12:55 - Սա անիմաստ կարգավորում է.դա պիտի արվեր, երբ ունեինք հիվանդ համար 1. Մարուքյանը՝ հեռախոսազանգերը լսելու անհրաժեշտության մասին         12:45 - Այսօր հաստատված դեպքերի թվում կա մեկ զինծառայող. ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր հիվանդ      12:25 - Կորոնավիրուսի վարակման 58 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 482-ի    

31 մար 2017 18:37

Արամ Աթեշյանի ամբողջ էժանությունը նկարագրելու համար մեզ պետք է մի նոր Հակոբ Պարոնյան. «Ակօս»

Ստամբուլի «Ակօս» հայկական պարբերականի սյունակագիրներից Օհաննես Քըլըչդաղըն մեկնաբանել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների շուրջ ստեղծված ճգնաժամն ու զարգացող կրքերը: Քըլըչդաղըն Պոլսի պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանին անվանել է եզակի ինքնավստահության տեր մարդ, ում «էժանությունը» նկարագրելու համար Ստամբուլի հայ համայնքը մի նոր Հակոբ Պարոնյանի կարիք ունի:
Ստորև ներկայացնում ենք Քըլըչդաղըի հոդվածը մասնակի կրճատումներով.
«Գերմարդկային ուժեր են պահանջվում Արամ Աթեշյանի մասին խոսելիս հանգստություն պահպանելու համար: Նման ինքնավստահություն, որ նրա մեջ կա, դժվար է գտնել: Եթե հանդիպեք՝ լավ նայեք: Սակայն եթե ուզում եք ճիշտն իմանալ՝ վերջերս նա իմ մեջ ինչ-որ խղճահարություն է առաջացնում. ի վերջո, մի մարդու այս աստիճանի ցածրանալն ամոթալի երևույթ է: Այս պահին նրան ու նրա էժանությունը ճիշտ նկարագրելու համար մեզ մի Հակոբ Պարոնյան է պետք:
Ամենաշատն ինձ դուր եկավ, երբ խոսում էր համայնքի՝ փակուղու մեջ մտնելն ու դա անում էր այնպիսի տոնով, կարծես նա այդ ստեղծված իրավիճակի հետ կապ չունի: Ասում է՝ «Որպես համայնք՝ փակուղու առաջ ենք հայտնվել»: Վայ, հապա նայեք, տեսնես այդ ինչպե՞ս ենք հայտնվել այդ փակուղում: Կարծես այդ փակուղին կամ այդ փակուղու հեղինակը հենց ինքը չէ, դեռ մի բան էլ ուզում է ցույց տալ, թե «Լուրջ, ես էլ չգիտեմ, թե ինչպես եղավ»: Նրա վերջին գրավոր հայտարարությունը, որում նա հակիրճ կերպով բոլորին բացատրում է, որ հրաժարական չի տալու, բոլորիս ապուշի տեղ դնող մի հայտարարություն է: Կարճ ասած՝ տարիներ առաջ «Ուզում ենք մենք ընտրել մեր պատրիարքին» ակցիայի շրջանակում 6 000 ստորագրությամբ հրապարակված նամակից հետո «6000 չէ 60 000 ստորագրություն էլ բերեք՝ ինձ այս աթոռից չեք հանի» ասող Աթեշյանից ոչնչով չի տարբերվում այսօրվա Աթեշյանը: Որովհետև չնայած իր հասցեին ուղղված բազմաթիվ քննադատություններին՝ բացահայտ ասում է՝ «պետությունն իմ մեջքի հետևում է, այս աթոռին նստած եմ, ուժ ունեք՝ եկեք իջեցրեք»: Մեկ անձը մարտահրավեր է նետում մի ամբողջ համայնքի, այդ համայնքի հիմնադրամների հարգարժան նախագահներին, հոգևորականներին:  Այս պահից սկսած նրան այստեղ-այնտեղ հրավիրողները, նրա՝ պատարագ մատուցելու ժամանակ խորանի մոտ կանգնողները նույնպես պետք է համարվեն այս ամենի պատասխանատուն: Ի վերջո, մենք ունենք Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ, և նա պետք է զբաղեցնի այդ պաշտոնն՝ անկախ ամեն ինչից»:
Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: Շաբաթներ առաջ Ստամբուլի հայ համայնքի մեծ մասը բոյկոտել էր Արամ Աթեշյանի մատուցած եկեղեցական պատարագը, փոխարենը ստամբուլահայերի մեծ մասն ուղևորվել է Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Վարդանանց եկեղեցի, որտեղ պատարագ է մատուցել արքեպիսկոպոս Բեկչյանը: Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր