Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

23 օգոս 2016 17:17

Հայաստանն այս իշխանությունների շնորհիվ Անկախության հռչակագրի ոչ թե իրականացման, այլ՝ կորստի փուլում է. Տեսանյութ

1990 թվականի օգոստոսի 23-ը պատմական նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար՝ ընդունվեց Անկախության  հռչակագիրը: Գերագույն խորհրդի առաջին նիստում՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին հռչակագրի ընթերցումը վստահվեց ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանին: Օգոստոսի 23-ին խորհրդանշական օրվա հետ կապված Հայացք մամուլի ակումբը հյուրընկալել էր Արամ Մանուկյանին: Արամ Մանուկյանը ասուլիսին իր հետ բերել էր խորհրդանշական 23 հատ Անկախության հռչակագրի օրինակներ, որը ստորագրությամբ նվիրեց ներկաներին:  26 տարի անց անձամբ է ստորագրում հռչակագրի տեքստի տակ ու հպարտանում, որ եղել է երկրի ծննդյան վկայականի ստեղծման  գործընթացի մի մասնիկը. «Օգոստոսի 23-ը մեր ժողովրդի պատմական, հրաշալի օրերից մեկն է: 26 տարի առաջ այս օրը ընդունվեց մեր պատմության մեջ երևի լավագույն փաստաթուղթը: Երկրորդ փաստաթուղթը չեմ կարող գտնել, որն այնքան սիրելի է, այնքան ռոմանտիկ, այնքան իրատեսական, այնքան ծրագրային, ինչպես Անկախության հռչակագիրը: Դա մեր պետականության անկյունաքարն է, ծննդյան վկայականը: 1990 թվականին, դեռևս երկու ամիս է ինչ աշխատում էր խորհրդարանը և որևէ մեկս պատգամավորական փորձ չենք ունեցել, երբ աշխատում էինք այս փաստաթղթի վրա: Մեկը բժիշկ էր, մեկը ուսուցիչ, մյուսը գիտնական, բայց ծնվեց այս հրաշալի փաստաթուղթը, որը երբևէ որևէ մեկը չի քննադատել, սա հիրավի մեր երկրի պետականության հիմքն է: Այս փաստաթուղթը հարկավոր է գուրգուրել. սա պատմական փաստաթուղթ է»,-նշեց ԱԺ պատգամավոր,  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը խոսեց այն մասին, թե որքան համարձակ, գրագետ ու մշակված քայլ էր Անկախության հռչակագրի կազմումը  և ընդունումն այն ժամանակ`այլ պետության`Խորհրդային միության կազմում: Իսկ հիմա, մտահոգություն հայտնեց, որ Հայաստանն այս իշխանությունների շնորհիվ այս կարևոր փաստաթղթի ոչ թե  իրականացման, այլ՝ կորստի փուլում է. դարձել է ոչինչ և որևէ լծակ չունի իր անկախությունը խորացնելու համար:  Կորստի համատեքստում նա խոսեց ԼՂՀ կարգավորման հարցում առկա խնդիրներից  ու նկատեց. «Ղարաբաղում հաջողություններ ունեցել ենք ռեալ անկախության, Ռուսաստանի, Իրանի աջակցության, Թուրքիայի չեզոքության, միջազգային կառույցների աչք փակելու հաշվին: Մինչդեռ, այսօր ամբողջապես հակառակն է՝ կանգնած ենք մեր բարեկամների`մեզ համար անհետացման ճանապարհին: Որևէ երկիր չկա, որն ամբողջությամբ կանգնած է Հայաստանի թիկունքին և պաշտպանում է հայկական շահը, Ղարաբաղի շահը: Երկիրը հզոր է այնքան, ինչքան բարեկամ ունի, երկիրը թույլ է և ապաշնորհ այնքան, ինչքան հակառակորդ ունի: Մեր հարևաններ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը մեր կողքի խաղացողներն են, ու պետք է անել այնպես, որ մեր ներկայությունը նրանց համար շահավետ լինի: Բայց մենք տեսնում ենք, որ նրանք միմյանց հետ համագործակցում են, իսկ մենք դուրս ենք մնում այդ գործընթացներից, ու հեռանկարում էլ ոչինչ չի երևում: Մեզ ավելի վատ օրեր և ծանր փորձություններ են սպասվում ու եթե ԼՂՀ հարցում երբեմն առաջարկվել են բարդ վիճակներ, այժմ դրան էլ գումարվել է կարճ ժամկետը, որի ընթացքում պետք է պատասխան տան»,- ասաց Արամ Մանուկյանը: «Ոչ մի թիզ հողը», նա համարում է դուրս գալ բանակցություններից և ըստ նրա՝ նրանք, ովքեր այսօր մերժում են բանակցությունները, դրական վիճակի չեն բերում մեր երկիրը: 

Արամ Մանուկյանը անդրադառնալով «Սասնա Ծռերի» գործողություններին և իրենց լռությանը նշեց, որ լռում էին, փողոց դուրս չէին գալիս, քանի որ բռնությամբ իշխանափոխության տարբերակը չեն ընդունում և իրենք լուրջ վտանգ էին տեսնում, որ ստեղծված վիճակը կարող էր ավելի սրվել՝ վերածվելով պետության կորստի կամ քաղաքացիական պատերազմի. «Չի կարելի անել այնպիսի բան, որը կարող է եղածն էլ կործանել: Եվ մեր լռությունը հենց այդ նպատակն ուներ, որ չսրեր, չլարեր վիճակը, չտաներ ավելի վատ էսկալացիայի: Բռնությունը, ում կողմից էլ այն իրականացվի, իշխանափոխության համար մեթոդ չէ, մեր մեթոդը չէ: Բռնությամբ դու լեգիտիմացնում ես, հնարավորություն ես տալիս ամեն հաջորդի ժամանակ այդ մեթոդը կիրառել: Որքան էլ նրանք ազնիվ են, որքան էլ հայրենասեր են, որքան էլ իմ ընկերներն են»:

Պատգամավորն ասաց նաև, որ իրենք կալանավորված «Սասնա ծռերին» փորձում են աջակցել, փաստաբանների հետ են աշխատում, բայց դա հրապարակավ չեն անում։
Նա նաև անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին նշելով, որ ՀԱԿ-ը կարևորում է Գյումրու եւ Վանաձորի ընտրությունները. «Թեկնածուներ ունենք, ցուցակները կազմած են: Երկու տեղում էլ կլինեն բաց ցուցակներ, փորձելու ենք մեր շուրջ հնարավորինս լայն կոնսոլիդացիա ստեղծել: Վաղը չէ մյուս օրը մեր վարչության նիստն է, որտեղ կհաստատվեն ցուցակները և կհրապարակվեն թեկնածուների անունները»: 
Խոսելով ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերվող համաձայնությունների մասին, Արամ Մանուկյանը ասաց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու վերաբերյալ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացրած հինգ պահանջներից չորսն իշխանությունը համաձայնել էր բավարարել: «Երկու օրվա ընթացքում «4+4+4» ձևաչափի մասնակից քաղաքական ուժերը և հասարակական կազմակերպությունները հայտարարություն կանեն, թե վերջնական ինչ համաձայնություններ են արձանագրել»:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր