18:28 - Զինված տղամարդը վնասազերծված է. Տեսանյութ         17:16 - Տեսանյութ. Անվտանգության ծառայության հետ մենք որևէ առնչություն չունենք․ Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազա»-ում Քոչարյանի գրասենյակի անվտանգության մասին      16:55 - Հունվարի 24-ին Հայացք մամուլի ակումբում կայանալիք ասուլիսներ    

09 հուն 2017 20:02

Ձերբակալվել է կաշառք ստանալու մեջ կասկածվող պաշտոնյան եւ կալանավորվել կաշառքի միջնորդություն կատարած անձը

 

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաեւ կաշառք տալու եւ կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կաշառքի դիմաց քաղաքացուն ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու փաստեր:

Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ. Ա.-ն վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով  դիմել է իր ծանոթ Ն. Ե.-ին, ով առաջարկել է ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Զ. Ա.-ն այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում վերջինս կաշառքի գումարը Ն. Ե.-ի միջոցով փոխանցել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներին: Համաձայն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների, հիշյալ բաժնի տեսուչ Ա. Գ.-ն, խախտելով սահմանված կարգը, առանց գործնական քննություն անցկացնելու, Զ. Ա.-ին գնահատել է «դրական» եւ կազմել կեղծ փաստաթուղթ, որի հետեւանքով ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացին վարորդական իրավունքի վկայական է ստացել: Աշտարակի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Գ.-ն ձերբակալվել է:

Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ե.-ի միջնորդությամբ մի շարք այլ քաղաքացիներ եւս կաշառքներ են տվել պաշտոնատար անձանց` վարորդական իրավունքի վկայականներ ձեռք բերելու համար: Կաշառքի միջնորդության համար Ն. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր