17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

05 մայիս 2017 13:42

Ինչպես 1994-ին, այնպես էլ 2016-ի ապրիլին Բաքուն ստիպված էր դիմել Մոսկվայի միջնորդությանը. Լեւոն Մնացականյան

 

Հակառակորդի՝ արցախյան հիմնահարցը ուժի դիրքերից լուծելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ մայիսյան եռատոնի նախաշեմին կազմակերպված մամուլի ասուլիսի մեկնարկին ողջունելով ներկաներին, բանակի հրամանատարը համառոտ ներկայացրել է պաշտպանության բանակի 25-ամյա պատմության կազմավորման եւ անցած մարտական ուղու փառավոր պատմությունը:

Այնուհետեւ Լեւոն Մնացականյանն անդրադարձել է նախորդ տարվա ապրիլին Արցախի Հանրապետության դեմ հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիային՝ նշելով, որ չնայած հակառակորդը գործողության մեջ էր դրել իր ողջ զինանոցը, պաշտպանության բանակին հաջողվել է տապալել ադրբեջանական կողմի բոլոր ծրագրերը, եւ ինչպես 1994թ. մայիսին, այնպես էլ 2016թ. ապրիլին Ադրբեջանը հարկադրված էր դիմել պաշտոնական Մոսկվայի միջնորդությանը՝ հրադադար հաստատելու խնդրանքով:

Իր խոսքում բանակի հրամանատարը նշել է նաեւ 2016թ. ապրիլից հետո առաջնագծում կատարված հսկայածավալ կահավորման, ինժեներա-ամրաշինական աշխատանքների եւ ներդրված նորագույն տեխնոլոգիաների մասին՝ վստահեցնելով, որ պաշտպանության բանակն այսուհետ եւս ի զօրու է պատվով կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը եւ ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը: Իսկ հակառակորդի՝ արցախյան հիմնահարցը ուժի դիրքերից լուծելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մոտ ապագայում պատերազմի վերսկսման հավանականությանը, բանակի նյութատեխնիկական ապահովմանը, նոր սպառազինության եւ զինտեխնիկայի ձեռքբերմանը, առաջնագծում տեսադիտարկման սարքերի ներդրմանն ու դրանց շահագործմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր