22:44 - Օրվա խորհուրդ.Մարտի 23         21:00 - Բերանում դառը համի զգացողության առաջացման պատճառներն ու բուժումը      20:45 - Ինչպես 3-ամյա աղջիկը «գողացավ» Հռոմի պապի թասակը (տեսանյութ)    

17 նոյ 2016 21:21

Ազգ- բանակ, թե՞ գեներալների բանակ

Պատերազմող երկրում պաշտպանության նախարարը միշտ կարևոր անձ է, և հանրությունը փոքր հույսով սպասում էր Վիգեն Սարգսյանից էական ծրագրային մոտեցումներ, որոնք պիտի արդիականացնեն զինված ուժերը՝ դարին համահունչ, ապահովեն մեր երկրի առավել անվտանգությունը մեր սուղ միջոցների սահմաններում: Ավաղ, տպավորություն է ստեղծվում, որ նորանշանակ նախարարը դեռ չի պատկերացնում բանակի խնդիրները և իր անելիքները, կամ էլ նման լիազորություններ չունի:
 
Նախարարի կողմից հնչեցված ազգ-բանակ կոնցեպտի իրականացումը սերտորեն կապված է կրթության ու դաստիրակության հետ, և սկսվում է բառացիորեն մանկապարտեզից, կրթական համակարգից: Բայց անհնար է քաղաքացուն տալ մարտիկի դաստիրակություն և կրթություն, եթե երկրում կրթությունը արժեք չէ և ապագա մարտիկը գիտի, որ իշխանությունը պատկանում է ու պատկանելու է չծառայածներին ու անկիրթներին, և կրթված ու դաստիրակված մարդը սոցիալական վերելակով բարձրանալու հնարավորություն չունի, քանի որ որոշները ավելի հավասար են:
 
Ինտելեկտով, կրթությամբ, ունակություններով քաղաքացիների առաջընթացը պահանջում է հավասար իրավունքներ՝ այսինքն քաղաքական ազգ, ոչ դասային հասարակարգ, քաղաքական ազգի բոլոր անդամների համար քաղաքական և սոցիալական հավասարություն, պետության կառավարմանը մասնակցելու հավասար հնարավորություն նաև պարտականություն, կոլեկտիվ առաջընթաց, կոլեկտիվ սոցիալական պատասխանատվություն և այլն: Այսպիսի ազգայնական ծրագիրը դուրս է բանակաշինության խնդիրներից, եթե խոսքը իսկապես իրական ծրագրերի մասին է, և պահանջում է երկրի արմատական և ամբողջական բարեփոխում: 
Այս ամենը նախարարի ելույթում ուղղակի չկար: Այդ դեպքում, հարց է առաջանում, քարոզչությունից ու մանր գողության վերացումից զատ, ազգ-բանակը նախարարի համար ինչ է նշանակում, և ամենակարևորը ինչ է դա նշանակում շարքային քաղաքացու համար՝ միթե՞ միայն չգողանալը կամ ապաքաղաքական(ոչ քաղաքացի)  ու ավելորդ հարցեր չտվող զինվոր լինելը:
Մինչդեռ, նախարարն իսկապես բազմաթիվ անելիքներ ունի բանակում, որոնց մասին մենք այդպես էլ չլսեցինք: Մասնավորապես, միացյալ հայկական Զինված Ուժերի սպայական դասի կազմի և ռազմական համակարգի ամբողջական կառուցվածքի վերանայումը, ինչպես ամբողջ հիերարխիայի, այնպես էլ առանձին ստորաբաժանումների կառուցվածքի մասով դառնում է հասունացած խնդիր: 
 
Հայկական ԶՈՒ-ը բաղկացած է մեկ առանձին բանակից (Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակից)  և ՀՀ ԶՈՒ հինգ բանակային կորպուսներից: ՀՀ ԶՈՒ-ը 90-ական թթ-ին կառուցված էին գումարտակ-բրիգադ-կորպուս հիերարխիկ համակարգով, սակայն հետագայում ՀՀ ՊՆ բրիգադների մի մասը իրենց անձնակազմով, տեխնիկայով և պահվող դիրքերով հանձնվեցին ԼՂՀ ՊԲ-ին, իսկ բանակային կորպուսները մնացին արդեն առանց այդ բրիգադների: Նաև բրիգադների փոխարեն ստեղծվեցին գնդեր, գնդապետների պաշտոնները դարձվեցին գեներալական, ինչպես նաև գնդապետների պաշտոներրը բազմացան: Չնայած նույն խորհրդային տարիների նույնիսկ դիվիզիաների հրամանատարները հաճախ գնդապետ էին: 
 
Ըստ, մամուլի բաց աղբյուրներից ՀՀ ԶՈՒ կորպուսների մեծ մասը առանձին վերցրած նույնսիկ մեկ դիվիզիայի կազմ չունեն, բացի այդ մենք ունենք նաև այդ կորպուսներից դուրս, բանակը տրոհող բազմաթիվ առանձին զորամիավորումներ: Որպես հետևանք ԶՈՒ կազմում ընդհանուր առմամբ չափից ավելի շատ են գեներալական պաշտոնները, միջանկյալ և անիմաստ կառույցներ, շտաբեր իրենց համհարզներով, սպասարկող անձնակազմով, կառավարման անօգուտ և ծախսատար օղակներ, որոնք ոչ խաղաղ, ոչ էլ պատերազական ժամանակ չունեն և չեն էլ կարող ունենա կառավարման գործառույթներ, քանի որ այդ կառավարող մարմինների ենթակայության տակ գտնվող միջոցները, չափից ավելի փոքր են ինքնուրույն խնդիր կատարելու համար, իսկ խնդիրները պահանջելու են ուժերի կենտրոնացում իրենց վերադասների ենթակայության տակ: Որն է՞ կորպուսային հրամկազմ և շտաբ պահելու իմաստը, եթե այդ կորպուսը բաղկացած է մեկ գնդից և երկու առանձին գումարտակից՝ այսինքն եղածը մեկ լիարժեք բրիգադ է կամ դիվիզիա: Անունները իհարկե կարևոր չեն, կարևորը պաշտոնների առատությունն է:
Նույն վիճակն է ԼՂՀ-ում, որտեղ ԼՂՀ ՊԲ պաշտպանական շրջաններից /իմա բրիգադներից/ զատ, ավելորդ մի օղակ է ստեղծված դիվիզիաների տեսքով, որոնք ուղղակի կրկնօրինակում են պաշտպանական շրջանի գործառույթները, առանձին գործելու ոլորտ չունեն ու բացարձակապես ավելորդ են: 
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, ԱԺ-ում վերջերս բարձրաձայնեց նաև հրամկազմի խնդիրը նշելով, որ Հայաստանը բոլոր ծառայություններով ու նախարարություններով ունի շուրջ 150 (հարյուր հիսուն) գեներալ, այսինքն 20 հազար բնակչին մեկ գեներալ՝ եթե իսկապես ընդունենք, որ երկրի բնակչությունը երեք միլիոն է: Այն դեպքում, երբ նույն Ռուսաստանում մեկ գեներալը բաժին է ընկնում 200 հազար բնակչության, իսկ ԱՄՆ-ում 285 հազար բնակչության: Օրինակ իսրաելական ԶՈՒ-ի քանակը խաղաղ ժամանակ մոտ 180 հազար է, ունեն մոտ 100 գեներալ, իսկ ԱՄՆ-ի ԶՈՒ-ի 1,371 հազար զինծառայողին բաժին է հասնում 879 գեներալ: Հայկական միացյալ ԶՈՒ-ի միացյալ քանակը չի անցնում 80 հազարը: Եթե Հայաստանի բնակչության իրական թիվը համադրենք մեր գենելարների քանակին, ապա որակի համադրումը արդեն իսկ դառնում է անիմաստ: Դառել ենք լատինամերիկյան երկիր, մի բուռ զինվորներին՝ բազմաթիվ ուսադիրավորներ ու մեծ ու փոքր պետեր ու հրամանատարներ:
 
Վերադառնալով կառուցվածքին, պետք է նշել, որ այդ, առանց իրական գործառույթի/զորամիավորման/ գեներալների ու համապատասխան ստրուկտուրաների գլխին էլ դեռ կան Նախարարության ու Գլխավոր Շտաբի ղեկավարության օղակները, որոնք փաստացի զուգահեռ ու կրկնօրինակող գործառույնթեր ունեն: Նույն իրավիճակն է նաև միջին օղակներում, որտեղ գնդապետների առատություն է, որոնք նույնպես իքս պահին չպահանջված ու ավելորդ են լինելու նույն կենտրոնացման ու միասնականացման նպատակներով:
Գեներալներն ու գնդապետներն անհամարժեք շատ են ու երիտասարդ, և կարուսելի սկզբունքով փոխում են պաշտոնները՝ թույլ չտալով ներքևից երիտասարդ սպաներին աճել և կայանալ: 
 
Անհասկանալի է բանակին կից ստեղծված պատժիչ մարմիների դերը. Ռազմական դատախազությանը, որի գործառույթները լիարժեք կարող է իրականացնել սովորական քաղաքացիական դատախազությունը, Ռազմական Ոստիկանությանը, որը տարիներ ի վեր չի կանխել կամ պատժել գեթ մեկ վատնում՝ նյութական վնաս, գողություն կամ այլ տնտեսական հանցագործություն, և այդ իսկ պատճառով նորանշանակ նախարարը չգիտի և ոչ մի վատնման կամ չարաշահման մասին՝ ոչ էթիկայի, ոչ էլ իրավական տեսակետից: Այդ մարմիններն ուղղակի խեղդում են բանակը և ռեսուրսների անմիտ կորուստ են:
Բյուրոկրատիայի անմիտ աճը չի շրջանցել նաև բանակը, և բանակի ոչ միայն ծախսերի, այլև կառավարման արդյունավետության, և հետևաբար մարտունակության բարձրացման  համար ուղղակի անհրաժեշտ է վերանայել ամբողջ հիերարխիկ կառուցվածքը, հեռացնել ավելորդ օղակները, վերակազմավորել ամբողջ համակարգը, սկսած հինգ բանակային կորպուսներից մինչև անմիջապես զորամիավորումները: 
Յուրաքանչյուր բյուրոկրատական կառույց սիրում է խոսել իր առանձին և շատ հատուկ առանձնահատկությունների մասին (սպեցիֆիկայի), սակայն փաստ է, որ բանակը առաջին հերթին կորպորացիա է և տնտեսական օրգանիզմ, և ենթարկվում է սովորական մենեջմենթի կանոներին, որոնց նպատակն է ապահովել կառավարման, կապի, լոգիստիկ ապահովման առավելագույն արդյունավետությունը: 
Եվ ես, իսկապես կնախընտրեմ, ասենք Սամվել Ալեքսանյանի, մենեջերների բարեփոխումները, որոնք բոլոր անիմաստ, ծախս պահանջող ու ավելորդ օղակներն արմատախիլ կանեն՝ ապահովելով գրեթե իդեալական լոգիստիկ լուծումներ, քան թե գեներալների, որոնք պիտի ապահովեն իրենց ազգականների, որդու սեղանակիցների կամ կնոջ բարեկամների համար գեներալների ու գնդապետների պաշտոնների առատություն, ծառայողական մեքենաները ու գրասենյակները ի հաշիվ լեյտենանտների ու կապիտանների: 
 
Անմիջականորեն մարտի դաշտի զորամիավորման կազմը ու կառուցվածքն իհարկե ունի զուտ ռազմական առանձնահատկություններ, և այդ թեմայով պիտի խոսեն պրոֆեսիոնալ զինվորականները՝ չնայած հեծանիվ մոգոնելու կարիք այս հարցում նույնպես չկա: Սակայն ինչքան ավելի բարձր մակարդակի և/կամ ընդհանուր կազմակերպչական համակարգի մասին է խոսքը, այդքան զուտ ռազմական նրբությունները իրենց տեղն են զիջում լոգիստիկ և մենեջերական լուծումներին, և այդ մակարդակով, բանակն արդեն կառուցվում է ելնելով զուտ կառավարման և լոգիստիկ տրամաբանությունից, ինչպես բոլոր խոշոր կազմակերպությունները: Եվ ոչ մի բանակ այդ իմաստով բացառություն չէ: Եթե անհնար է արդյունավետ ձևով ապահովել կապը ու կառավարումը՝ սննդի, վառելիքի, զինապաշարի և այլնի մատակարարումը մինչև վերջին զինվորը, եթե բանակում տասնյակ «Նապոլեոնները» իրենց շտաբերով, իքս պահին մնում են առանց կառավարվող մարմնի, իսկ բոլոր որոշումները և իրական կառավարումը իրականացվում են զինվորականների մի փոքր խմբի կողմից, որոնք կատարողին իր տեղում չեն կարողանում գտնել, ապա գնդապետների և գեներալների օղակի բառացի սեկվեստրը և ռազմական  կառուցվածքի բարեփոխումը դառնում է պարտադիր: 
 
Այս խնդրի հետ սերտորեն կապված է նաև կառավարման ավտոմատացումը, որը այդպես էլ չի իրականացվել: Հոդվածի հեղինակի որդու հաշվառման զինկոմիսարիատը Երևան քաղաքի մեջ մեկ վարչական շրջանից մյուս տեղափոխելը տևեց մեկ ամիս: Մի զինկոմիսարիատից դեպի մյուսը, և հակառակը թուղթ տանել-բերելով և ոստիկանության բաժանմունք հաճախելով: Զինկոմիսարիատի աշխատակիցները դառնությամբ բողոքում էին, թե ամեն մի առևտրային ՍՊԸ ունի իր էլեկտրոնային համակարգը, իսկ իրենք դեռ թղթերով են աշխատում: Այս իրավիճակը առավել զարմանալի է նկատի ունենալով, որ գործնականում, գրեթե բոլոր պետական հաստատությունները ամբողջովին անցել են էլեկտրոնաին կառավարման համակարգերի՝ Հայաստանում և պետական, և մասնավոր հատվածներում այդ գործի մեծ փորձ կա:
Խոսքը միայն զինկոմիսարիատների կամ կադրերի կառավարման մասին չէ, խոսքը ամբողջ ԶՈՒ կառավարման մասին է, որը իր մեջ պիտի ներառի ինչպես տարրական հաշվապահությունը՝ պահեստներով, բոլոր տեսակի և նշանակության նյութական արժեքների հաշվառումով, այնպես էլ անմիջականորեն զորամիավորումների ավտոմատացված կառավարումը, երբ մեկ հրամանը ավտոմատ  գեներացնում է տասնյակ այլ հրամաններ և փաստաթղթեր բոլոր ստորին և հորիզոնական օղակներով՝ իրականացվող միջոցառումների ամբողջ ծավալով ու խորությամբ մինչև վերջին կատարողը և վերահսկումը:  Ավտոմատացումը՝ թույլ է տալու բարձրացնել կառավարաման արդյունավետությունը կառավարման հիմնական գործընթացների թվայնացման միջոցով, ինչպիսին են իրավիճակի, սեփական և հակառակորդի զորքերի մասին տվյալների հավաքումը, մշակումը, գնահատումը և ներկայացումը, ապահովելու է հավանական հարձակման մասին ղեկավարության իրազեկումը, որոշումների կայացման տեղեկատվական և մաթեմատիկական աջակցությունը, հրամանների ավտոմատ գեներացումը և դրանց ներկայացումը կատարողներին, հրամանների ստացման հետադարձ հաստատումը և կատարման մասին հաշվետվությունը, մարտական և տեղեկատվական փաստաթղթերի ձևավորումը և շարժը, և այլն և այլն՝ ինչպես խաղաղ պայամներում, այնպես էլ պատերազմական՝ իրական ժամանակի ռեժիմով: 
Պետք է ասել, որ նման համակարգի ներդրման փորձ իրականացվել էր ԼՂՀ ՊԲ-ում 90-ական թթ-ին, սակայն այն տապալվեց համակարգի կողմից և մոռացության մատնվեց: 
Ընդ որում, հենց այդպիսի ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը՝ արդյունավետ լոգիստիկ գծագրի հետ մեկտեղ, հստակորեն ցույց կտա բոլոր ավելորդ ստորաբաժանումների, գեներալների ու գնդապետների տեղը, պահեստներում առկան և պակասը, նյութական և մարդկային ռեսուրսների շարժը և վիճակը, ավելորդ կամ պակաս բեռնատարները, պահեստները, զորամասերը, շենքերը ու միջոցները՝ դրանց արդյունավետ բաշխման ու կառավարման ուղիները և մեր ռազմական կառուցվածքի հասունացած օպտիմալացման ճանապարհը:
Ազգի խնդիրները Վիգեն Սարգսյանն իհարկե լուծել չի կարող, ազգը ինքը կլուծի իր խնդիրները: Բայց եթե այս երկու մատնանշած ոլորտները՝ բանակի կառուցվածքի ու կազմի բարեփոխումը և կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը իրականացվի, ապա  հաստատ ոչ հազար դրամ հավաքելու կարիք կունենանք, ոչ էլ ավելի մեծ գումարների հավաքման դժվարություն, իսկ մանր ու խոշոր գողության հարցերը կլուծվեն քաղաքական ազգի կայացմանը զուգահեռ:
 
Հայկ Բալանյան 

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր