17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

20 փետ 2017 14:00

Կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տալու գործ.մեղադրյալներից երկուսը ոստիկան են. ՀՔԾ

Փաստացի ավտոմեքենա վարելու հմտություններ չունեցող անձին կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում` 2 ոստիկանի:
ՀՔԾ-ից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Մովսես Մանուկյանը վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Ժորա Չերքեզյանին, ով համոզել է իր միջոցով 145.000 դրամի կաշառք տալ ՀՀ ոստիկանության  «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձանց` խոստանալով կազմակերպել քննությունների անխոչընդոտ հանձնումը եւ վարորդական իրավունքի վկայականի ստացումը: Մ. Մանուկյանը սկզբում համաձայնվել եւ պայմանավորվել է մի քանի օր անց հանդիպել, սակայն հետագայում մտափոխվել է եւ այդ մասին տեղեկացրել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը:
Այնուհետեւ, պայմանավորված օրը՝ 21.02.2016 թ.-ին, Մ. Մանուկյանը օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում ԱԱԾ աշխատակիցներից ստացած համապատասխան գումարը փոխանցել է Ժ. Չերքեզյանին, ով իր ծանոթ Աշոտ Խաչատրյանի  եւ ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արամ Օհանյանի միջոցով կաշառքը փոխանցել է ՀՀ ոստիկանության ՃՈ Երեւանի հաշվառման-քննական բաժնի աշխատակից Գեւորգ Թադեւոսյանին:
Վերջինս, սակայն, գումարը չի փոխանցել հիշյալ բաժնի պաշտոնատար անձանց, այլ, օգտագործելով նրանց հետ ունեցած անձնական կապերը, կազմակերպել է Մ.Մանուկյանի կողմից տեսական եւ գործնական քննությունների անխոչընդոտ հանձնումը: Մասնավորապես, Մ. Մանուկյանը տեսական քննության ժամանակ առանց հարցերին լիարժեք պատասխանելու գնահատվել է դրական եւ գործնական քննությանը մասնակցելու հնարավորություն ստացել:
Գործնական քննության ընթացքում թեպետ Մ. Մանուկյանը ավտոմեքենան վարել է ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներով, սակայն հաշվառման-քննական բաժնի տեսուչներ Արման Հարությունյանը եւ Հարություն Գրիգորյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտել են ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները եւ առանց օրինական հիմքերի քննությունների արդյունքները գնահատել դրական: Արդյունքում, տեսական գիտելիքներ եւ փաստացի ավտոմեքենա վարելու գործնական հմտություններ չունեցող Մ. Մանուկյանը ստացել է «B» եւ «C» կարգերի վարորդական իրավունքի վկայական:   
Այսպիսով, Ժ. Չերքեզյանի դրդչության արդյունքում Մ. Մանուկյանը իր վարորդական իրավունքի վկայականը ստանալու համար փորձել է կաշառք տալ պաշտոնատար անձանց, իսկ Ա. Խաչատրյանը եւ Ա. Օհանյանը կատարել են բոլոր անհրաժեշտ գործողությունները` նշված գումարը պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց փոխանցելու համար, սակայն Գ.Թադեւոսյանի կողմից այն վերջիններիս չփոխանցելու պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել։   
Կատարած հանրորեն վտանգավոր արարքների համար Ժ. Չերքեզյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Խաչատրյանին եւ Ա. Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Թադեւոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա. Հարությունյանին եւ Հ. Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ա. Օհանյանն ու Գ. Թադեւոսյանը կալանավորվել են: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր