22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 17         21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել      21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված    

25 հուլ 2016 13:01

Սպանություն Երևանում. մեղադրանք է առաջադրվել տուժողի որդուն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակիչ Ալավերդի Թումասյանի  սպանության դեպքի առթիվ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի որդուն:
 
2016 թվականի հուլիսի 21-ին Երևանի բնակիչ Վ. Թումասյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իրենց բնակարանում հայրը՝ Ա. Թումասյանը, վայր է ընկել, որի հետեւանքով  ստացել է մարմնական վնասվածքներ: Ահազանգով նշված բնակարան մեկնած շտապօգնության բրիգադը արձանագրել է վերջինիս մահը:
 
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն. Դատաբժշկի կողմից դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր՝ ախտորոշվել է գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարում, մեխանիկական շնչահեղձություն, գլխուղեղի եւ պարանոցի փակ բութ վնասվածք, ողնաշարի կրծքային 1-ին ողի կոտրվածք եւ այլ վնասվածքներ:
 
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ա. Թումասյանի հետ տանը կենցաղային հարցերի շուրջ  վիճաբանել է որդին, որի ընթացքում էլ նրան պատճառվել են կյանքի հետ  անհամատեղելի վնասվածքներ:
 
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև արյունոտ հողաթափեր, որոնք պատկանել են Վ.Թումասյանին:
 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Վ.Թումասյանին հուլիսի 25-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը որոշում է կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։
 
Նախաքննությունը շարունակվում է:  Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր