15:45 - Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ         15:25 - Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան      15:04 - Տեսանյութ.Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. կրկին տան տանիքի մասին են հարցրել    

21 մար 2017 16:10

Հայկոն՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի քննադատությունների մասին

«Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի «Fly with me» երգն ու տեսահոլովակն արդեն մի քանի օր է, ինչ ներկայացված է հանրությանը, բայց ինչպես ամեն տարի, այս տարի եւս մեր ժողովուրդը որոշ անհամաձայնություններ ունի երգի ընտրության հետ կապված: Ավելի կոնկրետ՝  «Fly with me» երգի ու տեսահոլովակի հրապարակումից հետո համացանցի օգտատերերի ճնշող մեծամասնությունը դժգոհում են դրա որակից:
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում խոսել է Հայկոյի հետ: Երգչի պնդմամբ՝ նա համաձայն չէ այն կարծիքների հետ, թե երգի սխալ ընտրություն է կատարվել.
«Իհարկե, ես սատարում եմ Արծվիկին ու ամեն հարցով նրա կողքին եմ: Պարզապես տարածված բացասական մեկնաբանություններն արդյունքն են նրա, որ մենք գործ ունենք ճաշակի հետ, իսկ ճաշակը միանշանակ չի կարող լինել. պարզապես չի կարող ստեղծվել մի երգ, որը անխտիր բոլորին դուր գա թե մեզ մոտ, թե եվրոպացիների շրջանում: Այս մրցույթի համար նախապես գրվում են երգեր, որոնցից պրոֆեսիոնալ անձնակազմի կողմից ընտրվում է մեկը: Տվյալ դեպքում Լիլիթ Նավասարդյանը մեծ փորձ ունի «Եվրատեսիլի» շրջանակում: Նա փայլուն երգեր է գրել թե Արամ MP3-ի, թե Իվետա Մուկուչյանի համար: Ինչ վերաբերվում է Արծվիկի «Fly with me» երգին, ըստ իս, այն շատ տարբերվող ու օրիգինալ է՝ հետաքրքիր լուծումներով:  Կարծում եմ՝ երգը շատ դուր է գալու եվրոպական հանդիսատեսին: Նաեւ պետք է շեշտեմ, որ Արծվիկը ուղղակի փայլուն արտիստ է, ով մեծ փորձ ունի: Ինքս շատ եմ սիրում նրան ու ամեն բան անելու եմ, որպեսզի նա իրեն շատ լավ զգա այդ մրցությում»,- նշեց Հայկոն ու հավելեց.
«Գիտեք, անգամ մենք, երբ ձայնագրում ենք մեր երգերը, չգիտենք՝ դրանք ինչպես կընդունվեն: Կարող է պատահել, որ մի երգ մենք սիրենք, բայց այն չսիրվի հանդիսատեսի կողմից եւ հակառակը: Շատ դժվար է ստեղծել երգ՝ բոլորի համար: Այս դեպքում երգը ընտրվել է Հանրային հեռուստաընկերության ներքին ընտրությամբ եւ նրանք հաստատ չէին էլ սպասել վատ մեկնաբանությունների: Երգը ներկայացված է, ամեն բան հաստատված ու ոչինչ փոխել հնարավոր չէ»:
Հայկոն զրույցի ընթացքում հիշեց նաեւ, որ չի եղել մի դեպք Եվրատեսիլի պատմության մեջ, երբ մեր հանրությունը չքննադատի մեր մասնակցի հետ կապաված տարբեր դետալներ.
«Ես հիշում եմ դեռ Անդրեի մասնակցությունից սկսած, մինչեւ այս տարի մեր ժողովուրդը քննադատում է Եվրատեսիլում ներկայացված երգերը: Միշտ էլ եղել են սուր քննադատություններ, մի մասը սիրել է երգը, մյուս մասը՝ ոչ: Իհարկե, ցավոք պետք է արձանագրենք այս երեւույթը, քանի որ արտիստի համար սեփական ժողովրդի սատարումը շատ կարեւոր է: Ինչեւէ, վերջաբանի համար կարող եմ նշել, որ այս օրերի ընթացքում ես հետեւել եմ նաեւ եվրոպական կայքերի կարծիքներին եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ Արծվիկի երգի հետ կապված մեկնաբանությունների 80 տոկոսը դրական են: Կցանկանամ, որ մենք ավելի դրականորեն տրամադրվենք ու հաշվի առնենք, որ մեր հանրությունը ավելի ուրիշ տեսակ երգեր է սիրում, որոնք մի քիչ մոտ են արեւելյան ոճերին: Այնպես որ, կարծում եմ, «Եվրատեսիլի» նման լուրջ մրցույթներին մասնակցելուց առաջ շատ ավելի պետք է կարեւորվեն մասնագետների տեսակետները, որոնք ամեն բան անում են, որպեսզի մենք Եվրոպայում օրիգինալ եւ հետաքրքիր ներկայանանք»,- ավարտեց երգիչը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան «Fly with me» («Թռչիր ինձ հետ») երգի խոսքերի հեղինակները Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանն են, իսկ երաժշտությունը հեղինակել են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր