17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

13 փետ 2017 21:00

Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկայի ցուցմունքներում հակասություններ կան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։
Այսօր դատական նիստին ցուցմունք տվեց գործով վկայի կարգավիճակ ունեցող, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Արթուր Կարապետյանը, ով պատմեց, որ դեպքի ժամանակ՝ 2015 հունվարի 29-ի գիշերը ինքն արթնացել է դասերը սովորելու նպատակով, դասից հետո քնել է և առավոտյան իմացել դեպքի մասին: Վկան շատ հարցերի պատասխանից խուսափեց, նշելով որ դեպքից երկար ժամանակ է անցել և մանրամասները չի հիշում: Վկայի խոսքով նա Հայկազ Բարսեղյանի և հինգ ամբաստանյալների՝ Գնել Թևոսյանի, Նորիկ Սահակյանի, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի և Վարազդատ Սաֆարյանի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել:
Դատարանը հրապարակեց վկայի ցուցմունքները, վկայի նախաքննական ցուցմունքում ասվում էր.«Գիշերը 1:30 արթնացել եմ դաս սովորելու, այդ ընթացքում Նորիկ Սահակյանն ինչ-որ ժամանակահատվածում բացակայել է: Ես ու Հովիկ Հովհաննիսյանը նստել ենք օրապահի պահարանի մոտ: Նորիկ Սահակյանը ևս դաս էր սովորում, սակայն մեզ հետ նստած չէր»:
Նախաքննական ցուցմունքում նաև ասվում էր, որ Հովիկ Հովհաննիսյանը վկային՝ Արթուր Կարապետյանին ասել է, որ ինքը տեսել է, որ Հայկազ Բարսեղյանին աստիճաններով իջեցնում են: Վկայի նախաքննական ցուցմունքում հակասություն կար: Նա մի տեղ նշել էր, որ քնել է ժամը 2:30-ի սահմաններում, մեկ այլ դեպքում նշել էր, որ գնացել է քնելու ժամը 3-ին:
Հիշեցնենք, որ, ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության, Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր