19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

14 հուն 2017 14:40

Իգնատի Առաքելյան. Հունվարի 1-ից գազի սակագնի նվազեցումը բնականաբար դրական ազդեցություն կունենա ջերմատնային բիզնեսի վրա

Իգնատի Առաքելյան. Հունվարի 1-ից գազի սակագնի նվազեցումը բնականաբար դրական ազդեցություն կունենա ջերմատնային բիզնեսի վրաՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին այցելել է Կոտայքի մարզում գործող մի շարք ջերմոցային տնտեսություններ:
Նախարարի առաջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նա այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ և «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ:  
«Էկոտոմատո» ընկերությունը վարդի արտադրության ծավալներով աշխարհի խոշորագույն հինգ ընկերություններից մեկն է, ջերմոցները հագեցած են հոլանդական նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման համակարգերով:
Հիմնադիր Մարկոս Ղարիբյանի խոսքով՝ նպատակ ունեն ընդլայնել ջերմատնային տնտեսությունների տարածքը ևս 15 հեկտարով, որի շնորհիվ ընկերությունը կարող է դառնալ վարդեր աճեցնող աշխարհի ամենախոշոր ջերմատունը: Բացի այդ, ջերմատան տարածքի ընդլայնումը հնարավորություն կտա վարդերի ինքնարժեքը նվազեցնել մոտ 20-22 տոկոսով և կրկնապատկել արտահանման ծավալները:
Անդրադառնալով գազի սակագնի իջեցմանը` նա նշել է, որ դա անակնկալ էր իրենց համար, քանի որ էներգակիրները կազմում են  իրենց արտադրանքի ինքնարժեքի մոտ 50 տոկոսը, ուստի  այն ևս կնպաստի վարդերի ինքնարժեքի նվազմանը մոտ 5-6 տոկոսով: Նշելով, որ «Էկոտոմատո» ընկերությունում 2016 թվականին աճեցվել է մոտավոր հաշվարկներով 19 մլն վարդ, Մարկոս Ղարիբյանը ավելացրել է, որ ընթացիկ տարում ակնկալում է ավելացնել այդ ցուցանիշը: Նրա խոսքով` արտադրանքի 70-80 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս և Վրաստան, իսկ մնացածը սպառվում է ներքին շուկայում: Այժմ քայլեր են ձեռնարկվում արտահանումները հոլանդական և ֆրանսիական շուկաներ վերսկսելու ուղղությամբ: 
Այնուհետև նախարարն այցելել է Արամուսում գտնվող միջին հզորության ջերմատուն, զրուցել հիմնադիր Սամվել Թևոսյանի և Քաջիկ Հակոբյանի  հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:     
Այցի շրջանակում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է նաև Նոր Գեղի համայնքում գտնվող «Պրոգրես ագրո» ընկերությունում, որի հիմնադիր Սամվել Կարապետյանը նշել է, որ ընկերության արտադրանքի մոտ 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Լոլիկի բերքատվությունն այստեղ կազմում է 51-52 կգ/քմ, համախառն բերքը տարեկան կազմում է շուրջ 1900 տոննա: Ջերմատանը լոլիկի մշակությունն իրականացվում է հիդրոպոնիկ եղանակով: Նախատեսվում է մինչև տարեվերջ գործարկել ևս 12,2 հա ջերմատուն:
Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ մի շարք խոշոր և միջին ջերմոցային տնտեսություններում առկա խնդիրներին և ընկերությունների ղեկավարների հետ քննարկել գազի սակագնի նվազեցման հնարավոր արդյունքները: 
«Հունվարի 1-ից գազի սակագնի նվազեցումը բնականաբար դրական ազդեցություն կունենա ջերմատնային բիզնեսի վրա, քանի որ կառաջանան ազատ շրջանառու միջոցներ, որոնք նրանք կկարողանան ներդնել` ոլորտը զարգացնելու համար», - նշել է Իգնատի Առաքելյանը:
Ընդգծելով, որ ջերմոցային տնտեսությունների ոլորտն ամբողջ աշխարհում գյուղատնտեսության բնագավառի ամենաարագ զարգացող և մեծ ներուժ ունեցող ոլորտներից է` նախարարը կարևորել է պետության կողմից աջակցության ցուցաբերումը: Նախարարը կարևորել է նաև համապատասխան մասնագետների պատրաստումը, ինչին կնպաստի Համաշխարհային բանկի կողմից Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հետ ջերմատների մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:
Իր հերթին Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը նշել է, որ գազի սակագնի նվազեցումը կնպաստի ջերմոցային տնտեսությունների շահութաբերության բարձրացմանը և չաշխատող ջերմոցների վերագործարկմանը: Նրա խոսքով` ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը մշակել և կառավարության քննարկմանն է ներկայացնելու ծրագիր, որով նախատեսվում է Հայաստանը վերածել ջերմատնային արդյունաբերական երկրի` տեղում համապատասխան սարքավորումներ ու համակարգեր արտադրելու, տեղական սերմն ու տնկանյութը կիրառելու միջոցով, ինչը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր