10:00 - Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն.«Ժողովուրդ»         19:43 - Կորոնավիրուսային հիվանդությունից 89 ամյա պացիենտը մահացել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում      17:33 - Կարելի է ասել, որ մենք հաղթեցինք պատերազմը.Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են    

30 հուն 2016 16:13

Համաժողովում ամփոփվում են ԵՄ թվինինգ ծրագրի արդյունքները

Աղվերանում այսօր մեկնարկել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ‹‹Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով›› թվինինգ ծրագրի փակմանը նվիրված երկօրյա համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը՝ նշելով, որ համաժողովի ընթացքում ամփոփվելու են երկամյա ծրագրի արդյունքները:
Փոխնախարարի խոսքով՝ վերոնշյալ ծրագիրն ուղղված է բարձրագույն կթության ոլորտի բարեփոխումներին: Ըստ նախարարի տեղակալի՝ երկու տարի շարունակ ԵՄ մասնագետները Գերմանիայից և Ֆինլանդիայից, փորձագիտական աջակցություն են ցուցաբերել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներով զբաղվող իրենց հայ գործընկերներին: Որպես ծրագրի հիմնական ուղղություններ՝ Կարինե Հարությունյանը նշել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի մշակման, բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովման համակարգի հետագա զարգացման, Որակավորումների ազգային շրջանակի վերանայման, բուհ-գործատու կապի, ուսանողների զբաղվածության, կրթական ծրագրերի՝ նոր ձևաչափով մշակման աշխատանքներին աջակցությունը: Եվրոպական Միության կողմից ծրագրի ղեկավար Հելկա Կելկալայնեն իր հերթին, որպես ծրագրի հիմնական ուղղություններ, անդրադարձել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի կարողությունների զարգացմանը՝ Բոլոնիայի գործընթացն իրականացնելու գործում, ինչպես նաև Հայաստանի բուհերին ցուցաբերվող աջակցությանը՝ Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ իրենց ուսումնական ծրագրերը վերանայելու և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանություն ապահովելու հարցում: 
ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել ‹‹Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին›› ՀՀ օրենքում նախատեսվող հիմնական հայեցակարգային փոփոխությունները: ԵՄ փորձագետներն իրենց հերթին անդրադարձել են Հայաստանի բարձրագույն կրթության օրենսդրության վերանայման, գործատուների և բուհերի համագործակցությանը, Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգում տեղ գտած վերջին զարգացումներին: 
Համաժողովի ընթացքում ծավալվել են խմբային քննարկումներ՝ բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրության և Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի բարելավման վերաբերյալ, մասնավորապես, հավատարմագրման կարգի, որակի ապահովման չափորոշիչների, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման, կրթական վերջնարդյունքների հիման վրա կազմված կրթական ծրագրերի համատեքստում: 
Համաժողովը վաղը կշարունակի իր աշխատանքները: Միջոցառման մասնակիցներին կողջունեն ՀՀ կրթության գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Մ. Պյոտր Սվիտալսկին: Համաժողովին կմասնակցեն նաև Հայաստանում Ֆինլանդիայի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանները, միջազգային փորձագետներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Նշենք, որ ‹‹Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով›› թվինինգ ծրագիրը նպաստել է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին՝ ԵՄ լավագույն փորձին համահունչ, բարձրագույն կրթության համակարգի բարելավմանը, որակի ապահովման համակարգի զարգացմանը և աշխատաշուկայի կարիքների բավարարմանը: Ծրագրի ընթացքում Հայաստան են այցելել 43 փորձագետներ Ֆինլանդիայից և Գերմանիայից՝ ՀՀ բարձրագույն կրթության օրենսդրության վերանայման, վերապատրաստումների անցկացման, հայ մասնագետների հետ փորձի փոխանակման նպատակով: Բուհերի ավելի քան 200 դասախոսներ, վարչական աշխատողներ և ուսանողներ, ինչպես նաև ՈԱԱԿ-ի մասնագետներ մասնակցել են ուսումնառության վերջնարդյունքների, ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման, կրեդիտների փոխատեղման, հավատարմագրման և որակի ապահովման թեմաներով շուրջ 25 վերապատրաստման դասընթացների: Ծրագրի շրջանակում նախարարության և ՈԱԱԿ-ի մասնագետները միջազգային փորձի ուսումնասիրման նպատակով աշխատանքային այցերով եղել են Գերմանիայում, Ֆինլանդիայում և Էստոնիայում:
Ծրագիրն իրականացրել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (ՀՀ ԿԳՆ)՝ Ֆինլանդիայի կրթության գնահատման կենտրոնի (FINEEC) և Գերմանիայի կրթության ու հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված են եղել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ): 
Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից: Ծրագրի բյուջեն կազմել է 1.000.000 եվրո, տևողությունը՝ 24 ամիս:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր