12:54 - Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապել են աթոռներին. ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է         12:40 - Սգացող ընտանիքը կատարվածից ցնցվել է.Հուղարկավորության ժամանակ նկատել են, որ տղամարդը շարժել է գլուխը      12:20 - Opel-ը մի քանի պտույտ գլորվել է. 2 զոհերից մեկի դին գտել են կիսամոխրացած. կա 2 վիրավոր    

03 ապր 2017 18:35

ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները որևէ աղերս չունեն իրականության հետ. ՕՐՕ դաշինք

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը ևս մեկ մեծ ետքայլ արձանագրեց: Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն: 
Ո՛չ ոստիկանության հայտարարած ընտրողների թիվը՝ 2 միլիոն 588 հազար, ո՛չ ԿԸՀ-ի հայտարարած՝ ընտրություններին մասնակցածների թիվը՝ 1 մլն 575 հազար, և ոչ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեները որևէ աղերս չունեն իրականության հետ:
Ընտրությունների արդյունքները չեն արտացոլում մեր հասարակության իրական տրամադրությունները, չեն արտահայտում ժողովրդի շահերը: Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտները ձախողած և տապալած ուժը չի վայելում Հայաստանի ժողովրդի անգամ նվազագույն վստահությունը:
Այսպիսով, մենք կրկին ունեցանք ապօրինի ճանապարհով ձևավորված ո՛չ լեգիտիմ իշխանություն, ինչի արդյունքում է՛լ ավելի խորացավ քաղաքական մենաշնորհը, ավելի են սրվելու երկրում առկա խնդիրները, ավելի է խորանալու անհուսությունն ու անարդարության զգացումը, ավելի է մեծանալու արտագաղթը և լրջորեն վտանգվելու է մեր երկրի անվտանգությունը:
Իշխանությունը, կարծես, ուզում է ամրապնդել ժողովրդի մեջառկա այն մտայնությունը, որ Հայաստանում ընտրություններիճանապարհով որևէ փոփոխության հասնել հնարավոր չէ:  Տեղի ունեցավ քաղաքականությունից հեռու փողատեր թաղային «հեղինակությունների» կռիվ՝ երկրի համար ամենածանր հետևանքներով:
Անկախ ամեն ինչից՝ մեզ համար մեծ պատիվ է, որ մենք մշտապես պաշտպանել և պաշտպանելու ենք ժողովրդի շահերը՝ մնալով ժողովրդի մեջ որպես նրա բաղկացուցիչ մաս: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր քվեն, որը տրվել է դաշինքին: Շնորհակալ ենք մեր ակտիվիստներին ու համակիրներին, որոնք այս կեղտոտ և գաղջ մթնոլորտումցուցաբերել են քաղաքացիական բարձր գիտակցություն:
Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն ընտրողներին, որոնք քվեարկել են խղճի մտոք՝ անկախ նրանից, թե որ ուժին են տվել իրենց ձայնը:
Վստահեցնում ենք, որ դաշինքում ներգրավված ուժերը շարունակելու են իրենց գործունեությունը հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների արժանապատիվ կյանքի:
Համոզված ենք, որ այս մղձավանջը երկար չի կարող շարունակվել, քանզի մեր երկիրն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ մեծ շռայլություն է նման իշխանություններին պետություն վստահելը: Փոփոխություններն անխուսափելի են և մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր