16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

30 հուլ 2016 13:43

Լրիվ ուսումնասիրել ֆիզիկական ուժի միջոցներ կիրառած ոստիկանների արարքները

ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Տեսանյութերից և լրագրողների ու այլ անձանց հայտարարություններից պարզվում են, որ վերջին օրերին, մարդկանց հավաքների հետ կապված, քաղաքացիների, այդ թվում՝ մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ, որոշ ոստիկանների կողմից կիրառվել են ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ։
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թույլ է տալիս ոստիկանությանը իրականացնել հարկադրանքի բնույթի լիազորություններ, եթե դրանց իրականացումն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պիտանի են, անհրաժեշտ և չափավոր:
Իզուր չէ, որ միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ կարևորվում են անհրաժեշտության և համաչափության սկզբունքները։ Հարկադրանքի լիազորություն ունեցող պաշտոնատար անձինք միայն այս սկզբունքներով ղեկավարվելիս կարող են ժողովրդի մոտ ձևավորել և պահպանել արդարության զգացումը։
Այս սկզբունքները խախտելու դեպքում, անկախ նրանից, թե ինչ «վեհ» նպատակներով են դրանք խախտվել (օրինակ՝ քաղաքացու կյանքի համար վտանգավոր է ՊՊԾ գնդի մոտ գտնվելը և այդ «շահի» համար նրան պետք է «հիմնավոր» վախեցնել, որ այլևս չվերադառնա), հասարակության մոտ առաջանում են անարդարության, անպաշտպան լինելու, անվստահության և ատելության զգացումներ։ Եվ հաշվի առնելով ապրիլյան քառօրյա դեպքերի համատեքստում դրսևորված մեր հասարակության համարձակ կեցվածքը, թվարկված բացասական զգացումները մարդկանց մղում են առավել ակտիվ գործողությունների։
Ամփոփելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը՝
– դատապարտում է՝ հարկադրական բնույթի լիազորություններ կիրառելիս պիտանիության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքները խախտած ոստիկանների գործողությունները, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու գործողությունները,
– կոչ է անում պատկան մարմիններին՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի և հրապարակային ուսումնասիրել ֆիզիկական ուժ և հարկադրանքի միջոցներ կիրառած ոստիկանների արարքները և մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության.
– զորակցություն է հայտնում լրագրողական համայնքին։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր