխությունների, գերադասելով միայն «տյունինգ» անել ժանգոտած ու փտած համակարգն՝ ապրիլյան բախումներից հետո ՊՆ-ում կատարված պաշտոնանկությունների չափով և ձևով: Ուստի, առաջին սցենարը հնարավոր է միայն շարունակական ու կոշտ պարտադրանքի դեպքում, իսկ կրկին փորձելու են իրականացնել անհրաժեշտ նվազագույնի իրենց պատկերացրած հնարավորի նվազագույն իմիտացիան:

Արտաքին իմաստով իշխանության հույսն է Արևմուտք-Ռուսաստան հակասությունների սիրված խաղը, որով փորձելու է մարսել բռնությունն Երևանի փողոցներում, պնդելով թե այս իրավիճակում ուժեղ իշխանություն է անհրաժեշտ: Իհարկե, ԱՄՆ-ի դեսպանությունը տհաճ անակնկալ մատուցեց վարչակարգին, սակայն նոր ստանձնած գործառույթի (ոչ Լավրովյան պլանին և ռուս խաղապահներին) ուռճացումը և շահարկումը օգտագործվելու է այնպես, ինչպես այս տարիներին բազմիցս օգտագործվել է տարածքներ հանձնելու պատրաստակամությունն՝ իշխանությունը պահելու համար: Պարզ ասած,  2016թ-ին հայ ժողովուրդը դարձավ արտաքին քաղաքականության սուբյեկտ՝ իշխանությունից անկախ, և այժմ իշխանությունը ուզում է կրկին գողանալ, սեփականացնել այդ սուբյեկտությունը, որպեսզի ունենա որևէ գին արտաքին հարաբերություններում և… վաճառել այն՝ իշխանության ու վարկերի դիմաց: 
 
Կրկին փորձելու են ներքին լեգիտիմության բացակայությունը փոխհատուցել արտաքին լեգիտիմությամբ, մի առանձնահատկությամբ: Այժմ չկա պրո-ռուսական իշխանություն ու պրո-ռուսական ընդիմություն զույգը, որով կառավարվում էր Հայաստանը վերջին տարիներին, ինչը տալիս է Սերժ Սարգսյանին ձեռքերի ազատություն և սահմնափակում է ռուսական ազդեցությունը Հայաստանում: Կարելի է խոսել անսկզբունք իշխանության և ընդհանուր առմամբ Հայաստանակենտրոն, չկազմակերպված, պառակտված ընդիմություն զույգի մասին:
 
Սակայն այս իրավիճակում կա մի նրբություն ևս: Սերժ Սարգսյանը մաքրելով, ջարդելով դիմադրությունը ոչ միայն փորձում է դառնալ անփոխարինելի դրսի գործառույթի համար՝ ասել Պուտինի ոչ, այլև փորձելու է չթողնել երկրում և ոչ մի զսպանակ, շատ հանգիստ իրականացնել հակառակ գործառույթը՝ ասել Պուտինին այո.. Այս իմաստով, բացարձակապես կարևոր չեն մարդկանց ցանկություններն ու հայտարարաված նպատակները, կարևոր են հնարավորությունները: 
 
Իհարկե, այս խաղը պարզունակ է, ինչպես ոստիկանի մահակ, և հեշտությամբ կարելի է այն կանխել, եթե երկրում լիներ իրական այլընտրանք ՀՀԿ-ին՝ հանձինս լուրջ ընդդիմադիր միավորումի կամ դաշինքի: Այդժամ իրավիճակը կփոխվեր: Բայց, իշխանությունն, իրոք, թույլ է, իսկ ընդիմությունն՝ ավելի թույլ: 
Սակայն, այս ամենն այլ խոսակցության թեմա է: 
 
Հայկ Բալանյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր