18:01 - Կհասցնի՞ Նիկոլ Փաշինյանը, մինչև անդառնալիության կետը բեկումնային և արդյունավետ դարձնել իր կառավարումը         17:17 - Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)      16:56 - Ադրբեջաներենը՝ Վրաստանի հայալեզու դասագրքերում. «Ալիք Մեդիա»    

15 հուն 2016 16:46

Մայր Աթոռը բոլորին հրավիրում է մասնակցել Հռոմի պապի բարիգալստյան արարողությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունիսի 24-ին հրավիրում է իր զավակներին մասնակցելու Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի բարիգալստյան` Հրաշափառի արարողությանը, որը տեղի կունենա ժամը 15.35-ին: 
Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Մուտքն ազատ է:
Ինչպես այսօր  ավելի վաղ հայտնել էին նախագահական նստավայրից, այցի շրջանակներում Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան սահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:
Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ եւ Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաեւ կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի եւ Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ Խաղաղության Աղոթք:
Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Սուրբ Պատարագի արարողությանը եւ էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս պապը հանդիպում կունենա Հայ եկեղեցու պատվիրակների եւ բարերարների հետ:
Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաեւ աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Նույն օրը Ֆրանցիսկոս պապը Երեւանից կմեկնի Հռոմ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր