18:33 - Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Տեսանյութ         17:32 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ      16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է    

02 փետ 2018 16:00

Սեֆիլյանի գործով նիստին Վարուժան Ավետիսյանը հեռացվեց դահլիճից, նրա հարցաքննությունը համարվեց ավարտված

 
Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր` փետրվարի 2-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում պետք է հարցաքննվեր  «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա հրաժարվեց կանգնել ամբիոնի մոտ` հարցերին պատասխանելիս, բացի այդ հրաժարվեց նաեւ ոտքի կագնել:
«Ես այստեղ դատարան չեմ տեսնում` ռեժիմի գործիք է, ես այստեղ եմ պաշտպանների միջնորդությամբ եմ եկել եւ պատրաստ եմ պատասխանել նրանց հարցերին»: Վարուժան Ավետիսյանի շահերի պաշպան Մուշեղ Շուշանյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալը պատրաստ է ցուցմունք տալ, եւ եթե նա հրաժարվում է մոտենալ ամբիոնին, ապա դա իր իրավունքն է:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դիմելով Վարուժան Ավետիսյանին` հայտարարեց, որ նա  իր վարքագծով հրաժարվում է հարցաքննությունից, հետեւաբար, դատարանը ստիպված է լինելու դատավարական միջոցներ կիրառել: Նա նշեց, որ  եթե Վարուժան Ավետիսյանը չի մոտենալու ամբիոնին, ապա պետք է կանգնած ցուցմունք տա: Ի պատասխան Ավետիսյանը նշեց. «Ես արդեն ասացի, որ Հայաստանում դատարան չկա, դա ռեժիմի գործիքն է: Պատրաստ եմ պատասխանել պաշտպանների հարցերին՝ սակայն նստած: Ես պարտավոր եմ լինել ՀՀ քաղաքացի, որպես ՀՀ քաղաքացի ես զինված ապստամբություն եմ իրականցրել ազգադավ եւ ոճրագործ ռեժիմի դեմ եւ առիթից օգտվելով՝ կոչ եմ անում ժողովրդին՝ նորից դիմել զինված ապստամբության եւ ազատագրվել գաղութային այս կախյալությունից եւ որպես ՀՀ քաղաքացի, ես լիիրավ կերպով իրականցում եմ իմ իրավունքը»,- հայտարարեց Ավետիսյանը: Դատարանը որոշեց Ավետիսյանին, հեռացնել նիստերի դահլիճից` նրա հարցաքննությունն համարելով ավարտված: Դատարանի այս որոշումը դժգոհություն առաջացրեց պաշտպաններ Տիգրան Եգորյանի եւ Տիգրան Հայրապետյանի մոտ եւ նրանք առարկեցին դատարանի գործողությունների դեմ` դատարանին միջնորդելով վերանեյալ իր որոշոմը եւ Վարուժան Ավետիսյանին բերել նիստերի դահլիճ: Դատարանը միջնորդությունը մերժեց:
Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց դատարանից գործով նոր վկաներ դատարան հրավիրելու համար: Դատարանը նիստը երկու ժամով ընդմիջեց:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:
Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր