18:28 - Զինված տղամարդը վնասազերծված է. Տեսանյութ         17:16 - Տեսանյութ. Անվտանգության ծառայության հետ մենք որևէ առնչություն չունենք․ Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազա»-ում Քոչարյանի գրասենյակի անվտանգության մասին      16:55 - Հունվարի 24-ին Հայացք մամուլի ակումբում կայանալիք ասուլիսներ    

29 հուն 2017 15:45

Սրտի ո՞ր հիվանդություններ դեպքում չի կարելի շատ ջուր խմել

 
Բազմաթիվ մասնագետներ խորհուրդ են տալիս շոգ եղանակին ավելի շատ ջուր խմել՝ միաժամանակ նշելով, որ կան հիվանդություններ, որոնց դեպքում դա ցանկալի չէ: Խոսքն առաջին հերթին երիկամների հիվանդությունների մասին է: Բայց կան նաեւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, որոնց դեպքում նույնպես խորհուրդ չի տրվում շատ ջուր խմել: Դրանց մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է սրտաբան Գայանե Աղաբաբյանը:
Ծանր սրտային անբավարարություն
Սրտային անբավարարությունը սրտի աշխատանքի սուր կամ քրոնիկական խանգարում է, որի հետեւանքով խախտվում է դեպի օրգաններ եւ հյուսվածքներ արյան մատակարարումը:
Սրտաբանի խոսքով՝ սրտային անբավարարության ծանր ձեւերի պարագայում արյան շրջանառությունը խախտվում է, ինչը հանգեցնում է նրան, որ հեղուկը մնում է օրգանիզմում եւ այտուցներ են առաջանում: Այդ պատճառով ծանր սրտային անբավարարության դեպքում խորհուրդ չի տրվում շատ ջուր խմել. դա կարող է վատացնել հիվանդի վիճակը:
Հիպերտոնիա
Բարձր զարկերակային ճնշման պարագայում հեղուկի ավելցուկը մեծացնում է արյան ծավալը, ինչը կարող է հանգեցնել ճնշման է՛լ ավելի բարձրացման: Մյուս կողմից՝ ջուրն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ աղը, ջրիկացնում է արյունը, ինչի արդյունքում այն ավելի դյուրին է հոսում անոթներով: Այդ պատճառով ամբողջությամբ ջրից հրաժարվելը ճիշտ չէ:
Ե՛վ ծանր սրտային անբավարարության, ե՛ւ հիպերտոնիայի դեպքում միայն մասնագետը կարող է խորհուրդ տալ, թե կոնկրետ հիվանդն օրական որքան ջուր կարող է եւ պետք է խմի՝ կախված նրա վիճակից:
Սակայն կա կանոն, որը տարածվում է բոլորի վրա. հարկավոր է առանց աղի ջուր խմել, քանի որ աղը նպաստում է, որ հեղուկը մնա օրգանիզմում, այտուցների առաջացման պատճառ է դառնում, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ ե՛ւ սրտային անբավարարությամբ, ե՛ւ հիպերտոնիայով տառապող հիվանդների վրա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր