Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

15 սեպ 2017 12:19

Երեկվա «ռազբորկայի» մասնակիցներն ընտրություններին լրջագույն ծառայություններ են մատուցել ՀՀԿ-ին. Փաշինյան

 

Երեւանում նախօրեին տեղի ունեցած «ռազբորկայի» մասնակիցներն ընտրությունների ժամանակ լրջագույն ծառայություններ են մատուցել Հանրապետական կուսակցությանն ու իրենց զգում են՝ որպես ՀՀԿ-ի մաս: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ Երեւանում տեղի ունեցավ խայտառակ իրադարձություն, Երեւանը ցնցվեց հերթական կրիմինալ իրադարձությունից: Այսօր շատ մարդիկ հարց են տալիս՝ ինչու են այդ հանցագործներն ավտոմատներով ազատ շրջում Երեւանում, ու ինչու իշխանությունները չեն կասեցնում նրանց երթը: Դրա համար կա շատ պարզ բացատրություն. համոզված եմ հարյուր տոկոսով, որ այդ «ռազբորկայի» մասնակիցները լրջագույն ծառայություններ են մատռուցել ՀՀԿ-ին, որի քաղաքական հենարանի դերն են կատարում եւ իրենց զգում են իշխանության մաս, ՀՀԿ-ի հենարանն են եւ որեւէ զարմանալի արձանագրում չկա, որ մարդասպաններն ազատ կարող են շրջել: Մարտի 1-ի սպանությունների հեղինակներն մինչեւ այսօր ազատ շրջում են Երեւանում եւ ոչ ոք չգիտի, թե հաջորդ անգամ երբ կկրակեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, երեկվա կրակոցներն առնվազն անուղղակիորեն կապ ունեն Ալավերդիում նոյեմբերի 5-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին. «Սա ներհանրապետական «ռազբորկա» է, որի դրսեւորումներ առաջիկայում ցավոք սրտի կարող ենք ունենալ»:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու սեպտեմբերի 12-ին կայացած նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Սահակյանը՝ «Ծիտ»-ը վիրավորել էր «Ելք»-ի անդամ Անահիտ Բախշյանին, որից հետո վիճաբանություն էր տեղի ունեցել կողմերի միջեւ:

««Ծիտ» մականունով մեկը տարիներ առաջ հետախուզման մեջ էր, փաստորեն, հետախուզեցին, հետախուզեցին եւ որոշեցին ոչ թե տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, այլեւ Երեւանի ավագանի»,- ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ,  Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ սեպտեմբերի 14-ին, ժամը 13.25-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով կան վիրավոր եւ մեկ սպանված:

Սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Սպանության մեջ կասկածվում է երեք անձ. 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը եւ 33-ամյա Արմեն Կարադամիդովը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր