22:02 - Օրվա խորհուրդ.Մարտի 28         21:00 - ՌԴ ՊՆ-ն հերքում է սպառազինությունների մատակարարումներու մասին տեղեկատվությունը      20:45 - Նախագահը, եթե իր երկրում 15 տոկոս վարկանիշ ունենար ու մի քիչ էլ արժանապատվություն, հաջորդ օրը կամ կհեռանար, կամ կինքնահրկիզվեր    

12 հուն 2017 14:30

Սպառած բնական գազի չափաքանակը կներառվի ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում.Կառավարության նիստի օրակարգային հարցերն ու նոր հանձնարարականները

 

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակագային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերել է ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելուն:
«Հանձնարարում եմ Տտնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Պաշտպանության, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել և 20 օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների»,-նշել է գործադիրի ղեկավարը: Վարչապետը հանձնարարել է, մասնավորապես, դիտարկել փոխարինման մեխանիզմների տարբեր հնարավորություններ, այդ թվում ՝
1. համարժեք փոխարինող ապրանքներ, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծվողների նկատմամբ: Շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել և ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին:
2. ապրանքներ, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում: Ընդ որում, այդ ապրանքների արտադրության կազմակերպման կամ արտադրական հզորությունների ավելացման համար կատարվելիք ներդրումները կարելի է հետ գնել միջին ժամկետում:

Նախատեսվում է 2017թ. ավելացնել պետբյուջե մուտքագրվող շահաբաժինները

Հաջորդ հանձնարարականը Կարեն Կարապետյանը տվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին. «Առաջին. երկամյսա ժամկետում Առողջապահության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության, Գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Կրթության և գիտության, Մշակույթի, Պաշտպանության, Սպորտի և երիտասարդության հարցերի, Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարների և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկման արդյունքում՝ ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ` նպատակ ունենալով 2017թ.-ի կտրվածքով պետական բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի էական ավելացումը: Երկրորդ. եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ` նպատակ ունենալով վարձակալությունից պետական բյուջեի մուտքերի էական ավելացումը և ծառայությունների մատուցման որակի բարելավումը»: 
Կառավարության ղեկավարը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարել է նաև երկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) մասնավորեցման, ինչպես նաև պետական գույքի օտարման ցանկերը: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը եռամսյա ժամկետում կանխատեսումներ պետք է ներկայացնի նաև մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) մասնավորեցումից, ինչպես նաև պետական գույքի օտարումից 2017թ.-ին սպասվելիք արժեքային գնահատականների վերաբերյալ:

«ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ուղիները» ծրագրում նախատեսվող փոփոխությունների նպատակը նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունն է

Էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին: «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով, ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ուղիները» ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն` նպատակ դնելով նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը
• կարևորելով տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը և դրա արդյունքում տարածաշրջանի երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների ընդլայնումը,
• հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր հզորությունների կառուցման ուղղությամբ էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող լայնածավալ ներդրումները, 
• ինչպես նաև, հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի զարգացման և դրանից բխող հանրապետության էներգետիկ անկախության ամրապնդման, էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ունենալ հստակ ծրագիր՝ գնահատելով հնարավորություններն ու կարիքները:
Հաստատվել են ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ այն ընդգրկում է 140 գերակա խնդիր և 160 միջոցառում: Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի՝ առաջին անգամ գերակա խնդիրներում նախատեսվել են նաև ենթախնդիրներ՝ սահմանելով դրանց կատարման ժամկետները: 
Հաստատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի «Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը ՀՀ-ում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017թ. նախահաշիվը: Որոշման համաձայն՝ նախահաշվից 1,700.0 հազ. եվրո կհատկացվի ՀՀ-ում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը ՄԱԶԾ-ի կողմից համակարգելու, ՀՀ կողմից ծրագրի իրագործման ծախսերը ֆինանսավորելու նպատակով:

Սպառած բնական գազի չափաքանակը կներառվի ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում

Ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման և վճարման գործընթացի հետ կապված հարաբերությունները կատարելագործելու և հստակեցնելու, ինչպես նաև դրանց հասցեականությունը մեծացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Տարվա ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի չափաքանակը կարող է կիրառվել որպես ընտանիքի անապահովության գնահատման ցուցանիշ, ուստի որոշմամբ առաջարկվում է այն ներառել ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում: Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և տարբեր եղանակների ընթացքում ընտանիքների կողմից բնական գազի սպառման տարբեր քանակը (բնակարանի ջեռուցման համար), առաջարկվում է 2017թ.-ի ընթացքում իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի uպառած բնական գազի սահմանային չափաքանակի կիրառման փորձնական ծրագիր: Ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո հնարավոր կլինի ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն բնական գազի սպառման տարեկան (12 ամիսների) սահմանային չափաքանակի մասին, որն ավելի ճշգրտորեն կբնորոշի ընտանիքի կենսապայմանները: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Կարապետյանը նշել է , որ սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ գին սահմանելու վերաբերյալ քննարկումների ժամանակ նախարարության ներկայացրած ցուցակում եղել են սոցիալապես անապահով որոշ ընտանիքներ, որոնք միջինից ավելի շատ գազ են սպառում: «Կարծում եմ՝ հայտանիշերը մեզ լրացուցիչ հնարավորություններ կտան ցուցակում ընդգրկել ճիշտ համապատասխան շերտը»,-նշել է գործադիրի ղեկավարը:
Գործադիրը հավանություն է տվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին: Ծրագիրն ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմաններ ապահովելուն:
Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի

Գործադիրը հավանություն է տվել «Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին: Հիմնավորման համաձայն, Հայաստանի Հանրապետության և ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ, մասնավորապես՝ ԱՄԷ Դուբայ քաղաքի միջոցով: Ներկայում Դուբայն աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: Ըստ տեղեկությունների՝ ԱՄԷ-ում, մասնավորապես, Դուբայում բնակվում է մոտ Հայաստանի 2500-3000 քաղաքացի: Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն:

Շարունակվում է պետական կառավարման ապարատի օպտիմալացումը

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ինչպես նաև պետական կառավարման ապարատի օպտիմալացման, պետբյուջեից կատարվող ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է համապատասխան որոշումներ: Նախատեսվում է լուծարել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ը: Որոշման արդյունքում կտնտեսվի 9 մլն 200 հազար ՀՀ դրամ: 
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կլուծարվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն: Արդյունքում՝ առկա 13 հաստիքի և մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետևանքով կտնտեսվի մոտ 35 մլն ՀՀ դրամ: 

Այլ որոշումներ

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ 16 տարին լրացած քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի և դրա երկարաձգման վերաբերյալ նշումները կկատարվեն նրա ցանկությամբ՝ այդ մասին համապատասխան դիմում և պետական տուրքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում: 
Գործադիրն ընդունել է նաև «Գույք ամրացնելու և շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը քանդելու մասին» որոշում, որի նպատակը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից հանվող գույքի հետագա կարգավիճակի որոշումն է: 
Նիստի ավարտին վարչապետը անդրադարձել է նաև Ամանորի հանգստյան օրերին և առաջարկել քննարկել դրանք կրճատելու հարցը:


 



Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր