17:00 - Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա         16:35 - Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը      16:13 - Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվել է և վերադառնում է տուն    

05 սեպ 2017 18:20

Հնուց եկած սնահավատություններ

 Հնուց եկած սնահավատություններ
Չինական թալիսմանները եվրոպացիների կողմից օգտագործվում են հաջողություն բերելու և դժբախտությունից հեռու պահելու համար: Շատ սնահավատություններ այնքան խորն են տպավորվել մարդկանց գիտակցության մեջ, որ անգամ ներկայիս դարաշրջանում դրանց կարևորություն ենք տալիս: Օգտագործելով թալիսմանները՝ չենք մտածում, թե ինչ պատճառով են դրանք դարեր շարունակ տարածված եղել չինացիների շրջանում:
Տանը երկու շուն չպետք է լինի
Չինացիները դժվար և հարուստ լեզու ունեն, որտեղ հիերոգլիֆներին կախարդական ուժ է վերագրվում: Չինական հիերոգլիֆների սխալ համադրությունը կարող է դժբախտության պատճառ դառնալ: Երկու շներ պահելու արգելքն էլ հենց դրա մասին է վկայում: Ավելի կոնկրետ՝ եթե տանը երկու շուն կա, ապա դա նշանակում է, որ երկու բերան կա կերակրելու համար: «Բերան» և «շուն» հիերոգլիֆները համադրելիս ստացվում է «լացել» բայը: Այդ պատճառով էլ չինացիները տանը երկու շուն չեն պահում՝ վախենալով, որ դա ընտանիքին արցունքներ և տառապանքներ կբերի:
Եթե հասարակ տրամաբանության տեսանկյունից դիտենք այս սնահավատությունը, ապա պնդումը առավել «հուսադրող» կլինի: Մեկ շան մասին հոգ տանելն ավելի հեշտ է, քան երկուսի: Մեկ կենդանուն ավելի շատ ուշադրություն և ազատ ժամանակ կարող եք տրամադրել: Տարօրինակն այն է, որ չինացիները երկու շների չեն ընդունում, բայց նորմալ են վերաբերվում երեք, չորս և ավելի չորքոտանիներ պահելուն: Հենց երկու շներն են համարվում անհաջողության խորհրդանիշ: Եվ սա շրջանցելու համար չինացիները մի բան են մտածել. երկու շուն կարելի է պահել այն դեպքում, եթե կա երրորդը, որը ողջ չէ: Վերջինս կարող է լինել ընդամենը արձանիկի տեսքով:
Սիրած մարդու հետ տանձ կիսել չի կարելի
Այստեղ հարցը տանձի մեջ չէ, այլ կրկին չինարենի տարօրինակ առանձնահատկությունների: Ի տարբերություն շների հետ կապված սնահավատության՝ սա կապված է բառի արտասանության հետ: Չինարենում տանձ բառն արտասանվում է ինչպես «լի»:  Նույն կերպ է հնչում չինարեն այն բառը, որը նշանակում է «բաժանում»: Այդ պատճառով էլ կարծում են, որ մի տանձը եթե կիսեն իրար սիրող մարդիկ, ապա բաժանում տեղի կունենա: Սա չինական այն տարօրինակ սնահավատություններից մեկն է, որը տրամաբանական բացատրություն չունի:
Ժամացույց չի կարելի նվիրել
Սա չինական այն սնահավատություններից մեկն է, որը տարածում ունի նաև եվրոպացիների շրջանում: Սա հատկապես վերաբերում է տարեց մարդկանց: Չինարենում «ժամացույց» բառը գրվում է երկու հիերոգլիֆների միջոցով, որոնք նշանակում են «ժամանակ» և «դադար»: Այդ պատճառով էլ ինչ-որ մեկին ժամացույց նվիրելը նշանակում է ցանկանալ, որ այդ մարդու ժամանակը կանգ առնի, նույնն է, թե մահանա:
Տարօրինակ թիվը՝ 4
Եթե եվրոպացիները սնահավատորեն վախենում են 13 թվի տակի գտնվող ամեն ինչից, ապա չինացիների մոտ այդ վախը 4 թվից է: Չինարենում այն հնչում է որպես «սի»: Նույն կերպ է հնչում նաև «մահ» բառը: Այդ պատճառով էլ շատ չինացիներ աշխատում են խուսափել 4 թվից: Չինաստանում կարող եք նկատել, որ բնակելի տների և հյուրանոցների վերելակներում 4-րդ հարկին համապատասխանող կոճակ չկա: Չորրորդ հարկերում բնակարաններ գրեթե չեն լինում, քանի որ կարծիք կա, որ այնտեղ կյանքը չափազանց ծանր ու անհաջողակ կլինի: Սնահավատ չինացիները ճամփորդության չեն մեկնում ամսի 4-ին, 14-ին կամ 24-ին:
Սևն ու սպիտակն արգելվում են
Եթե զբոսաշրջիկները ցանկանում են տարբերվել (վատ առումով) չինացիներից, ապա պետք է հագնվեն սև և սպիտակ գույներին գերակշռություն տալով: Այս երկու գույները չինացիներն ասոցացնում են մահվան հետ: Այդ պատճառով այս գույների մեջ հագնված չի կարելի չինացիներին հյուր գնալ, եթե չեք ցանկանում վիրավորել նրանց: Չնայած Չինաստանի ժամանակակից երիտասարդությունը շրջանցում է այս սնահավատությունը: Չինաստանում կամ Հոնգկոնգում այսօր շատ կտեսնեք սև կամ սպիտակ վերարկուներ հագած երիտասարդների:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր