17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային         16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին      16:24 - «Արաբկիր» ԲԿ տեղափոխված երեխայի հայրը գլխով հարվածել է բժշկին    

01 հուն 2016 11:00

Նախանձը և խանդը չպետք է զրկեն մարդուն տեսողությունից և բարոյական սկզբունքներից. հարցազրույց Նժդեհի քանդակի հեղինակ Գագիկ Ստեփանյանի հետ

Երևանի «Խաչքարերի պուրակում» օրերս տեղադրվեց Գարեգին Նժդեհի արձանը։ Մայիսի 28-ի հանդիսավոր բացումից հետո դժգոհություններ առաջացան, թե Նժդեհի արձանը նման է Պետրոս Առաջինի արձանին։

Օրեր անց աղմուկը արձանի շուրջ դեռ չի դադարում, ինչի առիթով Hayacq.com-ը զրուցել է քանդակի հեղինակ Գագիկ Ստեփանյանի հետ:

-Պարոն Ստեփանյան, որքա՞ն ժամանակ եք աշխատել արձանի վրա, ի՞նչ փուլերով է ընթացել այն և ինչպիսի՞ լուծումներ են տրվել:

- Երկու փուլից բաղկացած մրցույթը հայտարարվեց 2011 թվականին: Առաջին փուլը տեղի ունեցավ նկարիչների միությունում և հայտարարվեց, որ ընտրելու հարմար տարբերակ դեռևս չկար, երկրորդը՝ քաղաքապետարանում, և հայտնի դարձավ, որ առավելագույն ձայները ստացել են իմ առաջարկած էսքիզները: 2011 թ.-ից հավաքել եմ Նժդեհին վերաբերող բոլոր նյութերը՝ ուսումնասիրել կյանքի տարբեր ժամանակահատվածների նկարներ, գրականություն և այլն: Բազմաթիվ էսքիզներ եմ արել. անգամ մրցույթից հետո մի քանի աշխատանքային մոդելներ և դրվագներ ստեղծել, որոնք աստիճանաբար զարգացրել եմ: 2015 թ. սեպտեմբերից սկսվել են բրոնզի ձուլման աշխատանքները: Բարդ էր ձուլման պրոցեսը, մերօրյա տեխնոլոգիաներով մի փոքր դժվար էր ինձ համար, բայց կարողացանք հաղթահարել և ստացվեց: Շատ լուրջ եմ մոտեցել իմ աշխատանքին, հաշվի եմ առել ամեն դետալը: Արձանը պատրաստելու ընթացքում բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ են եղել ճարտարապետների և քանդակագործների հետ: Պատասխանատվությունս այնքան բարձր էր, որ ինձ ստիպում էի նույնիսկ անհնարինն անել: Իմ մոնումենտալ կոմպոզիցիայի մեջ կերտել եմ Նժդեհի բոլոր ժամանակների հավաքական կերպարը՝ հանճարեղ զորավարին, մեծ պետական և քաղաքական գործչին, 20-րդ դարի առաջին կեսի մեծագույն փիլիսոփային, ազգային գաղափարախոսին և լեգենդար ասպետին:

-Նախնական փուլում արձանի էսքիզը թրով էր ներկայացված, ինչու՞ այն փոխվեց:

Այո, առաջին փուլում ներկայացրածս էսքիզում Գարեգին Նժդեհը նորից թիկնոցով էր և թրով, որն իր տեսքով խաչի էր նման: Երկրորդ փուլում արդեն այլ աշխատանք էի ներկայացրել, բոլորովին ուրիշ լուծումներ տվել՝ հենվելով նրա գաղափարախոսությունների վրա: Բազմիցս ծանոթանալով նրան վերաբերող նյութերին, կարդալով նրա խոսքերը` հասկացա, որ հերոսի հավաքական կերպարը ստանալու համար նրա գաղափարախոսությունը նույնպես պետք է ներառել արձանի մեջ:

Ելնելով նաև դրանից` ստեղծեցի այնպիսի կերպար, որտեղ կներկայացվի նրա հռետորական արվեստին տիրապետելու և մարդկանց մեջ վստահություն ներշնչելու կարողությունը, ինչով նաև պայմանավորված են մեծ զորավարի և հայ ժողովրդի տարած հաղթանակները: Քանդակին տվել եմ այն լուծումը, որ Նժդեհը, լինելով հանճարեղ զորավար, հռետորի նման մեկ ձեռքով իր թիկնոցն է բռնում, իսկ մյուս ձեռքը, հպարտ և զորեղ հայացքի ներքո` ուղղված է դեպի իր գաղափարախոսությունը: Իմ առջև կարևոր խնդիր էի դրել ՝ ստեղծել այնպիսի քանդակ, որը համապատասխան կլիներ նրա հզոր, հանճարեղ կերպարին:

Արդեն հարթակի ճարտարապետական մասի վրա գրված են Նժդեհի մի քանի մտքեր, պատգամներ, որոնք ընտրվել են նժդեհագետների կողմից: Դրանք են` «Աստված, ժողովուրդ, հայրենիք, «Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել», «Մի ժողովուրդ, որի զավակները հավասար չեն օրենքի և մահվան առջև, հաղթական հայրենիք չեն ունենա»:            

-Ինչո՞ւ որոշեցիք հենց թիկնոցով կերտել նրան:

-Բուլղարիայում` Նժդեհի երիտասարդ տարիների սպիտակ թիկնոցով նկարներից մեկն ինձ հուշեց նրան թիկնոցով կերտել: Արվեստագետը պետք է այնպիսի աչք ունենա, որ տեսնի անգամ անտեսանելին: Թիկնոցի երկար լինելու կոմպոզիցիայի մտահաղացումը կապված է նրա մեկ այլ գաղափարախոսության հետ` «Իմ հոգին ունի զույգ հենարան՝ Աստված և Հայրենիք»: Նա կանգնած է այդ երկու հենարանների վրա` հպարտ, ապագայի մասին իր հեռատես հայացքով: 

-Ի՞նչ կասեք արձանի շուրջ բարձրացած աղմուկի մասին:Կան քնադատություններ, որ այն նման է Պետրոս Առաջինին:

- Մի բան կարող եմ ասել՝ նախանձը և խանդը չպետք է զրկեն մարդուն տեսողությունից և բարոյական սկզբունքներից: Գրեթե բոլոր արձաններին «սրամիտ հայերը» անուններ են կպցնում. նույնիսկ Քոչարի հանճարեղ գործերն են քննադատել: Բացման օրն ինձ այնքան մարդ է մոտեցել և հիացմունքի խոսքեր ասել, որոնք ինձ անչափ հուզել են: Ինչ վերաբերում է Պետրոս Առաջինին, վստահաբար կարող եմ ասել, որ վերջինս ոչ մի կապ չունի Նժդեհի քանդակի հետ: Գուցե հպարտ, հեռատես, ուժեղ կերպարն է տանում այնտեղ, բայց արտաքին նմանությամբ ոչ մի կապ չկա Պետրոս Առաջինի հետ: Նման խոսակցություններից հետո նորից ամբողջ գրականությունն ու նկարները նայել եմ` փորձելով նմանություն գտնել, բայց բացարձակ ոչ մի ընդհանրություն չկա թե՛ աչքերի, թե՛ քթի և ընդհանրապես դեմքի միջև:

Հարցազրույցը՝ Լուսինե Ազիզյանի


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր