Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

12 օգոս 2016 21:02

Հայկական կողմը պետք է իրերն իրենց անուններով կոչի և պարանոցն ազատի կախաղանի օղակից

Տարածաշրջանում ընթացող ակտիվ գործընթացների և ԼՂՀ խնդրի շուրջ զրուցեցինք  Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

-Պարոն Մեհրաբյան, Մոսկվայում  կայացավ Սարգսյան-Պուտին հանդիպումը: ի՞նչ կարող ենք ակնկալել այս հանդիպումից: 
-Այդ հանդիպման ընթացքում երկու նախագահները խոսում էին տրամագծորեն հակառակ մոտեցումների մասին: Գոնե Արցախի հարցում դա այդպես էր: Ինչ վերաբերվում է Եվրասիական տնտեսական միությանը՝ Պուտինը իր վրա վերցրեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության որևէ վարչության պետի գործառույթը և փորձեց հայկական կողմին ցույց տալ, թե Հայաստանը ինչ հաջողությունների է հասնում Եվրասիական միությանն անդամակցելիս, ինչը բացահայտ, ստոր սուտ է, և պետք չէ հայկական կողմին,  հայ հասարակությանը հիմարի տեղ դնել: 
Ինչ վերաբերվում է կոնֆլիկտի լուծմանը, ապա Ռուսաստանն ուզում է մի բան՝ չկարգավորված կոնֆլիկտ տարածաշրջանում և իր ռազմական ներկայությունն այնտեղ ապահովել հայկական շահերի հաշվին: Անընդունելի է, երբ նրանք խոսում են եռակողմ՝ Անկարա-Մոսկվա-Բաքու քննարկումների մասին, այսինքն ըստ նրանց հայկական կողմը՝ նույնիսկ Երևանը սուբեկտ չէ:
Այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հստակ նշեց, որ շատ կարևոր է պայմանավորվածությունները հարգելը՝ այսինքն կարելի է ասել, որ հայկական կողմը հասկացրեց Ռուսաստանին կարմիր գծի մասին, որ հայկական կողմը չի կարող պարզապես դրան գնալ: Եվ ամենակարևորը պետք է պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները: 

-Տարածաշրջանում Ռուսաստանը ակտիվ հանդիպումներ է անցկացնում, քննարկման առանցքային թեմա է նաև Արցախյան հիմնահարցը: Ի՞նչ վտանգներ կարող ենք տեսնել այստեղ հաշվի առնելով Ռուսաստն-Թուրքիա մերձեցումը:
-Ռուսատանը Հայկական պետականության թիվ մեկ սպառնալիքն է: Վտանգը չի դադարում քանի դեռ Ռուսաստանը  չի դադարում ուրիշի ձեռքով խաղեր խաղալ՝ այս դեպքում Ադրբեջանի: Նրանք աշխատում են Ադրբեջանի ռազմական պոտենցիալի մեծացման վրա, փորձելով Թուրքիայի հետ Ադրբեջանի գործոնը տարածաշրջանում էլ ավելի ուժեղացնել՝ ընդ որում  դա անում են հայկական գործոնը տարածաշրջանից ոչնչացնելու փորձերով:  Այդ գործընթացում ներքաշում են նաև Իրանին: Եկել է ժամանակը, որ հայկական կողմը իրերն իրենց անուններով կոչի և իր պարանոցն ազատի այս կախաղանի օղակից: Հայաստանը պետք է քրտնաջան աշխատի այս խաղի կանոնները փոխելու և սեփական շահերն առաջ տանելու համար և ճշգրիտ քաղաքական քայլերով դուրս գա այս փակուղուց: Մենք ոչ թե Ռուսաստանի դաշնակիցն ենք, այլ նրա պատանդը:  

-Հաշվի առնելով Իրանի լուրջ գործոնը տարածաշրջանում՝ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան նոր առանցքի ձևավորումը ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանում և ինչպե՞ս կանդրադառնա ԼՂՀ խնդրի վրա:
-Չպետք է մոռանալ, որ Իրանն ունի անընդմեջ գործող դիվանագիտության 5000 ամյա պատմություն: Իրանը հետաքրքիր ռազմավարություն է  առաջ տանում և պարզապես փորձում է իր օգուտները քաղել և խուսափել վնասներից:  Իրանում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանով դուրս գալով Ռուսաստան՝ նրանք դուրս են գալիս դեպի փակուղի, որը Իրանի Արևմուտքի հետ կապող ռազմավարությանը որևէ օգուտ չի տալիս: Իրանը զարգացնում է իր կոմունիկացիաները՝ այսպես ասած ռադիալ ստրատեգիայի ճանապարհով ապահովում է կապերն արտաքին աշխարի հետ: Ես համոզված եմ, որ Իրանը կխուսափի Հայաստանը մեկուսացնելու քաղաքականության մեջ դեր խաղալուց, բայց նաև կարևոր է, որ հայկական կողմն ինքը նախաձեռնողի դերում լինի: Իրանը բազմաթիվ անգամ նշել է իր պատրաստակամության մասին և հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ իրանական կոմունիկացիաները դեպի Արեւմուտք անցնեն Հայաստանով: Ընդ որում, խոսքը վերաբերվում է թե ածխաջրածիններին, թե տրանսպորտային բեռնափոխադրումներին, իսկ դրան խոչնդոտող քաղաքական գործոնները պետք է հայկական կողմը ընդհանրապես չեզոքացնի:

-Ի՞նչ եք կարծում Հայաստանը կգնա միակողմանի զիջումների, թե այնուամենայնիվ հարցը կլուծվի փոխզիջումային տարբերակով:
Հարցի լուծման որևէ միտում չեմ տեսնում: Ռուսաստանը շահագրգռված չէ կոնֆլիկտի լուծմամբ: Ռուսաստանի երազանքն է. չկարգավորված կոֆլիկտ և այդտեղ իր ռազմական ներկայությունը, որն իրեն հնարավորություն կտա մշտական ճնշման տակ պահել, ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ադրբեջանին: Դա ոչ միայն համահունչ չէ, այլև տրամագծորեն հակառակ է հայկական շահերին: Հիմա Հայաստանն ապրում է դժվար ժամանակներ, և չպետք է թույլ տա, որ այս պատմական ժամանակահատվածում որևէ ձևով վտանգվի Հայոց պետականությունը:
Զրուցեց՝ Դիաննա Մանուկյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր