22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 17         21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել      21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված    

26 դեկ 2016 10:30

Սուսաննան մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակչուհի, 36-ամյա Սուսաննան մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ այս տարվա փետրվարի 15-ին Սուսաննան զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ ամուսինը ծեծել է իրեն։ Ահազանգի հետքերով Սուսաննայենց տուն են այցելել ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները։ Պարզելով, որ 36-ամյա կինը ցանկանում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, սակայն գտնվում է ոչ սթափ վիճակում, ոստիկանները որոշում են «Շտապօգնություն» հրավիրել՝ տեղում սթափության աստիճանի զննություն կատարելու համար: Սուսաննան սկսել է վիճել ոստիկանների հետ, հայհոյել է նրանց, քաշքշել ծառայողական համազգեստից, ձեռքերով հարվածներ է հասցրել ոստիկաններից մեկին՝ ճանկռելով ձախ դաստակը։ Այնուհետեւ հրելով դուրս է հանել տնից ոստիկաններին։
Սուսաննային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր