16:05 - Պետք է որ պատերազմ չսկսվի. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)         15:50 - Սերժ Սարգսյանը նոր օրենքներ է ստորագրել      15:35 - Էրդողանը հայտնել է Սիրիայում քրդերի դեմ հնարավոր նոր գործողությունների մասին    

28 հուլ 2016 16:13

Սեյրան Օհանյանը խոսել է հայկական բանակի առանձնահատկությունների մասին

Սեյրան Օհանյանը դասախոսություն է կարդացել «Ռազմական պատմություն» ամառային դպրոցի ունկնդիրների համար:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 27-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է «Ռազմական պատմություն» խորագիրը կրող ամառային դպրոցի մի քանի տասնյակ ունկնդիրների հետ: Պաշտպանության նախարարը ունկնդիրների համար դասախոսություն է կարդացել՝ նվիրված հայկական բանակի կազմավորմանն ու Արցախյան ազատամարտի ռազմական գործողությունների առանձնահատկություններին: Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները կդառնան ավանդական և կնպաստեն ռազմական պատմության ուսումնասիրմանն ու  գիտական ընթացք տալուն:

«Հայկական բանակի առանձնահատկությունը կարելի է բաժանել 2 խմբի՝ ազգային և ռազմական: Ազգային բնույթի առանձնահատկությունները կայանում են նրանում, որ մենք կարողացել ենք հասնել հաջողությունների հայ ժողովրդի միասնության, ուժի, համախմբման միջոցով: Բանակում ձևավորվեց կառավարման համակարգ և ամրապնդվեց կարգապահությունը: Ինչ վերաբերում է ռազմական առանձնահատկություններին, թեպետ հայկական բանակը երիտասարդ էր և նոր էր ձևավորվում, սակայն մարտական բոլոր գործողությունները կազմակերպվել են համաձայն ռազմական գիտության ժամանակակից պահանջներին»,- ասել է պաշտպանության նախարարը ՝ հավելելով, որ Արցախյան հերոսամարտի ժամանակ շատ են եղել դեպքեր, երբ իրականություն է դարձել «փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու» գաղափարը, երբ դասակի կամ վաշտի ուժերով կարողացել են ծնկի բերել մի ամբողջ զորամասի: Այս առումով նախարարը կարևորել է հրամանատարների անձական օրինակն ու դիրքերի լավ իմացությունը:      
 
Խոսելով զինված ուժերի ժամանակակից մարտահրավերների մասին, նախարարը նշել է, որ այսօր հայկական բանակը գտնվում է բարեփոխումների ակտիվ փուլում և վերջին տարիներին բանակում ներդրված բարեփոխումները, նոր խնդիրների առաջադրումն ու դրանց իրականացումը միայն դրական ազդեցություն են ունեցել զինված ուժերի զարգացման վրա: Այս առումով շեշտվել է, որ բարեփոխումները լինելու են շարունակական:

Դասախոսության ավարտին Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև ունկնդիրների հարցերին:
Հիշեցնենք, որ «Ռազմական պատմություն» խորագիրը կրող դասախոսության  մեկնարկը տրվել էր հուլիսի 1-ին: Դասախոսությունների շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել հանդիպել ռազմական փորձագետների, պատմաբանների ու վերլուծաբանների: Ամառային դպրոցի նպատակն է ծանոթացնել երիտասարդներին հայ ռազմարվեստի և համաշխարհային ռազմական պատմության առանցքային հարցերին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր