Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ          Այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան. Ալեն Ղուլյան       Այնուամենայնիվ,անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա    

27 հուլ 2016 18:20

Ժամանակը սպառվում է. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Հուլիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը թե բանավոր, և թե գրավոր ձևով բազմիցս պաշտոնապես նախազգուշացրել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը բռնազավթած խմբին անհապաղ դադարեցնել շարունակվող հանցավոր գործողությունները, մասնավորապես՝ չկրակել, ինչպես նաև զինված դուրս չգալ ՊՊԾ գնդի տարածքից: Միաժամանակ խմբին նախազգուշացվել էր, որ այս պահանջները չկատարելու դեպքում նրանց նկատմամբ, որպես ծայրահեղ միջոց, կիրառվելու է հրազեն:

Այդուհանդերձ, խմբի որոշ անդամներ անտեսել են նշված պահանջը և, առանց հանձնվելու մտադրության կամ այլ հիմնավոր անհրաժեշտության, զինված դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից, ինչին ի պատասխան նրանց վնասազերծելու նպատակով ձեռնարկվել են իրավիճակից թելադրվող գործողություններ: Սկսված հատուկ միջոցառման ընթացքում խմբի որոշ անդամներ իրավապահների ուղղությամբ արձակել են ինտենսիվ և համատարած կրակահերթեր, ինչի հետևանքով վիրավորվել է իրավապահ մարմնի ծառայող: Ձեռնարկված համարաժեք գործողությունների արդյունքում վնասազերծվել է խմբի չորս անդամ, որոնցից երկուսը վիրավորվել են, իսկ մյուս երկուսը՝ ստիպված են եղել հանձնվել:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է նաև, որ ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դատավարական և օպերատիվ-հետախուզական եղանակով ձեռք են բերվել հավաստի տվյալներ /այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստացված ձայնագրություններ/, ըստ որոնց՝ հուլիսի 17-ից ի վեր խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ: Ընդ որում, այդ անձինք մտավախություն են հայտնել, որ հանձվելու փորձի դեպքում կարող են խմբի այլ անդամների կողմից ենթարկվել հաշվեհարդարի: Ավելին, հուլիսի 27-ի առավոտյան խմբի որոշ անդամներ, չարաշահելով վիրավորներին բժշկական օգնություն ցույց տալու պետության պատրաստակամությունը, պատանդ են վերցրել չորս բուժաշխատողի:

ԱԱԾ-ն փաստում է, որ խմբի առավել ակտիվ անդամների ընդգծված ահաբեկչական գործողությունները ներկա պահին սպառնում են ոչ միայն պատանդների, այլև խմբի մյուս անդամների, հատկապես, վիրավորների կյանքին: Ստեղծված նոր իրավիճակում առկա է նշված անձանց կյանքը պաշտպանելու բացարձակ անհրաժեշտություն, ինչը ստիպում է իրավապահ մարմիններին դիմել ահաբեկչական գործողությունները կանխող և խափանող անհրաժեշտ և համաչափ միջոցների:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբի անդամներից վճռականորեն պահանջում է.
1/ անհապաղ վերացնել վիրավորներին որակյալ բուժօգնություն տրամադրելու բոլոր խոչընդոտները,
2/ անմիջապես ազատ արձակել բոլոր պատանդներին,
3/ վայր դնել զենքը և հանձվել իշխանություններին:
Հնարավորություն դեռ կա, բայց ժամանակը սպառվում է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր