18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

09 մար 2017 15:05

Հայտնի է, թե Արծվիկն ինչ երգով կներկայանա «Եվրատեսիլ-2017»-ին

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի կողմից ընտրվել է այն երգը, որով Հայաստանն այս տարի կմասնակցի «Եվրատեսիլ-2017»-ին եւ կներկայանա եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին:
Մրցութային երգը կկրի «Fly with me» խորագիրը: Ընտրության համար ստացվել էին շուրջ 300 երգ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից: Վերջնական որոշման արդյունքում ընտրվել է այն երգը, որը լավագույնս էր համապատասխանում մրցույթի այս տարվա կարգախոսին եւ ձեւաչափին, Արծվիկի նախասիրություններին եւ կերպարային առանձնահատկություններին: Մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երգի ընտրության հարցում: 
«Fly with me» երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Ավետ Բարսեղյան եւ Դավիթ Ծերունյան:
Երգի մեղեդային գիծը համադրում է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունները, այն ընդհանրությունները, որոնք զարմանալիորեն առկա են: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Նա համադրում է կյանքի տարբեր գույները եւ հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, եւ դառնում արեւ, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար:
Ընդգծելով անվան խորհրդանշական ստուգաբանությունը եւ զուգահեռելով արծվի ճախրանքի հետ՝ Արծվիկը կփորձի «ճախրել»` իր հետ թռիչքի կանչելով եվրատեսիլյան բոլոր երկրպագուներին:
Երգը հանրության լայն դատին կներկայացվի տեսահոլովակի հետ միասին՝ մարտի 18-ին՝ «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո:
Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաեւ այլ երկրներին՝ միավորվելու եւ տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները, ինչպես նաեւ` վայելելու հիանալի երաժշտություն:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:
 




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր