18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

31 հոկ 2017 20:00

Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի զարգացման հնգամյա ծրագիրը

 
Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստին ավագանու անդամները 45 կողմ, 17 դեմ ձայներով հաստատեցին Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ասաց, որ Երևանի զարգացման 2018-2020 թվականների հնգամյա ծրագրի նախագիծն անցել է հանրային քննարկման բոլոր փուլերով: Զարգացման ծրագրի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը: «Երևանն ունի զարգացման գերակայություններ և ուղղություններ, որոնք միտված են քաղաքի առջև ծառացած հիմնախնդիրների արդյունավետ և համակողմանի լուծմանը: Դրանք ծրագրում դասակարգվել են ըստ կարևորության և հրատապության»,-ասաց նա:
Վահե Նիկոյանը նշեց, որ հնգամյա ծրագրով նախատեսվում է ամբողջականացնել մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհը, նախատեսվում են Իսակով-Արշակունյաց ճանապարհի, Զվարթնոց օդանավակայան տանող նոր մայրուղու և Կոմիտասի պողոտային զուգահեռ այլընտրանքային ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներ: «Ծրագրով կարգավորվելու է հասարակական տրանսպորտի ոլորտը և ներդրվելու է էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը: Ծրագրով կկառուցվի նոր միջազգային չափանիշներին համապատասխան աղբավայր և աղբի տեսակավորման և վերամշակման գործարան»,-ասաց նա:
Վահե Նիկոյանը վստահեցրեց, որ 2022 թվականին ամբղջությամբ լուծվելու է մանկապարտեզների հիմնանորոգման և կահավորման խնդիրները; Կարգավորվելու են մանկապարտեզներում առաջացած հերթերը:
Երևանի ավագանու զարգացման հնգամյա ծրագրին անվստահություն հայտնեցին ավագանու «Ելք» և «Երկիր ծիրանի» խմբակցությունները: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը նշեց, որ որ ծրագրում որևէ կետ չկա երիտասարդ մասնագետների արտագաղթը կանխելու ուղղությամբ: «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունին էլ դուր չէր եկել ծրագրում թվերի քչությունն ու հստակության պակասությունը:
Զարուհի Բաթոյանն էլ հավելեց, որ դեռևս խնդիր է մնում սակավաշարժ մարդկանց համար մայրաքաղաքում գործող լողավազանների, դպրոցների, մշակութային կենտրոնների և այլ հաստատությունների մատչելիության խնդիրը: Նա առաջարկեց հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության բաժին ստեղծել, ինչպես նաև ավելացնել սակավաշարժ մարդկանց մատչելիությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ասաց, որ զարգացման հնգամյա ծրագիրն ուղղված է համայնքի առջև ծառացած պարտադիր խնդիրների լուծմանը: «Չկա մի լիազորություն, որ դուրս է մնացել ծրագրից, պահպանված է Երևան քաղաքի համաչափ զարգացման սկզբունքը»,-ասաց նա;
Կամո Արեյանը փաստեց, որ ծրագիրն իրատեսական է և իրագործելի:
Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 29-ին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր