Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով․ «Վեոլիա ջուր»          Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ       Այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան. Ալեն Ղուլյան    

05 հուլ 2017 20:46

Արցախի ՊԲ-ն երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը. նախարար

 
-Պ.-ն նախարար Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով հայկական կողմին մեղադրում է հոլիսի 4-ին խաղաղ բնակավայր արկակոծելու և քազաքացիական անձանց սպանելու մեջ: Ձեր մեկնաբանությունը:
-Սկզբից ևեթ նշեմ, որ Արցախի բանակը երբևէ նախահարձակի դերում հանդես չի եկել, սակայն միշտ պատրաստակամ է պատասխան քայլերով սանձելու հակառակորդի կողմից ձեռնարկված ցանկացած սադրիչ գործողություն: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածված հայտարարությանը, թե իբր հուլիսի 4-ին հայկական բանակը հրետակոծել է Ալխանլու բնակավայրը և դարձել քաղաքացիական անձանց մահվան պատճառ, ապա դա ոչ այլ ինչ է, քան սեփական անմեղ քաղաքացիների արյան հաշվին միջազգային հանրությանը ապակողմնորոշելու ցինիկ գործելաոճ: Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, ինչպես հատուկ է մեր հակառակորդին, մեր հարվածի թիրախը եղել և, այսուհետ ևս, լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին:
Ցավալի է, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել մերձճակատային խաղաղ բնակավայրերում իր կրակային խոցման միջոցները տեղակայելու և այդ կրակակետերից արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու պրակտիկան: Ասել է թե՝ թաքնվելով սեփական բնակչության թիկունքում և վերջիններիս դարձնելով կենդանի վահան, հակառակորդը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Եթե իրականում հակառակորդը խաղաղ բնակչության շրջանում կորուստներ է ունեցել, ապա ստիպված ենք ափսոսանք հայտնել:
Բայց միևնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը շարունակելու է լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից և անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալ թիրախային և անհամարժեք պատասխան: Միաժամանակ ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անկանխատեսելի հետևանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից և հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ, մանավանդ, որ նման մոտեցումը բխում է երկու ժողովուրդների շահերից:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր