22:00 - Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 18-19         21:30 - Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավորապես փակ կլինի      21:15 - 7 ազդանշան, որոնք չի կարելի անտեսել    

22 հոկ 2018 10:54

Մարդիկ չգիտեն, որ ես համեստ եմ, պարկեշտ,գեր լինելը թերություն չէ.Հայ plus size մոդելն՝ առանց կոմպլեքսների

Մարդիկ չգիտեն, որ ես համեստ եմ, պարկեշտ,գեր լինելը թերություն չէ.Հայ plus size մոդելն՝ առանց կոմպլեքսների blognews.am- ը ներկայացնում է plus size մոդել Նաիրային, ով բնակվում և իր գործունեությունը ծավալում է Տաշքենդում: Մոդելն այս շրջանում հայրենիքում է և իր առաջին քայլերն է անում հայկական մոդելային ասպարեզում: Ասում է՝ բարդ է, քանի որ Երևանում plus size մոդելի պահանջարկ չկա, և այս ոլորտում նա միակն է: Սա պատմություն է մի աղջկա մասին, ով գեր լինելն ընդունեց ոչ թե որպես թերություն, այլ այն որպես առավելություն ծառայեցրեց գումար վաստակելու համար:
Նաիրան 29 տարեկան է, ծնվել է Տաշքենդում: Չափսերն են՝ կուրծք՝ 120 սմ, գոտկատեղ՝ 110 սմ, կոնք՝ 136 սմ: 
- Ինչպես շատ աղջիկներ, դու նույնպե՞ս երազել ես մոդել դառնալու մասին, ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ։
- Ես որոշեցի մոդել դառնալ այն ժամանակ, երբ բոլորն ինձ համոզում էին նիհարել: Ասում էին՝ դու գեր ես, տգեղ, նստիր տանը և դուրս մի արի, որպեսզի քեզ ոչ ոք չտեսնի: Ես ինձ, իհարկե, հավանում էի, բայց երբ մարդիկ բացասական էին արտահայտվում, ես սկսում էի ինձ չհավանել, և ինքնագնահատականս ընկնում էր: Հետո համացանցում տեսա ամերիկացի մոդել Էշլի Գրեհեմին և մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ, իսկ ինչո՞ւ ես չեմ կարող այդպես: Ընդունվեցի մոդելային դպրոց, կարճ ժամանակում ինձ սկսեցին հրավիրել հագուստի գովազդի նկարահանումների, մասնակցել եմ բավականին շատ հաղորդումների, զբաղվում եմ նաև առողջ սննդակարգի գովազդով: Քանի որ իմ հետևորդների մեծամասնությունը գեր կանայք և աղջիկներ են, մեկն ուզում է նիհարել, մյուսն էլ՝ պահպանել կազմվածքը, ես փորձում եմ երկուսի խմբին էլ օգնել, որպեսզի նրանք հասկանան՝ գեր լինելը տգեղության չափանիշ չէ, պետք չէ դրանից քաշվել:  
Ինձ դուր էր գալիս, երբ մոդելներին շպարում էին, երբ նրանք նստում էին, իսկ մասնագետները գեղեցկացնում էին նրանց: Հիշում եմ՝ երբ սկսեցի նկարահանվել, մի ձեռքս մատնահարդարում էին, մյուս մասնագետը դիմահարդարում էր ինձ, մյուսն էլ՝ վարսահարդարում: Դա, իհարկե, հաճելի է, բայց իրականում բավականին բարդ աշխատանք է:  

- Հայկական ընտանիքում ես ծնվել, մեծացել: Հետաքրքր է, ծնողներդ ինչպե՞ս ընդունեցին որոշումդ։
- Հայրս Ուզբեկստանի հայկական համայնքի ներկայացուցիչ է, և նրան հաճախ էին ասում՝ տեսել ես՝ ինչպես է լուսանկարվում դուստրդ։ Իհարկե, ինձ վրա բարկանում էին ծնողներս, ասում, որ իրենց նման մոդել պետք չէ: Հիմա հաշտվել են այդ մտքի հետ և հասկանում են, որ սա իմ մասնագիտությունն է, իսկ ես չափերը երբեք չեմ անցնում:
- Մի քանի ամիս է՝ բնակվում ես Երևանում։ Ինչպե՞ս ընդունեցին քեզ հայրենիքում: Հաշվի առնելով, որ Երևանում չկա plus size մոդելի պահանջարկ, ինչպե՞ս ես պատկերացնում այստեղ քո գործունեությունը:  
- Երբ որոշեցի տեղափոխվել Հայաստան, մոդելային բոլոր գործակալություններին ուղարկեցի լուսանկարներս: Ես գիտեի, որ այստեղ ինձ գրկաբաց չեն սպասում, և պատկերացրեք՝ այդ չորս գործակալություններից միայն մեկը պատասխանեց, որ գուցե պատվիրատուները ցանկանան համագործակցել ինձ հետ: Հետո գնացի քասթինգի, և ինձ հրավիրեցին նկարահանվելու Գրիգոր Եսայանի տեսահոլովակում, որից հետո առաջարկեցին սիթքոմում նկարահանվել։ Չնայած իմ կերպարը համապատասխանում էր, բայց ինձ չընտրեցին, քանի որ չէի կարողանում հայերեն կարդալ: Հիմա առաջարկ ունեմ նկարահանվելու հագուստի խանութի գովազդում, որը ներկայացնելու է մեծ չափսի հագուստ: Երևանում բավականին քիչ են վճարում։ Տաշքենդում երկու ժամվա ֆոտոսեսիայի համար վճարում էին 100 դոլար, իսկ Երևանում՝ 19 ժամի համար՝ 25.000 դրամ: Մոդելի աշխատանքն Ուզբեկստանում ավելի զարգացած է, քան Հայաստանում, այսինքն՝ Երևանում անգամ նման մոդելներ չկան:

- Հայտնի է, որ հայերի արձագանքը բավականին սուր է լինում։ Քո դեպքում դա ինչպե՞ս արտահայտվեց։
- Վատ մեկնաբանություններ իմ մասին հիմնականում գրում են համացանցում, oրինակ՝ ասում են՝ ավելի լավ է քիչ ուտեիր, քան մոդել դառնայիր: Շատ հայեր էլ ինձ անվանում են մարմնավաճառ, երևի որ բաց լուսանկարներ եմ հրապարակում, բայց դա իմ աշխատանքն է, ներքնազգեստ գովազդելն էլ համարվում է նորմալ, իսկ հայերը երբ տեսնում են նման լուսանկարներ, սկսում են վիրավորել ինձ: Իհարկե, չարախոս մարդիկ ինձ չեն կարող կոտրել նպատակիս հասնելու ճանապարհին։ Ուզում եմ մեկնել ԱՄՆ և դառնալ հայտնի plus size մոդել: Երևանում գուցե մենթալիտետն է այդպիսին, որ ինձ չեն հասկանում, բայց չեմ կարծում, որ ինչ-որ ձև խայտառակում եմ իմ ազգին:  
- Ասում են` plus size մոդելները շատ հաջող են երևում լուսանկարներում բացառապես ճիշտ դիրքի շնորհիվ, հաճախ էլ՝ ֆոտոշոփի արդյունքում: Այդպե՞ս է։
- Կան դիրքեր, որոնք պետք է ճիշտ անել։ Չես կարող սխալ դիրքով կանգնել, քանի որ կարող են ծալքեր երևալ, չես կարող խաչաձև քայլել, քանի որ հարմար չէ: Իրականում ամենակարևորը դեմքն է, այն պետք է գեղեցիկ դուրս գա: Չգիտեմ՝ տղամարդիկ ինչպես են վարվում, բայց գրեթե բոլորն առաջին հերթին նայում են դեմքին, հետո՝ արդեն չափսերին:

- Մոդելներից պահանջո՞ւմ են նիհարել ֆոտոսեսիաներից առաջ, մարզվո՞ւմ ես։
- Plus size մոդելները հիմնականում ուժային վարժություններ են անում, ոչ թե նիհարեցնող: Դու պետք է ֆիզիկապես ուժեղ լինես, քանի որ յուրաքանչյուր ֆոտոսեսիա բարդ աշխատանքն է: Օրինակ՝ պատվիրատուն կարող է ասել՝ մի ոտքի վրա կանգնիր կամ շպագատ նստիր: Ինչ վերաբերում է ուտելիքին, եթե շատերը կարող են իրենց թույլ տալ երեկոյան մի կտոր տորթ ուտել, ապա մենք պետք է խիստ հետևենք մեր սննդակարգին, քանի որ հակված ենք գիրանալու:
- Ո՞ր դեպքում ես հրաժարվում նկարահանվելուց։
- Կա հագուստ, որը երբեք չեմ գովազդի, և կա մերկության չափ, որի սահմանը չեմ անցնի: Իհարկե, եթե մի ժամի համար ինձ վճարեն 500 դոլար, ես կարող եմ անգամ մերկ նկարահանվել: Հիշում եմ՝ ժամանակին որքան էի ամաչում լուսանկար հրապարակելուց, որտեղ երևում էին միայն իմ ծնկները, վախենում էի՝ ինչ կասեն մարդիկ: Մեկ տարի անց ես արդեն ունեի ֆոտոսեսիա ներքնազգեստով, արդեն չէի ամաչում, այնտեղ ամբողջ մարմինս էր երևում: Երբ նայում եմ այդ լուսանկարներին, հասկանում եմ, որ դա նորմալ է: Երբ նոր էի սկսում, ինձ բազմաթիվ աղջիկներ էին գրում, շատերը պատմում էին իրենց կոմպլեքսների մասին, անգամ այնպիսի աղջիկներ կային,  ովքեր ուզում էին ինքնասպան լինել, որովհետև նրանց ծաղրում էին: Ես ինքնասպան լինելու ցանկություն երբեք չեմ ունեցել:  
- Մոդելային կարիերայում անկողինը հարց լուծո՞ւմ է, թե՞ կարևորը տեսքն ու կառուցվածն են:
- Պատվիրատուի հետ շփումից դու հասկանում ես՝ դիմացինդ այլանդակ է, թե պրոֆեսիոնալ: Երևանում արդեն երեք անգամ ներքնազգեստ գովազդելու առաջարկ եմ ստացել, բայց երբ հերթը հասնում էր մանրամասնություններին, ինձնից պահանջում էին ուղարկել մերկ լուսանկարներ, որպեսզի տեսնեին՝ համապատասխանում եմ իրենց պահանջներին, թե ոչ: Իհարկե, նման առաջարկներից հասկանում ես, որ գործ ունես խաբեբաների հետ: Լուսանկարիչներն էլ բացառություն չեն: Իմ առաջին ֆոտոսեսիայի ժամանակ ծանոթացա մի լուսանկարչի հետ, ով, ի դեպ, տասներկու տարվա փորձ ուներ։ Նա փորձեց անթույլատրելի վարք ցուցաբերել, ես էլ ասացի՝ վերջ, հաջողություն: Պատկերացնո՞ւմ եք, նա ինձ լուսանկարները չուղարկեց, քանի որ մերժեցի նրան:
Հիմա, կարծում եմ, ամեն ինչ բաց է․ ծանոթանում ես պրոդյուսերի հետ, ումից կախված է քո կարիերան, նա քեզ միանգամից ասում է՝ քնիր ինձ հետ, իսկ ես քեզ կօգնեմ: Մնացածն արդեն դաստիարակությունից և խղճից է գալիս: Երբ ես նոր-նոր էի սկսում, Մոսկվայում ծանոթացա մի պրոդյուսերի հետ, ով ինձ ասում էր՝ պետք չէ քեզ մոդելի աշխատանքը, քիչ են վճարում, արի քեզ ֆիլմում նկարահանեմ: Սկզբում ինձ հրավիրեց ընթրելու, մերժեցի՝ ասելով, որ ես ուզում եմ մոդել դառնալ և ինձ դերասանի կարիերան չի հետաքրքիրում: Երբ նոր էի սկսում, հստակ որոշել էի, որ ամեն ինչին ինքս եմ հասնելու: Իհարկե, կա կարծրատիպ, որ ամեն ինչ լուծում է անկողինը, բայց իրականությունն այլ է: Համաձայն եմ՝ անկողնային տարբերակով ավելի արագ է, հեշտ, բայց երբ ինքդ ես քայլ առ քայլ դրան գնում, դա երբեք չես փոխի ոչնչի հետ:

- Կարծրատիպ կա, որ հաճախ մարդկանց դատում են իրենց հրապարակած բաց լուսանկարներով: Բախվե՞լ ես արդյոք այդ խնդրին։
- Այո, իմ դեպքում էլ է այդպես: Մարդիկ չգիտեն, որ ես համեստ եմ, պարկեշտ: Կարող են նայել իմ լուսանկարները և մտածել, որ բավականին ազատ մարդ եմ: Հիմնական խնդիրները լինում են տղամարդկանց հետ։ Օրինակ՝ կարող են ասել՝ ինչ ուզում ես, կգնեմ քեզ համար, ուղևորության տոմսեր կնվիրեմ, բայց երբ չես պատասխանում, սկսում են վատ բաներ գրել: Ես ինձ ավելի շատ սիրում եմ որպես ուժեղ մարդու։ Չեմ սիրում, երբ ինձ ասում են՝ ինչ սեքսուալ ես, ինչ գեղեցիկ հետույք կամ կուրծք ունես: Ես ինձ սիրում և հարգում եմ, որ իմ կյանքում նպատակ ունեմ, սիրում եմ իմ ներքին հատկությունների համար,և ամենակարևորը, որ հաջողություններս ինձ գոռոզ անձնավորություն չեն դարձրել:  
- Որն ես համարում քո ամենամեծ հաջողություններից մեկը։
- Իմ լուսանկարները հայտնվել են մի կայքում, որտեղ հրապարակում են աշխարհում ամենահայտնի plus size մոդելներին: Ես երազում էի այնտեղ հայտնվելու մասին: Բազմիցս ուղարկել էի լուսանկարներս, բայց չէին արձագանքում։ Մեկ տարի անց ես նրանց կրկին ուղարկեցի իմ լուսանկարները, և վայրկյաններ անց նրանք արձագանքեցին, հրապարակեցին դրանք, և այդպես ես հայտնվեցի այդ կայքում:
Մարդիկ չգիտեն, որ ես համեստ եմ, պարկեշտ,գեր լինելը թերություն չէ.Հայ plus size մոդելն՝ առանց կոմպլեքսների
Մարդիկ չգիտեն, որ ես համեստ եմ, պարկեշտ,գեր լինելը թերություն չէ.Հայ plus size մոդելն՝ առանց կոմպլեքսների
Մարդիկ չգիտեն, որ ես համեստ եմ, պարկեշտ,գեր լինելը թերություն չէ.Հայ plus size մոդելն՝ առանց կոմպլեքսների
Մարդիկ չգիտեն, որ ես համեստ եմ, պարկեշտ,գեր լինելը թերություն չէ.Հայ plus size մոդելն՝ առանց կոմպլեքսների


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր