17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան         16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց      16:13 - Արցախի նախագահի թեկնածուներ Ղուլյանն ու Հարությունյանը արձագանքել են վարչապետի կոչին    

17 մար 2017 15:40

Միլլերի հայտարարությունը զարմացրել է ՀԾԿՀ նախագահին

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, խոսելով Հայաստանում գազի սակագնի իջեցման մասին, հայտարարել է. ««Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գազի ներքին սակագինը՝ պայմանով, որ գները իջեցվեն նաև Հայաստանի տարածքում»: Նա նաև հիշեցրել է նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունը. «Մենք ՀՀ կառավարության հետ անցյալ տարվա դեկտեմբերին համաձայնության եկանք, որ ՀՀ-ն կգնա ներքին սակագնի իջեցման ՀՀ տարածքում գտնվող սպառողների համար, բայց դա նաև հնարավոր եղավ այն պատճառով, որ մենք ձեռք բերեցինք նոր համաձայնություն»:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Միլլերի հայտարարությանը հետևյալ կերպ արձագանքեց. «Անկեղծ ասած, չեմ կարդացել Միլլերի հայտարարությունը, բայց եթե իրոք նա այդպիսի բան է ասել, ապա ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե ռուսական «Գազպրոմը» գազի գինը սահմանի վրա իջեցնի, ապա ՀԾԿՀ-ն՝ որպես օրենքով իրեն վերապահված սակագները սահմանող կառույց, պատրաստ է այդ չափով նվազեցնել գազի սակագինը սահմանի վրա՝ բնականաբար, հաշվի առնելով այն գործոնները, որոնք կառաջանան մյուս սակագների հաշվարկման հիմքում, նկատի ունեմ դոլար-դրամ փոխարժեքը: Եթե այլ գործոններ չառաջանան, ապա դոլար-դրամ փոխարժեքն այն պահին, որ պահին իրենք գազի գինը կիջեցնեն, մենք ադեկվատ արձագանքելու ենք այն չափին, ինչ չափով գազի գինը սահմանի վրա նվազելու է: Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»;
Ռոբերտ Նազարյանը զարմացած է, որ Միլլերը նման հայտարարություն է արել. «Զարմացած եմ, թե ինչ է ակնարկում Միլլերը»:
Մեր դիտարկմանը՝ Միլլերը ակնարկում է, որ սակագնի իջեցումը ավելի շատ ՀՀ իշխանություններից է կախված և ոչ թե իրենցից, Ռոբերտ Նազարյանն արձագանքեց. «Ես էլ ասում եմ, որ զարմացած եմ, որ ինքը նման ակնարկ է անում, որը ավելի շատ կախված է ոչ թե սահմանի վրա գազի գնից, այլ իշխանություններից: Իշխանությունները ողջամիտ գազի գին են սահմանել, և եթե ինքը իջեցնի գազի գինը սահմանի վրա, ապա ադեկվատ չափով իջեցված սակագնի մեծությունը կարտացոլենք մեր սակագների հաշվարկի ժամանակ, և սա ես ամենայն պատասխանատվությամբ խոստանում եմ՝ որպես այդ կառույցի ղեկավար»:
Շատ տնտեսագետներ են նշում, որ հնարավոր է գազի գնի նվազեցում, սակայն, ըստ Ռոբերտ Նազարյանի, ՀԾԿՀ-ին որևէ մեկը առաջարկներ չի արել. «Որևէ մեկից կոնկրետ առաջարկություն չկա: Ընդհանուր հայտարարություններով քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն էլ ասում են, բայց երբ մենք գազի սակագները սահմանում ենք, բոլորին հրավիրում ենք քննարկումների, ցավոք սրտի՝ հետաքրքրությունը պակաս է, քիչ մարդիկ են գալիս, բայց նախընտրական շրջանում դա բոլորին հետաքրքրել է»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր