10:59 - Բակո Սահակյանը հեռանո՞ւմ է․ Արցախում հասունանում են արտահերթ զարգացումներ         10:43 - 8 ամիս պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանին մինչ այժմ պաշտոնապես չեն հրավիրել Ռուսաստան.«Հրապարակ»      10:22 - «Քցում է». Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ. «Ժամանակ»    

14 մայիս 2017 18:00

Ոստիկանությունը՝ Փոստանջյանի հետ միջադեպի և նրա դստերը բերման ենթարկելու մասին

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Ավանում ՀՀԿ շտաբում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Դրանում, մասնավորապես, նշվում է.
«Մայիսի 14-ին, Երեւանի ավագանու անդամի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբից ստացվել է Երեւանի ավագանու անդամի թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ նրա կողմնակիցների կողմից շտաբի տարածք ապօրինի ներխուժման վերաբերյալ ահազանգ: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին Զ. Փոստանջյանը բանավոր հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նշված շտաբում կատարվում է ընտրական բնույթի հանցագործություն: Ոստիկանության ծառայողները շտաբում գտնվողներից, այդ թվում՝ Զ. Փոստանջյանից եւ նրան ուղեկցող անձանցից պահանջել են դուրս գալ տարածքից, չխոչընդոտել ինչպես շտաբի բնականոն աշխատանքը, այնպես էլ ոստիկանության ծառայողների գործողություններին: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով դեպքի վայրում պետք է կատարվեր զննություն, համապատասխան անձանցից վերցվեր գրավոր բացատրություններ, իսկ Զ. Փոստանջյանից՝ հանցագործության մասին հաղորդում: Ինչպես Զ. Փոստանջյանը եւ նրա կողմնակիցները, այնպես էլ շտաբում գտնվող լրագրողները հրաժարվել են ենթարկվել տարածքից դուրս գալու՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՝ պնդելով, որ բոլոր գործողությունները կատարվեն իրենց եւ լրագրողների ներկայությամբ: Այսպիսով, ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս հնչեցված՝ տարածքից դուրս գալու վերաբերյալ խնդրանքները եւ հորդորները դիտավորությամբ անտեսվել են:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների համաձայն կողմնակի անձինք իրավունք չունեն ներկա գտնվել քրեադատավարական գործողությունների կատարմանը, ուստի տարածքից դուրս գալու վերաբերյալ նշված անձանց ներկայացված ոստիկանության պահանջները բխել են օրենքից: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց համար: Դրանք չկատարելը կամ ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: Նկատի ունենալով հիշյալ անձանց կողմից ոստիկանության ծառայողներին անհնազանդության շարունակական բնույթը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հիմքով կիրառվող ֆիզիկական ուժի գործադրմամբ Զ. Փոստանջյանը դուրս է բերվել տարածքից: Վերջինիս նկատմամբ բերման ենթարկելու կամ ձերբակալման գործողություններ չեն իրականացվել:
ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ ընտրակեղծիքների դեմ պայքարի պատրվակով թեկնածուների նախընտրական շտաբներ ներխուժելը, այնտեղ գտնվող անձանց որեւէ գործողություն կատարելու պահանջներ ներկայացնելը եւ խուզարկության փորձերը հանդիսանում են իրավախախտումներ ծնող եւ դրանց կատարումը սադրող գործողություններ, որոնք կարող են ունենալ քրեաիրավական հետեւանքներ:
Ինչ վերաբերվում է Զ. Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, ապա դա իրականությանը չի համապատասխանում:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր