19:30 - Աստծո առջև չենք կանգնելու ուտելու կամ խմելու համար, Աստված նայելու է մեր սրտերին. Տեսանյութ         19:00 - Մոմավառություն հանուն համերաշխ ընտրապայքարի. Տեսանյութ      18:14 - Սա նաև իշխանության վստահության հանրաքվե է. Տեսանյութ    

07 ապր 2017 14:27

«Վախեցա». Արամ Աթեշյանը բացատրել է, թե ինչու էր փակել եկեղեցու դռները ժողովրդի առաջ

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում մնացող Արամ Աթեշյանը մեկնաբանել է օրեր առաջ` Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի՝ Ստամբուլ ժամանելու օրը, պատրիարքարանին կից եկեղեցու դուռը ժողովրդի առաջ փակելու միջադեպը: «Վախեցա: Շատ մարդիկ էին գալու, վախեցանք, որ խժդժություն կլինի», - ասել է Աթեշյանը: Ինչպես հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» ՝ Աթեշյանը նաև խնդրել է պատրիարքի տեղապահի ընտրություններում իրեն հաղթած արքեպիսկոպոս Բեկչյանին սպասել մինչև Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ավարտը, որից հետո խոստացել է հրաժարական տալ և պատրիարքի տեղապահի լիազորությունները փոխանցել Բեկչյանին: Նա նաև առաջարկել է դրանից հետո նրան շնորհել լուսարարապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, անակնկալ կերպով միջամտել էր Ստամբուլի նահանգապետարանը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը ուղարկել էր գրություն, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Օրեր առաջ Ստամբուլ վերադարձած արքեպիսկոպոս Բեկչյանը ժողովրդի հետ հանդիպել է պատրիարքարանին կից Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, որտեղ նրան սպասել են ստամբուլահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Հայտնի է, որ Արամ Աթեշյանը, որը դեռ հրաժարական չի ներկայացրել, հանդիպմանը չի եկել, ավելին`Բեկչյանի մուտքը եկեղեցի փորձել են խոչընդոտել: Նշվում է, որ Աթեշյանի անմիջական հանձնարարությամբ պատրիարքարանի աշխատակիցների կողմից սկզբում փակվել են եկեղեցու դռները ժողովրդի առաջ, մինչդեռ ժողովուրդը շարունակել է սպասել դռների մոտ, որոնք բացվել են արդեն եկեղեցական խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի ժամանելուն պես, որն էլ ուղեկցել է ընտրված տեղապահ Բեկչյանին:
Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր