17:13 - Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում         16:48 - Թայֆունի պատճառով Ճապոնիայում 9 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել      16:25 - Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը    

01 հուլ 2017 12:00

Որքան էլ մենք խելոք բաներ մտածենք, եթե համայնքը տեղում չաշխատեց, դա կոպեկի գին չի ունենա

 

Եթե Լոռու մարզպետարանի աշխատակազմը, համայնքապետերը ցանկանում են, որ իրենց խնդիրները լուծվեն, պետք է շատ ինտենսիվ դրանք բարձրացնեն նախարարությունների առջև: Այս մասին, հունիսի 30-ին Լոռու մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու առաջիկա անելիքները:

ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը զեկուցել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի, մակրոտնտեսական ցուցանիշների, ներդրումային ծրագրերի, համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի մասին: Ներկայացնելով 2017 թ. առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետը նշել է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 31891,8 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսական համախառն ներքին արդյունքի ծավալը՝ 5351,0 մլն ՀՀ դրամ: Աճ է արձանագրվել շինարարության ծավալի մեջ: Ի կատարումն վարչապետի հանձնարարականի ներկայացվել է 25 ներդրումային բիզնես ծրագիր՝ շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: 25 ծրագրից 3-ն արդեն հավանության է արժանացել: Արթուր Նալբանդյանը ներկայացրել է Լոռու մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղությունները՝ արդյունաբերություն, արտահանման խթանում, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն եւ փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծում՝ նշելով, որ մարզն ունի այս ոլորտների զարգացման համար անհրաժեշտ ներուժը:

Անդրադառնալով մարզերի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման հարցին՝ վարչապետն ասել է. «Մարզային իշխանությունը պետք է հասկանա մարզի առավելությունները՝ որո՞նք են տնտեսական վիճակի օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ պատճառները, ինչի՞ հիման վրա պետք է տնտեսական աճ ապահովենք, ինչո՞վ կարող ենք իրենց օգնել: Յուրաքանչյուր մարզի ռազմավարությունը քննարկել ենք, բայց անհրաժեշտ է այս հարցադրումներին եւս մեկ անգամ անդրադառնալ»:

Համայնքների բյուջեների կատարողականի առնչությամբ Կարեն Կարապետյանը նշել է, որ թերպլանավորման տեղ կա, որովհետեւ համայնքի բյուջեն ավելացնելու մոտիվացիա չի եղել: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է Լոռու մարզպետին՝ ներկայացնել համեմատական վերլուծություն համայնքների բյուջեների պլանավորման եւ կատարողականի վերաբերյալ:

Վարչապետը հետաքրքրվել է նաեւ մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքից եւ ծանոթանալով կատարվող քայլերին՝ հանձնարարել է լինել խիստ հետեւողական «Մաքուր Հայաստան»-ի իրականացման գործում, աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել ավելի կազմակերպված ու հնարավորինս արագ: «Մեր ուզածն այն է, որ մեր քաղաքացին նորմալ ապրի: Համայնքային կառավարումը չափազանց կարեւոր է: Որքան էլ կառավարությունում խելոք բաներ մտածենք, եթե համայնքը տեղում չաշխատեց, դա կոպեկի գին չի ունենա, որովհետեւ քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում, իր համար համայնքային իշխանությունն է պետության արտացոլումը», - ասել է կառավարության ղեկավարը:

Քննարկման ավարտին վարչապետ Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում նման հանդիպումները կանոնավոր են լինելու եւ միաժամանակ հորդորել մարզային իշխանության ներկայացուցիչներին չսպասել նման այցերի՝ հարցերը բարձրացնելու համար: «Եթե Լոռու մարզպետարանի աշխատակազմը, համայնքապետերը ցանկանում են, որ իրենց խնդիրները լուծվեն, պետք է շատ ինտենսիվ դրանք բարձրացնեն նախարարությունների առջեւ: Իսկ եթե նախարարներն ուզում են իրենց ծրագրերն իրագործվեն, պետք է մարզպետարանները դարձնեն իրենց դաշնակիցն ու փիլիսոփայության քարոզողը: Ռեգուլյար, ամենօրյա ռեժիմով պետք է աշխատեք: Դուք պետք է լինեք ձեր մարզի զարգացման շարժիչ ուժը: Մենք դա ավելի լավ չենք պատկերացնելու ու այս խնդիրները մեկ առ մեկ լուծելով պետք է առաջ շարժվենք», - նշել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ տարեվերջին, պարզ ձեւակերպված հայտանիշներով, գնահատվելու է մարզպետերի աշխատանքը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր