17:00 - Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի         16:27 - Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում      16:03 - Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ նրանք, ովքեր իրենց բիզնեսը հիմնել են այս տարվա հունվարից    

23 դեկ 2016 17:00

Շարմ Հոլդինգի միջոցառումների շարքը 25-ամյակի առթիվ(լուսանկարներ)

Արդեն 25 տարի է՝ «Շարմ Հոլդինգ» ընկերությունը գործում է մեր հանրապետությունում և այս ընթացքում բազմաթիվ նախագծեր է իրականացրել, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է գրավում կինոարտադրությունը: Այս առիթով ընկերությունը Երևան Մոլի և Կինոպարկի հետ համատեղ «Sharming since 1991» կարգախոսի ներքո կազմակերպում է «Շարմ Հոլդինգ»-ի նկարահանած ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:

Կարճ ներկայացնելով ընկերության անցած 25 տարիների ճանապարհը՝ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը խոսեց նաև ընկերության հետագա անելիքների մասին.

«Այս տարի «Շարմ Հոլդինգ»-ը DMH ստուդիոյի հետ համատեղ նախաձեռնել է մի նախագիծ, որն իրենից ներկայացնում է մի քանի  նովելներից բաղկացած գեղարվեստական ֆիլմ և նվիրված է այն ամենին, ինչը Հայաստան ենք կոչում: Նախագծի մեջ ընդգրկվել են թվով 6 ռեժիսոր, և նրանց ամեն մի նովելի հիմքում ընկած է մի պատմություն, մեր հայրենիքի հանդեպ մի վերաբերմունք: Ֆիլմի աշխատանքային անվանումը Չարենցի ամենահայտնի «Ես իմ անուշ Հայաստանի» ֆրազն է: Ֆիլմում ընդգրկված վեց ռեժիսորներն են՝ Հրաշ Քեշիշյանը, Արշալույս Հարությունյանը, Էդգար Բաղդասարյանը, Արեն Մալաքյանը, Մհեր Մկրտչյանը և Արամ Շահբազյանը»:

Այնուհետև էքսկլյուզիվ կարգով ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար փակ կինոդիտումի ընթացքում ցուցադրվեցին Հրաչ Քեշիշյանի «Հայրիկ» և Արշալույս Հարությունյանի «Մեղրամիս» նովելների նախնական տարբերակները: Ու չնայած իրենց ոչ ավարտուն տեսքին՝ երկու նովելներն էլ իսկապես տպավորեցին ներկաներին: Փակ դիտումին ներկա կինոռեժիսոր Արշալույս Հարությունյանը վերջում այսպես բնութագրեց իր աշխատանքը. «Մեզ նման ֆիլմ է սա, որտեղ կա ամեն ինչ ու հատկապես բարություն, որն անգամ չարության մեջ է առկա»:  Այն հարցին, թե կոնկրետ երբ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա, Կարեն Ղազարյանը դժվարացավ պատասխանել, քանի որ աշխատանքներ դեռ շատ կան:

 

«Ես իմ անուշ Հայաստանի» ֆիլմը կազմող նովելների քանակն առայժմ 6-ն է, սակայն Կարեն Ղազարյանը չի բացառում, որ այդ թիվը կարող է 1-2-ով ավելանալ, եթե լավ սցենարներ ներկայացվեն: «Այստեղ ընտրվել են ոչ թե ռեժիսորները, այլ նրանց ներկայացրած պատմությունները»,- շեշտում է Ղազարյանը:

Նրանց համար, ովքեր ծանոթ չեն կինեմատոգրաֆի այս ֆորմատին, երբ ֆիլմը բաղկացած է մի քանի տարբեր պատմություն-նովելներից, հիշեցնենք, որ «Շարմ»-ն արդեն ունի նմանատիպ նախագիծ-ֆիլմ. խոսքը 2009թ. «Տաքսի «Էլի լավա»-ի մասին է, որը ներկայացնում է մեր Երևանը՝ իր բնակիչներով, պատմություններով ու կոլորիտի ողջ ներկապնակով: Նոր ֆիլմի դեպքում արվում է նույնը, սակայն այս դեպքում ներկայացվում է  Հայաստանը՝ իր բոլոր ասպեկտներով: Ֆիլմի այս ժանրը օգնում է ավելի համակողմանի ներկայացնել թեման, որտեղ ամեն մեկն իրեն հարազատ մի պատմություն անպայման կգտնի:

 

 

Տեղեկացնենք, որ «Sharming since 1991» կարգախոսի ներքո կազմակերպված «Անահիտ», «Poker.am», «Պահանջվում է միլիոնատեր», «Քայլ ձիով» ֆիլմերի կինոդիտումները լինելու են ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ բացառությամբ դեկտեմբերի 30-31-ի: Իսկ Երևան Մոլ առևտրի կենտրոնում և Կինոպարկում այդ մեկ ամսվա ընթացքում կհնչեն «Շարմ Հոլդինգ»-ում ձայնագրված երգերը: Մեկամսյա ցուցադրությունների ընթացքում կինոսերների համար ամեն օր կազմակերպվելու է ֆոտոմրցույթ: Մասնակիցները, օգտագործելով #sharmholding25, #sharming25,#weare25, #sharm25, #kinopark, #YerevanMall հեշթեգը, իրենց լուսանկարը պետք է տեղադրեն ֆեյսբուքյան էջ, և ամենաշատ like հավաքած լուսանկարի հեղինակը օրվա վերջում կարժանանա մրցանակի:

Նշենք, որ «Շարմ Հոլդինգ»-ի հիմնադիրների որոշմամբ՝ ֆիլմերի ցուցադրություններից ստացված «Շարմ Հոլդինգ»-ի հասույթը կփոխանցվի «Մասնակից եմ» բարեգործական հիմնադրամին, որի հիմնական ուղղվածությունն է՝ աջակցել արցախա-ադրբեջանական պատերազմից տուժածներին և զոհվածների ընտանիքներին:

BlogNews.am



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր