22:28 - Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, կան վիրավորներ ․ ՊՆ խոսնակ         17:10 - Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում      16:32 - Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում    

30 հուն 2017 15:40

Անի Ղազարյանը և Անի Խաչիկյանը Աննայի Կերպարի մասին

Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Առաջին ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում էր դերասանուհի Անի Խաչիկյանը, 25 տարի անց Աննայի դերը խաղաց Համազգային թատրոնի դերասանուհի Անի Ղազարյանը՝ չնայած տարիքային մեծ տարբերությանը:
Երկու դերասանուհիներն արտաքնապես իրար նման չեն, սակայն Անի Խաչիկյանի և Անի Ղազարյանի Աննան համոզիչ է այնքան, որ թվում է՝ նրանք իրականում նման են իրար: Ֆիլմում առաջին իսկ հայացքից հասկանում ես՝ Անի Ղազարյանը մարմնավորում է Աննային մեծ տարիքում: Այս արդյունքը ստանալու համար դերասանուհիներն ու ռեժիսորը մեծ աշխատանք են տարել: Tert.am Life-ը Անի Ղազարյանի և Անի Խաչիկյանի հետ զրույցել է իրենց Աննայի մասին: Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը 26-ամյա Անիին տեսավ հասուն կնոջ կերպարում: Դերասանուհու և հերոսուհու տարիքային մեծ տարբերությունը չխանգարեց ռեժիսորին:  Անի Ղազարյանին վիզուալ նմանեցրին Անի Խաչիկյանին, տարիքով մեծացրեցին, սակայն այսքանով աշխատանքը չավարտվեց:
Անի Ղազարյանը հիշեց, որ սկզբնական շրջանում իրենց բացարձակ չէին նմանեցնում իրար, սակայն պրոֆեսիոնալ դիմահարդարները կարողացել են լուծել այս հարցը: «Վիզուալ իմ աչքերի գույնը փոխեցին, մազերի գույները մոտեցրեցին, սակայն կարծում եմ, որ մեր նմանությունը ոչ այնքան վիզուալ է, որքան կերպարային: Երկուսս էլ նույն թելն ենք շարունակել, երևի հենց դրանից է գալիս նմանությունը»,- նշեց դերասանուհին:
Աննայի դերում Անի Ղազարյանի թեկնածությունը հաստատվել է մինչև առաջին ֆիլմի նկարահանումները, և դերասանուհիները սկսել են ինտենսիվ աշխատել միմյանց հետ: «Ես և Անի Խաչիկյանը սկսեցինք հաճախ հանդիպել և միասին կառուցել կերպարը: Երևի թե, իմ գործը մի քիչ ավելի դժվար էր, որովհետև ես պիտի շարունակեի Անիի բռնած գիծը: Ամեն դեպքում ընդհանուր ժեստերը, միմիկաները, կերպարը, բնավորությունը մենք միասին ենք ստեղծել»,- ասաց Անի Ղազարյանը:
Անի Խաչիկյանը ևս փաստեց, որ գործընկերուհու համար ավելի բարդ է եղել: «Ես և Անին մինչև նկարահանումները միասին ենք ստեղծել կերպարն ու աշխատել նրա վրա։ Ես ներկա էի լինում մեր կերպարներին 25 տարի անց մարմնավորող դերասանների սցենարի ընթերցումներին, Անի Ղազարյանն էլ իմ տեսարանները նկարահանելու ժամանակ էր ներկա գտնվում նկարահանման հրապարակում: Չնայած այս ամենին՝ կարծում եմ, որ է´լ ավելի բարդ աշխատանք կատարել է Ղազարյան Անին՝ արդեն եղած, նկարահանած կերպարը նույն օրգանիկայով ու զգացողությամբ շարունակելու առումով»,- ասաց դերասանուհին:
Երբ մի կերպարի վրա երկու դերասան են աշխատում, հեշտ չէ, սակայն աշխատանքի բարդությունը դերասանուհիներին չի վախեցրել: «Ցանկացած աշխատանքում բարդությունները և դրանց լուծումներ գտնելու գործընթացը ապահովում են մասնագիտական աճ։ Դա կոչվում է աշխատանքային պրոցես, իսկ երբ սիրում ես աշխատանքդ, պրոցեսը միանշանակ հաճելի է»,- նշեց Անի Խաչիկյանը:
Անի Ղազարյանը խոստովանում է, որ «Կյանք ու կռվի» հաջողությունը պարտավորեցնող էր, սակայն նկարահանումների վրա չի ազդել օբյեկտիվ պատճառներով. «Իհարկե, երկրորդ ֆիլմի հետ կապված մտավախություններ ունեի: Սակայն այդ մտավախությունները, վախերը չեն ազդել նկարահանումների վրա, քանի որ մինչև առաջին ֆիլմը կցուցադրվեր և կսիրվեր, երկրորդ ֆիլմի նկարահանումների 80%-ն արված էին»:
Անի Խաչիկյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի «Կյանք ու կռիվ 2.25 տարի անց» ֆիլմի մասին: «Երկու ֆիլմերը նույն պատմության երկու ընթերցումներ են ժամանակի մեջ։ Մեր պատմության, մեր մասին՝ անկեղծ ու առանց պաթետիզմի։ Մի ամբողջական աշխատանք է, թիմի զգացողությունն ու ներքին աշխատանքային էներգետիկան էլ է ընդհանուր։ Շնորհավորում եմ գործընկերներիս և ընկերներիս»,- եզրափակեց դերասանուհին:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր