«3+3»-ը թուրքական պրոյեկտ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով.Հայաստանը որևէ լծակ չունի՝ ազդելու          Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ       Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ    

06 դեկ 2017 13:20

ՀՀ ԱԺ նախագահն անհանգստացած է «ՀՀ 2018 թվ. պետական բյուջեի մասին» նախագծով

ՀՀ ԱԺ նախագահն անհանգստացած է «ՀՀ 2018 թվ. պետական բյուջեի մասին» նախագծով 2018 թվականի բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ և ոգևորում է, և անհանգստացնում. այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ «ՀՀ 2018 թվ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն իր ելույթում։

Իր ելույթում ԱԺ նախագահն ասել է. «Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական փաստաթուղթ է: Եվ դրա շուրջ ծավալվող դժվարին ու պատասխանատու քննարկումները, որոնք վերաբերում են մեր երկրի զարգացման հեռանկարին, բնականաբար, տնտեսականից ու սոցիալականից բացի, նաև քաղաքական են:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին` շահագրգիռ քննարկման ու ակտիվ դիրքորոշումների համար:

Շնորհակալ եմ նաև կառավարության ներկայացուցիչներին` վարչապետի գլխավորությամբ, խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցության և ներդաշնակ աշխատանքի համար:

Երկրի հերթական բյուջեի հերթական քննարկումը ևս մեկ հնարավորություն ու առիթ է` խոսելու առկա խնդիրների, մարտահրավերների, դրանց հաղթահարման ու լուծումների մասին: Բոլորս էլ գիտակցում ենք, որ դանդաղելու ժամանակ չունենք, ուստի անհրաժեշտ է լինել ավելի հետևողական ու սկզբունքային: Մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշելու, մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլևս հետևում է, թե մենք զսպեցինք այդ ճգնաժամի հնարավոր բարդ հետևանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն թնջուկը հանգուցալուծվում է և այլն:

Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության ու լավատեսության համար:

Հարգելի գործընկերներ, 

իհարկե, անհնար է ելույթի համար հատկացված ժամանակի շրջանակում ամբողջությամբ անդրադառնալ 2018 թվականի պետական բյուջեի մասնագիտական բազմաթիվ նրբություններին: Բայց միանշանակ կարող եմ նշել, որ, մեծ հաշվով, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հստակ ասում է. եկեք ինքներս ազնիվ լինենք մեր առջև և ընդունենք, որ այս պահին այսքա'նն է մեր հնարավորությունների սահմանը:

Բայց այն նաև ասում է, որ մեր ունեցածը պետք է այնպես ծախսել, որ հաջորդ տարիներին կարողանանք ասել՝ մեր ուժերի սահմանները ինքներս ենք մեծացրել:

Անկեղծորեն պիտի ասեմ, որ 2018 թվականի բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ և ոգևորում է, և անհանգստացնում:

Ոգևորում է, քանի որ տեսնում եմ տնտեսական վերելքին միտված հստակ ծրագիր, տեսնում եմ պաշտպանության ոլորտի ամրացման անթաքույց կամք և, վերջապես, տեսնում եմ իրերն իրենց անունով կոչելու և վարդագույն ակնոցներին չապավինելու ձեռագիր:

Սրանք ես տեսնում եմ շատ հստակ, և դա ինձ ոգևորում է:

Բայց ես տեսնում եմ, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, մասնավորապես կրթության ու առողջապահության հանդեպ: Ու թեև ես շատ լավ հասկանում եմ, որ այն, ինչ հիմա մենք անում ենք, մեծացնելու է վաղվա մեր հնարավորությունները նույն կրթության ու առողջապահության ոլորտներում թռիչք ունենալու համար, միևնույն է, կարծում եմ, որ մենք հետագայում ավելի լրջորեն պետք է աշխատենք` այս ոլորտների ֆինանսավորումն առնվազն չնվազեցնելու, այլ ավելացնելու ուղղությամբ:

Այո, պետբյուջեի նախագծով որոշակիորեն կրճատվում է առողջապահության ֆինանսավորումը: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ այսօր կորցրածը վաղը շատ դժվար կամ գրեթե անհնար է վերականգնել: Այս ոլորտում բարեփոխումները, օպտիմալացումը, որոնց նպատակը բյուջեն ավելի խնայողաբար օգտագործելը, համակարգն ավելի արդիական ու ճկուն դարձնելն է, չպետք է անցանկալի ազդեցություն ունենան բնակչությանը մատուցվող ծառայությունների վրա: Այդուհանդերձ, ուրախ եմ, որ, գիտակցելով, որ ֆինանսների կրճատումը կարող է բացասաբար անդրադառնալ թե' քաղաքացու առողջության և թե' առողջապահության համակարգի վրա, կառավարությունը կարողացել է գտնել խնդիրը կարգավորելու ճանապարհներ: Արդյունքում, 2018 թվականի պետբյուջեի ներկայացված վերջնական տարբերակում, նախագծի առաջին տարբերակի համեմատ, էականորեն` 4 մլրդ դրամով, ավելացվել է առողջապահական ոլորտի ֆինանսավորումը:

Հարգելի գործընկերներ, պարզ է, որ 2018 թվականի պետական բյուջեն, բնականաբար, չի կարող իր մեջ տեղավորել բոլոր ցանկությունները: Այստեղ է, որ տարակարծություններ, տեսակետների ու դիրքորոշումների բախում են առաջանում քաղաքական ուժերի, պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների միջև: Սակայն հասկանալի է, որ բոլոր հարցերը միանգամից լուծելը, մեղմ ասած, դժվար է, շատ անգամ` անհնար: Հետևաբար, պոպուլիզմը որևէ կերպ ընդունելի չէ, որովհետև այն կարող է հանգեցնել նաև սոցիալական աղետի: Պետք է գնալ իրատեսության, գերակայություններին նախապատվություն տալու ճանապարհով:

Հուսով եմ` մենք կկարողանանք, հեռատեսություն ու սթափություն դրսևորելով, ընդունել պետական բյուջեի առավել օպտիմալ տարբերակ: Դրանով իսկ կառավարությանը հնարավորություն կտանք իրագործել նախատեսված ծրագրերը, հասնել տնտեսության կայուն աճի, որպեսզի խոսքը վերածվի գործի, գործն էլ իր հերթին դառնա արդյունք:

Կոչ եմ անում կողմ քվեարկել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին»»: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր