15:02 - Իմ ու իմ ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են, դրա համար չեմ կարող գրավի չափ ասել         14:44 - Եթե փախչող լինեի, ադրբեջանցիք այսօր Ստեփանակերտում թեյ խմելիս կլինեին.նա տվեց Տիգրան Թորոսյանի, Սերժ Սարգսյանի, Հայկ Հարությունյանի անունները      14:24 - Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի առջև հավաքված աջակիցները սխալ էին լսել դատարանի որոշումը    

01 մար 2017 11:30

Կարո Փայլանին հայհոյած թուրք լրագրողի դեմ թուրքական դատարանը գործ չի բացի

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին վիրավորած թուրք լրագրողի դեմ բողոքը Թուրքիայում մերժվել է, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Անկարայի հանրապետական դատախազությունը հայազգի պատգամավորին «անցեղ» անվանած A Haber լրատվական գործակալության լրագրող Օզլեմ Օզջանի նկատմամբ դատական հետապնդում սկսելու անհրաժեշտություն չի տեսնում: 
Նշենք, որ Փայլանի՝ հունվարի 13-ի աղմկահարույց խորհրդարանական ելույթից հետո, որի ժամանակ նա օգտագործել էր ցեղասպանություն եզրույթը, Օզեմ Օզջանը Twitter-ի իր էջում գրել էր. «Եթե մեր պապերը ձեզ ցեղասպանել են՝ քո նման ցեղը կտրվածը («անցեղը») Մեջլիսում ի՞նչ գործ ունի»:
Դատախազ Մեհմեդ Թաշթանը նշել է, որ քաղաքական գործիչներն ի դեմս Փայլանի պետք է ճկունություն ցուցաբերեն իրենց հանդեպ հնչող քննադատությունների հարցում:
«Հայցվորը պետք է ենթադրեր, որ իր այդ խոսքերը կոշտ քննադատության կարժանանային այն հասարակության մեջ, որոնք հավատում են, որ 1860-1920-ական թթ.-ին թուրք ժողովուրդը վերապրել է հայ ավազակների ապստամբությունները, դավաճանությունն ու վայրագությունները և համարում են իրենց պատմական այդ ժամանակաշրջանի զոհը», - իր որոշումը մեկնաբանել է դատախազը:
Նշենք, որ դատարանը նաև մերժել է Փայլանի՝ խորհրդարանում ելույթից հետո իրեն 3 նիստի մասնակցելու իրավունքից զրկելու ու նրա ելույթը նիստի արձանագրությունից հանելու վերաբերյալ որոշումը չեղարկելու պահանջը:
Փայլանը դիմել էր դատարան՝ նշելով, որ այսպիսով խախտվել է խոսքի ազատության իր իրավունքը: Մինչդեռ Սահմանադրական դատարանին Փայլանի բերած փաստարկները չեն բավարարել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես և հիմա:
«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել», - ասել էր Փայլանը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն ընդհատել էին հայազգի պատգամավորին` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով:
Ցեղասպանություն եզրույթի համար Կարո Փայլանին պատժել էին` զրկելով առաջիկա 3 նիստերին մասնակցելու իրավունքից: Փայլանի խոսքերը հանվել էին նիստի արձանագրություններից: 
 




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր