18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

17 ապր 2019 15:04

Մանկական ուռուցքաբանությունը այն ոլորտը չէ, որտեղ կարելի է քաղաքական միավորներ հավաքել

Մանկական ուռուցքաբանությունը այն ոլորտը չէ, որտեղ կարելի է քաղաքական միավորներ հավաքելՄանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ճիշտն ասած, չէի ուզում այս հարցով արտահայտվել, մտածելով, որ արտահայտությունը մտածված չի եղել, բայց երբ նույն բանը երկրորդ անգամ է կրկնվում, կարծում եմ պետք է համապատասխան արձագանք լինի: Երեկ, Factor.am-ին տրված հարցազրույցում, առողջապահության նախարարը այս էլ երկրորդ անգամ անդրադարձել է Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին ծխախոտ արտադրողների կողմից տրամադրված օգնությանը՝ համարելով այն անթույլատրելի:

Հիշեցնեմ, որ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին:
Եթե այս հայտարարությունը աներ որևէ հասարարակական կազմակերպության ներկայացուցիչ, դա ինչ- որ տեղ հասկանալի կարող է լիներ, բայց երբ նման հայտարարություններ է իրեն թույլ տալիս առողջապահության ոլորտի պատասխանատուն, այն, մեղմ ասած, անհասկանալի է և անթույլատրելի: Բացատրեմ ինչու: Նախ, ինչպես նշեցի հիմնադրամն այդ գումարները հավաքում է, որպեսզի օգնի քաղցկեղով հիվանդ երեխաներին: Իսկ դա անում է, որովհետև, եթե չանի, երեխաները կմնան առանց դեղորայքի, և դա, կարծում եմ, հասկանալի է, ինչ է նշանակում քաղցկեղի դեպքում:

Այո, բոլորիս էլ հասկանալի է, որ ծխելը վնասակար է, և որ ծխախոտային ինդուստրիան ոչ մի կերպ հրեշտակ չէ և լուրջ վտանգ է ներկայացնում, բայց երբ քաղցկեղով հիվանդ երեխաներին առողջապահության նախարարը կապահովի համապատասխան դեղորայքով և բուժումով, այն ժամանակ կարող է իրեն թույլ տալ բարձրագոչ հայտարարություններ:
Երբ գոնե իր կողմից տրված խոստումին հետամուտ կլինի, և կապահովի գոնե մանկական քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ առաջնային շարքի դեղերը, ինչի մասին հրապարակավ խոստացել էր դեռ համարյա մեկ տարի առաջ, սակայն մինչ օրս տրամադրված դեղերը կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել, այդ ժամանակ կարող է իրեն թույլ տալ այդ մասին խոսել:
Միջազգային կազմակերպություններին ցիտելիս, տեղին է հիշել, որ այդ նույն միջազգային կազմակերպությունները ասում են՝ պետությունը պարտավոր է հոգալ քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրները: Եվ հոգալ բնավ չի նշանակում, իրականության հետ կապ չունեցող ականջահաճո հայտարարություններ անել, թե 50 միլիոն դրամով փորձելու ենք տարեկան 100 երեխա բուժել, մինչդեռ իրականում մեկ երեխայի բուժումը կարող է այդքան արժենալ:
Եվ մեկ հարց էլ է իմ համար շատ զարմանալի, եթե նախարարն անկեղծորեն այդքան մտահոգված էր այդ խնդրով, նա այդ մասին կարող էր հայտնել Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին և միգուցե փորձեր կանխել, իր կարծիքով այդ «անթույլատրելի» գործընթացը, չէ որ նա, իր իսկ համաձայնությամբ, ի պաշտոնե հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Իսկ թե ինչու այդպես չի արել, այլ փորձել է, այսպես ասած, հարցազրույցի ընթացքում «միամիտ» հարցին պատասխանել, թող դա էլ ինքը պատասխանի:
Մի անգամ ասել եմ, նորից կկրկնեմ, մանկական ուռուցքաբանությունը այն ոլորտը չէ, որտեղ կարելի է քաղաքական միավորներ հավաքել, այս ոլորտի վերաբերյալ հայտարարություններ անելիս խորհուրդ կտամ մի փոքր ավել մտածել, նոր խոսել:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր