18:10 - Նարեկ Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը         17:55 - Հայտնի է փորձագիտական կենտրոնում փլուզումից մահացած աշխատակցի ինքնությունը      17:40 - Լեզվի վրա արված դաջվածքը համարվում է նոր ոճային թրենդ. լուսանկարներ    

28 մայիս 2016 15:15

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը պատասխանել է Analitik.am-ի տնօրենի մեղադրող հայտարարությանը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Analitik.am  

կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ իր դեմ շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է

Դեսպանատան հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Դեսպանատունը չէր պլանավորում պատասխանել կամ որևէ մեկնաբանություն տալ ակնհայտ զառանցանքին, որը պարունակում է «Analitik.am» կայքի տնօրեն Ա. Հովհաննիսյանի հայտարարությունը։

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ լրատվամիջոցներ, լրագրողական էթիկայի ու պրոֆեսիոնալիզմի ավանդույթները խախտելով, հեշտությամբ վերցրին անհեթեթ կեղծիքը, դեսպանատունը ստիպված է նշել հետևյալը.

Նախ, ազնիվ չէ շահարկել միջպետական հարաբերությունները՝ պաշտպանվելու և իր վրայից զուտ քրեական արարքը՝ շանտաժը չեղարկելու համար։ Հայտնի է, որ Ա. Հովհաննիսյանի «հետաքրքրությունների» ոլորտը չի սահմանափակվել միայն Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանով։

Դրանով պայմանավորված՝  հիշում ենք  խորհրդային ժամանակների սերիական մարդասպան Ա. Չիկատիլոյի դեպքը, որը փորձում էր իր իրականացրած գազանային սպանությունները պայմանավորել քաղաքական դրդապատճառներով՝ իբր «խորհրդային օկուպացիայի դեմ պայքարով»։

Երկրորդը, ելնելով Ա. Հովհաննիսյանի տրամաբանությունից, «գործակալ» բառը, որն օգտագործվում է Տիգրան Ուրիխանյանի հասցեին, կարող է տարածվել բոլոր պատգամավորների ու գործիչների վրա, որոնց հետ դեսպանատունը հարաբերություններ է պահպանում, հրավիրում է ընդունելություններին կամ կազմակերպած միջոցառումներին։ Դա անտեղի է երկու եղբայրական ժողովուրդների հարաբերություններում։

Երրորդ, ՌԴ դեսպանատան բոլոր աշխատակիցների, առաջին հերթին՝ դեսպանի պարտականությունների մեջ է մտնում երկրի՝ այս դեպքում Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմանն աջակցելը։ Ինտրիգներ հյուսելը մեր գործը չէ, ինչպես ցանկանում է ներկայացնել Ա. Հովհաննիսյանը: 

Դեսպանատունն իր համար այս թեման փակված է համարում։ Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լիովին կհասկանան գործը և  դատավճիռը ՝ գործող օրենսդրությանը համաձայն»։

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ԱԺ պատգամավորից գումար շորթելու կասկածանքով ձերբակալվել են «analitik.am» խմբագրության աշխատակիցներ Անի Հ.-ն և Վարդիթեր Գ.-ն:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր