17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

20 մար 2017 16:00

Արցախի նպատակը պատմական սխալն ուղղելն է. Բելգիացի պատգամավոր

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Թագավորության Դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը եւ Պիեռ Կոմպանին մարտի 20-ի վաղ առավոտյան Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ բելգիացի խորհրդարանականներին այնուհետեւ ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ողջունելով բելգիացի գործընկերներին՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ բելգիացի խորհրդարանականների հետ հաճախացած հանդիպումները հարաբերություննեոի ինստիտուցիոնալացման լուրջ հիմքեր են ստեղծում:
«Փոխադարձ այցերի հաճախականությունը ցույց է տալիս Բելգիայում Արցախի եւ նրա ազատագրական պայքարի հանդեպ ունեցած հետաքրքրությունը»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վալոնիա-Բրյուսել Դաշնային խորհրդարանի անդամ Անդրե դե Բյուս Դե Վարնաֆը շնորհավորել է ԱԺ նախագահին՝ Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների գործընթացի ու հանրաքվեի արդյունքների կապակցությամբ եւ ընդգծել, որ իրենց համար Արցախի հարցն ավելի կարեւոր է դառնում եւ իրենք ուշադրությամբ հետեւում են տեղի ունեցող զարգացումներին:
Բրյուսելի Շրջանային խորհրդարանի անդամ Պիեռ Կոմպանին, ով առաջին անգամ է Արցախում, խորհրդարանի նախագահին է ներկայացրել Արցախի վերաբերյալ իր դիտարկումը. «Ես այստեղ տեսնում եմ երկիր, որի նպատակը ոչ թե ամեն գնով առանձնանալն է, այլ՝ պատմական սխալն ուղղելը: Սա ինձ համար մեծ դաս է»:
Այնուհետեւ, հյուրերի խնդրանքով, Աշոտ Ղուլյանը ներկայացրել է նոր Սահմանադրության հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաեւ պատասխանել Արցախի կարգավիճակին եւ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերին: 
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը եւ ՀՀ ԱԺ մամլո ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը:
Խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից հետո ԱԺ փոքր դահլիժում տեղի է ունեցել բելգիացի խորհրդարանականների հանդիպումը «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են երկկողմ համագործակցության հեռանկարների մասին, ինչպես նաեւ ուրվագծել փոխգործակցության որոշակի ուղղություններ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր