21:47 - «Նորք ինֆեկցիոն»-ում 78-ամյա կին է մահացել, նա ՀՀ քաղաքացի չէ         20:50 - ԵՄ-ն Հայաստանին 51 մլն եվրո աջակցություն կցուցաբերի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարելու նպատակով      20:10 - Վիտալի Բալասանյանը երկրորդ փուլում չի պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին    

05 սեպ 2017 18:38

Կառավարությունում քննարկվել են խոշոր հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված քայլերը

 Կառավարությունում քննարկվել են խոշոր հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված քայլերը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայոց ձորի մարզի Արտավան համայնքին հարակից տարածքում և Երևանի «Նաիրիտ» գործարանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքների վերացման, հնարավոր հրդեհների կանխարգելմանը միտված միջոցառումների իրականացման, տարածքների պատշաճ վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր: 
Կարեն Կարապետյանը կարևորել է նման աղետների կանխարգելման ուղղությամբ գերատեսչությունների համակարգված գործունեությունն ու հստակ քաղաքականության իրականացումը և նշել, որ անհրաժեշտ է մշակել անտառների, հրդեհավտանգ տարածքների պատշաճ վերահսկողության համապատասխան մեխանիզմներ:
Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների մասնագետների ներգրավմամբ ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի առկա իրավիճակն ու կներկայացնի խնդրի լուծման անհրաժեշտ առաջարկություններ: Կառավարության ղեկավարի խոսքով, իրավիճակը վերահսկողության տակ պահելու և հնարավոր մարտահրավերներին պատշաճ արձագանքելու նպատակով յուրաքանչյուր գերատեսչություն պետք է առավելագույնս պատրաստ լինի՝ հստակ իմանալով իր անելիքները:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ քննարկվել են հրդեհների առաջացման հնարավոր պատճառները, և մարդկային ու կլիմակայական գործոնները բացառելու նպատակով կարևորվել է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքների պահպանությունն ուժեղացնելու նպատակով ԱԻ նախարարն առաջնահերթ է համարել մուտքի և ելքի ճանապարհների ու արահետների կահավորումը տեսախցիկներով՝ հրդեհի առաջացման մոնիթորինգը կազմակերպելու նպատակով:
Նախարարի խոսքով, արգելոցում հրդեհի առաջացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել շոգ կլիման, ինչի հետևանքով խոտածածկ տարածքն իսպառ խոնազարկվել է: Նման պայմաններում հողի խոնավությունն ապահովելու նպատակով Դավիթ Տոնոյանն առաջարկել է շահագրգիռ գերատեսչությունների համապատասխան մասնագետների ներգրավմամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը բնական պայմանների առանձնահատկություններից ելնելով կուսումնասիրի արգելոցների տարածքում հիդրոհամակարգերի ստեղծման հնարավորությունները, կմշակի համապատասխան միջոցառումներ՝ անտառների և պահպանվող հատուկ տարածքների հրդեհային անվտանգությունը բարձրացնելու նպատակով:
ԱԻ նախարարը զեկուցել է նաև, որ ուսումնասիրվել են «Նաիրիտ» գործարանում վթարի առաջացման հնարավոր պատճառները, վեր են հանվել առկա խնդիրները: Դավիթ Տոնոյանն ընդգծել է գործարանում ռեզերվների հովացման համակարգի բացակայությունը և կարևորել «Նաիրիտ»-ի տարածքում նախկինից մնացած թունաքիմիկատների հավաքումն ու պահեստավորումը, հանրապետությունում առկա հնարավորությունների օգտագործմամբ դրանց ոչնչացումը: Խնդիրը բազմակողմանի և ամբողջական լուծելու համար ԱԻ նախարարը հանդիպումներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համալիր ուսումնասիրություններ կատարելու և դրանցում միջազգային փորձագետներ ներգրավելու նպատակով:
Նախարարն առաջարկել է ուսումնասիրությունների և դրանց արդյունքների հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների՝ Էներգետիկայի և բնական պաշարների, Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Նաիրիտ» գործարանի մասնագետների ներգրավմամբ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: 
Հրդեհների հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների, դրանց վերացման և լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին զեկուցել է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Վարչապետ Կարապետյանն ընդհանուր առմամբ հավանություն է տվել ներկայացված առաջարկություններին և համապատասխան գերատեսչություններին տվել կոնկրետ հանձնարարականներ, այդ թվում՝ Հանրապետությունում հրդեհների բռնկման ռիսկերը նվազագույնի հասցնելու, անտառների կառավարման քաղաքականությունը հստակեցնելու վերաբերյալ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր