17:07 - Տեսանյութ. Ինչպես են ավազամրրիկները ծածկում ավստրալական քաղաքները         16:31 - Մենք չենք հոգնում, մեր էներգիան եւ կամքն անսահման է.Հայաստանում չպիտի լինի մեկ մարդու իշխանությունը      16:25 - ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել    

09 նոյ 2017 11:00

«ՀԺ». Էրդողանը Պուտինին կառաջարկի բացել հայ-թուրքական սահմանը

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արցախյան հիմնախնդրի շրջանակներում վերջին օրերին շատ է ակտիվացել Ադրբեջան-Թուրքիա տանդեմը, որ սպառնում է Ռուսաստանի հետ լուծվելիք ինչ-ինչ հարցերով: Այս թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է քաղաքագետ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:

Պարոն Մելիքյան, օրերս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողության շրջանակում, Թուրքիայի  նախագահ Էրդողանը Բաքվում  հայտարարեց, թե Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լուրջ նախաձեռնությամբ, եւ Էրդողանի խոսքով՝ «Ադրբեջանին աջակցելու  եւ ադրբեջանական հողերի ազատագրման համար, որոնք զավթվել են հայերի կողմից, բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»: Ձեր կարծիքով՝ ի՞նչ հարցեր կարող է արծարծել Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ:

Հարավային Կովկասում բարդ, բազմաշերտ քաղաքական խաղ է ընթանում` ինչպես ռուսները, այնպես էլ թուրքերը ձգտում են այստեղ նոր դիրքեր ձեռք բերել: Հետեւաբար Էրդողանի առաջարկը Մոսկվայի համար ընդունելի կլինի միայն այն պայմանով, եթե նպաստի մեր տարածաշրջանում ռուսների ազդեցության ընդլայնմանն ու ամրապնդմանը: Թերեւս առավել հավանական է այն, որ թուրք առաջնորդը ռուսական կողմին կարող է առաջարկել պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական սահմանի բացման եւ Հայաստանի ապաշրջափակման դիմաց Ադրբեջանին տարածքներ հանձնել Արցախում եւ չխոչընդոտել այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայմանը:

Առերեւույթ, այս կերպ բոլոր շահագրգիռ կողմերն ինչ-որ բան են ստանում` ռուսները կընդլայնեն իրենց ռազմական ներկայությունը եւ հենակետեր կստանան նաեւ արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող ներկայիս հայկական տարածքներում, Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնեն Արցախի ներկայիս տարածքի կեսից ավելին, առանց Ստեփանակերտի վերահսկողության տակ մնացող տարածքում բնակվող արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու նախապայմանի, Հայաստանը դեպի Արեւմուտք տանող ցամաքային հաղորդակցության ուղիներ կստանա, իսկ Թուրքիան նաեւ Հայաստանով դեպի Ադրբեջան տարանցման նոր հնարավորություններ ձեռք կբերի, ինչպես նաեւ էապես կավելացնի սեփական բազմաբնույթ ազդեցությունն արդեն ողջ Հարավային Կովկասում:

Խնդիրն այն է, որ այսպիսի գործարքից Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը կստանան երկարաժամկետ ռազմավարական առավելություններ, մինչդեռ հայկական կողմերի ձեռքբերումները կլինեն ժամանակավոր եւ լիովին կախված կմնան թուրքերի կամ ռուսների բարի կամքից, որովհետեւ Թուրքիան այսօր կարող է սահմանը բացել, իսկ տարածքներն ադրբեջանական կողմին հանձնվելուց հետո շատ չանցած կրկին մի ինչ-որ պատրվակով փակել դրանք: Նույն կերպ կարող են վարվել նաեւ ռուսները, որոնց վերահսկողությանն է հանձնված հայ-թուրքական սահմանը: Այսինքն տարածքների հանձնումն ինքնին չի կարող երկարաժամկետ կտրվածքով ապահովել մեր կենսական շահերի հարգումն այդօրինակ գործարքի մյուս մասնակիցների կողմից ու, հետեւաբար, նաեւ տեւական խաղաղության պահպանումը:

Հ.Գ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 13-ին՝ Սոչիում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր