22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 17         21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել      21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված    

25 սեպ 2017 16:15

Իսկական մեղավորները հիմա Քոբուլեթիում են, մենք` ԱԱԾ-ի պադվալում.«Իգլայի» գործով ամբաստանյալ

 

Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զննվեցին գործով իրեղեն ապացույց ճանաչված իրերը:

Դատարանում փաթեթներից հանվեցին եւ զննվեցին իրեղեն ապացույցներ ճանաչված պլանշետային համակարգիչը, եվրոները,  քիմիական նյութերը, որոնցով, ըստ գործի նյութերի, ամբաստանյալներից Ժորա Զաքարյանը մաքրել է թանաքոտված 50 եվրոյանոցները:

Դատարան էր բերվել նաեւ «Իգլան», որը, ըստ գործի նյութերի, ապօրինի կերպով ձեռք են բերել Սամվել Բաբայանն ու գործով անցնող մյուս անձինք:

Այսօրվա նիստում հետազոտվեցին նաեւ գործում առկա փաստաթղթերը:

Ըստ գործի նյութերի «Իգլա» տեսակի խողովակը նախաքննական մարմնին ներկայացրել է գործով մեղադրյալ Հրաչյա Մայիլյանը:

Նա նախնական համաձայնության գալով Սանասար Գաբրիելյանի եւ Արմեն Պողոսյանի հետ, Վրաստանում ապօրինի ձեռք են բերել այն եւ Վրաստանից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Հայաստան` Արմվիրի մարզի Արշալույս գյուղ:

Ըստ փորձաքննության արդյունքների` գործով իրեղեն ապացույց ճանաչված «Իգլան» տեխնիկապես սարքին է եւ պիտանի է նպատակային օգտագործման:

Ըստ գործի նյութերի` գործով իրեղեն ապացույց ճանաչված պլանշետում հայտնաբերվել է 20 լուսանկար, որոնցից մեկում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական թռուցիկն է` դրված «Իգլայի» վրա: 

Նյութերի հրապարակման ժամանակ գործով ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը դիմելով դատարանին հայտարարեց` իրական հանցագործները` Հրաչյա Մայիլյանը եւ Ռոբերտ Աղվանյանն ազատության մեջ են, իսկ իրենք նստած:

«Հարգելի դատարան, մեկը տրուբայի տերն ա, մեկն էլ տեղափոխողը, բայց իրենք հիմա  Քոբուլեթիում հանգստանում են, մենք էլ նստած ենք ԱԱԾ-ի պադվալում»-ասաց նա: 

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր