19:18 - Երթի մասնակիցները միավորվել են Հանրապետության հրապարակում. Տեսանյութ         19:03 - ԵՄ-ն Հայաստանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ձերբակալվածներին      18:11 - Դերասան Մկրտիչ Արզումանյանը և երգչուհի Էռնա Յուզբաշյանը ի բողոք ուժի կիրառման հրաժարվում են իրենց տրված կոչումներից    

17 ապր 2018 18:40

Ես ոստիկաններին ոչ մի «զապիսկա» չեմ փոխանցել. Նիկոլ Փաշինյան

Ես ոստիկաններին ոչ մի  «զապիսկա» չեմ փոխանցել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների  հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն խոսակցություններին, որ ինքը ոստիկանության աշխատակիցներին ինչ-որ գրություն է փոխանցել:
Նա լրագրողներին ցույց տվեց, որ ինքը երեկ փշալարերի վրայով անցնելիս, բռնել է ոստիկաններից մեկի ուսադիրներից, ու ինչ-որ նման տպավորություն է ստեղծվել, սակայն տեսանյութեր կան, որտեղ պարզ երեւում է, որ ինքը ոչինչ էլ չի փոխանցում:
«Սա 17-րդ դարը չէ, որ ես նման կերպ գրություն փոխանցեմ, եթե ուզենայի ինչ-որ բան փոխանցել գոյություն  ունի հեռախոս, ինտերնետ եւ այլ միջոցներ»,- ասաց նա:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ երկրում թավշյա հեղափոխություն է իրականացնելու: Նա բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, շրջափակել կառավարական հաստատություններն ու նստացույցեր կազմակերպել: Այս հայտարարությունից հետո երթ մեկնարկեց, որի ընթացքում ցուցարարները սկսեցին գերատեսչական շենքեր շրջափակել: Այս պահին շրջափակված են գլխավոր դատախազության, Վճռաբեկ դատարանի, ԱԳՆ-ի, ՊԵԿ-ի շենքերը:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասը ոստիկանները փշալարերով փակել են, լուսաձայնային նռնակներ են տեղադրել, ցուցարարներին թույլ չեն առաջ շարժվել: Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված:
Այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց, ինչպես նաեւ Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկների մոտից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը 59-ն է:
Իսկ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանն անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց:
Երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով. այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները: Այսօր եւս ցուցարարները փակում են Երեւանի կենտրոնական փողոցները:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր